Երկու իրականություն կամ՝ ապագայի վկաները

0

Ամեն ինչ  խառնվել է։ Աշխարհը հոգեվարքի մեջ է։ Միտքը մթագնել է, բանականությունը  զրկվել է  տարածքից։ Ոչ մեկի ձեռքին ճրագ չկա։ Ոչ մեկը ոչ մեկին չի փնտրում։ Մեկ-մեկ, թվում է ՝ Աստված ինքն էլ է սկսել վախենալ իր իսկ արարածից։ Երկիրն էլի գնում է երկրի վրա, մարդը՝ մարդու…բաժանող չկա։ Բոլորը դիտորդ են, նաև՝ ծափահարող։ Խոսքն իմաստազուրկ է։ Լռելը՝ շնորհ։ Խաղաղությունը՝ թմրանյութ։ Կործանման տանող ճանապարհի կամավոր ընտրություն։

Ապագայի վկաները՛…Պինդ բռնեք նրանց ձեռքը…և դիմավորեք նոր փրկչին…միայն նա կարող է, նա է, որ չգիտի ինչ է պարտությունը, նա է, որ մենակ գնացել է հազարների դեմ…ամենաազնիվը, ամենաանկեղծը, ժողովրդի մասին եզակի մտածողը…վեհը՛…ընտրյալը՛…ուղարկվածը՛…

Տիրոջ դեմ գնալը մեղք է…

Դժոխքի կրակները կմոխրացնեն ձեզ, գիշատիչ թռչունները կփորեն ձեր աչքերը, չեք զգա արևի ջերմությունը, սելավները կքշեն-կտանեն ձեր տներն ու  գերեզմանները…

Մի՞թե սարսափելի չէ…

… Երբ չես տեսնում թշնամիներիդ…երբ կորցնում ես հոտառությունդ…ճամփորդի զգացողությունը…

Որտե՞ղ ես… վախենում եմ ասել՝ մնացել ես դրսում…և ով ուզի, կարող է քարկոծել քեզ, կախաղան հանել, ստիպել տկլոր պարել կատաղած ամբոխների առաջ, գովերգել թշնամիներիդ…

Ինչքա՛ն տխուր է… թա՛նձր է ամոթը…և թաքնվելու տեղ չկա։ Մեր ատելությունն ու արհամարհանքը մեզ են  հոշոտում, ո՜չ թշնամուն, անիծում ենք մեր ցեղակցին, էլի՝  ո՜չ թշնամուն, հալածում ենք մեր մերձավորին և կրկին՝ ո՜չ մեր թշնամուն…

Թալանվում ենք, դատարկվում, մնում մենակ… ընդամենը մի հարցի հետ՝ ինչո՞ւ, մեր ո՞ր մեղքի համար…Այդպես՝ միշտ, բոլոր ժամանակներում…Ո՞վ է հերոսը, որտե՞ղ է առաջնորդը…

Իսկ ժողովուրդը շարունակում է ընտրել բարաբային…Խաչվողը միշտ էլ Աստծո որդին է…

Նորանոր կազմակերպություններ, հանձնաժողովներ, բոլորից դժգոհողներ,  խորհուրդներ, օգնականներ, շա՛տ, չթվարկվող, հաճախ  բանականության  դաշտից դուրս։  Եվ բոլորն էլ բոլորի դեմ, իրար նետահարող…Եվ ամենաօգտագործվող բառը՝ դավաճան, նախկիններ, անընդհատ, միշտ՝ նախկիններ ու դավաճան…փողոցային բառամթերք ամենաբարձր ատյաններում…ով՝ ավելի կոշտ, ավելի շատ, ավելի լկտի, ավելի բարձր…Տիկնայք ու պարոնա՞յք…այդ դո՞ւք եք…Քիչ էր մնում չճանաչեի…շատ եք  փոխվել…իրարից չեմ տարբերում…Եվ ուրեմն՝ կեցցե՛ն տղամարդ կանայք…ինչքան շատ, այնքան՝ լավ…Փրկությունը դրանից է…Եթե համաձայն չեք, ասեք, որ համաձայն չեք, ձայն հանեք, արտահայտվեք, նոր միություններ ստեղծեք, մի նոր  հանձնաժողով՝ ասենք հենց ժամանակակից բառամթերքով ու խոսույթով զբաղվող… տղամարդ կանանցից ու տղայական պահվածքով հասուն այրերից կազմված…

Չե՞ք     մոռացել, չէ՞, երկիրը…

Իսկ ասկյարն  արդեն ներսում է, տանդ մեջ, կողքիդ ու հոխորտում է, ուշունց է տալիս, քեզ համարում է վախկոտ, շուն, անտեր ու անտուն։  Մի ժամանակ զինվորիդ առաջ չոքած, լացող, իր գերագույն գլխավորին  հայհոյող-անիծող նույն ասկյարը…Չասե՞մ մեղավորը դու ես, միայն ու միայն դու…Հանկարծ չփորձես ինձ համոզել, որ այսօրվա  ասկյարը 90-ականների ասկյարը չէ, որ փոխվել է, դարձել է  հատուկ ջոկատային, անցել է զորավարժություններով, ռազմական կթություն է ստացել արտասահմաններում, որ այսօրվա ասկյարը կապ չունի նախկինների հետ, որ սա նոր թուրք է, նոր սերնդի  ներկայացուցիչ, նոր գաղափարներով ու գիտելիքներով զինված…Չփորձես, ես հավատացողը չեմ։ Գիտե՞ս ինչու, որովհետև հարյուր տարի էլ անցնի, նա մենակ չի գրոհելու քո տունը, քո բնակավայրը, քո ԵՐԿԻՐԸ…Նա մենակ չի կանգնելու քո առաջ…չի փոխվելու նրա ոհմակային մտածողությունը…Հազարից մեկն, իհարկե, հնարավոր է, ամեն տեղ էլ բացառություններ լինում են, բայց որ քեզ հրավիրի մենամարտի, տեսնեմ էլ, չեմ հավատա, հավատացի՝ կնշանակի ես դրան երբեք չեմ ճանաչել ու չեմ ճանաչում։

Այդ դու ես դրան, կներես, դարձրել չգիտեմ ինչ ու բարձրացնում ես ձեռքերդ, հանձնվում ես, թույլ ես տալիս հոշոտել ունեցածդ, քեզ կտակվածը, թույլ ես տալիս ծաղրել քեզ, արհամարհել…վերջնագիր ներկայացնել…

Վախենո՞ւմ ես։ Իրավունք ունես չպատասխանել։ Կարող ես, նույնիսկ, մեղադրել ինձ՝ քեզ այսպես, օրը ցերեկով, միջազգային հանրության աչքի առաջ  վիրավորելու համար։ Բայց այդպես դու նաև քեզ ես մեղադրելու։ Ի՞նչ տարբերություն՝ ես, դու, նա, մեր ազգակից-ցեղակիցները, Արցախում, Հայաստանում, օտար երկրներում…Մեր տաս միլիոնից յուրաքանչյուրը մեղավոր է, տաս միլիոնից ոչ մեկը չի փորձել փակել իր բերդամրոցի դարպասները…Տաս միլիոնը հեռացել է ԵՐԿՐԻՑ և, ամենաողբերգականը, վախենում է վերադառնալ…

Չէ, ես այստեղ եմ, եղբայրս էլ, բարեկամս, մտերիմներս…ընկերներս…մանկությունս, հիշողությունս ամբարած պապս։ Մենք…Եվ խնդրում-պահանջում եմ՝ չհամարձակվեք հարցնել  ինչ ենք անելու, երբ թշնամին կրկին գա մեզ վրա։ Եվ, մի բան էլ, հրամանի նման, մեր փոխարեն որոշում չկայացնել։ Հետո չասեք՝ չեք զգուշացրել…

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Տարածել

Պատասխանել