ՎԱՆԻԿ ՆՈՎԻԿՈՎ | Անուն բարձր ու վսեմ

0

Յուրաքանչյուր ժամանակաշրջանում ասպարեզ են իջնում այնպիսի հզոր անհատներ, որոնց մեջ մարմնավորված են իրենց ժողովրդի ստեղծագործական լավագույն հատկանիշները, իսկ իրենք մի յուրօրինակ կամուրջ են հանդիսանում ժողովրդի հոգևոր անցյալի, ներկայի ու ապագայի միջև: Հայ գրականության մեջ այդպիսինն էր Եղիշե Չարենցը: Ծնվելով հայ ժողովրդի համար բախտորոշ մի ժամանակաշրջանում, նա եկավ միավորելու և ամփոփելու Մովսես Խորենացուց մինչև իր ժամանակաշրջանը եղած գրական ողջ ժառանգությունը: Միաժամանակ ստեղծելու ապագային միտված գրականություն: Նա իր հախուռն և հակասական կերտվածքով եկավ դառնալու իր ժողովրդի խոսափողը, իր ողջ էությամբ ձուլվելով իր ժամանակին և ինչպես ինքն էր ասում` իր ժամանակի շունչը դարձավ:
Մարտի 13-ին լրացավ Չարենցի ծննդյան 115-ամյակը: Դրան նվիրված գրական-գեղարվեստական ցերեկույթ էր կազմակերպվել Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում:
Բանաստեղծ Վարդան Հակոբյանը բացման խոսքում նախ հայտնեց, որ 2012 թվականը չարենցյան տարի է համարվում: Այնուհետև նա անդրադարձավ Չարենց բանաստեղծի ստեղծագործության և կերպարի առանձնահատկություններին` կարևորելով նրա դերը հայ գրականության պատմության մեջ. «Չկա գրական որևէ իրադարձություն, որտեղ չանդրադառնանք Չարենցին: Նա միշտ կիսել է մեր ժողովրդի ճակատագիրը` իր մեջ խտացնելով այն բոլոր լավագույն գծերը, որն ունի հայ ժողովուրդը: Լինելով բարդ ու հակասական անձնավորություն, Չարենցի ներքին բախումների արդյունքում հայ գրականության անկրկնելի գոհարներ ստեղծվեցին, և վերջապես Չարենցն էր, որ կարողացավ բանաձևել հայ ժողովրդի գոյության փիլիսոփայությունը` միասնություն պատգամելով նրան: Նա կարողացավ լավագույնս համատեղել հայ գրականության ավանդական ու նորագույն ձեռքբերումներն իր ստեղծագործություններում, որն արտացոլվեց հատկապես նրա տաղերում և ռադիոպոեմներում»,- ասաց Վարդան Հակոբյանը:
Հայ ժամանակակից գրող, հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանը նշեց, որ Չարենցն իր համար ավելին է, քան միայն պոետ և արձակագիր: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ Երևանում տպագրության է պատրաստվում Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը` ռուսերեն և հայերեն տարբերակներով: Ցավոք, այսօր քչերին է հայտնի, որ Չարենցն այդ գլուխգործոցը գրել է հայրենի Կարսի այն դեպքերի և իրադարձությունների մասին, որոնք ծավալվել էին քաղաքի անկման նախաշեմին: Նա խոսեց նաև Չարենցի ողբերգության մասին, փաստելով, որ ստալինյան բռնապետությանը զոհ գնացած 60 միլիոն մարդիկ լուսավոր ու պայծառամիտ փիլիսոփաներ էին մեծամասամբ: Չարենցին քաջ հայտնի էր, որ այդ բռնարարքները չեն շրջանցելու նաև իրեն, ուստի նրան անհանգստացնում էր նաև իր երկու դուստրերի ճակատագիրը: «Ամենասարսափելին այն է, որ ցայսօր չի հաջողվել գտնել Չարենցի շիրիմը, չնայած ակտիվ փնտրտուքներին»: Վերջում Զորի Բալայանը վերհիշեց Չարենցի 80-ամյակի կապակցությամբ ռուս նշանավոր գրող Եվգենի Եվտուշենկոյի արտասանած խոսքերը Չարենցի մասին.
… Առանց Հայաստան չկա Չարենց,
Առանց Չարենց չկա Հայաստան:
Միջոցառումն ընդմիջվում էր «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ուսանող-ուսանողուհիների ասմունքով, որի ընթացքում Չարենցի լավագույն ստեղծագործությունները ներկայացրին Միքայել Անդրեասյանը, Ժաննա Բաղդասարյանը, Լիլիթ Ավետիսյանը, Թամարա Բրինդինան, Գոհար Ավանեսյանը, Դիանա Սևյանը և ուրիշներ:
Ներկաներին չարենցյան իր գեղեցիկ ասմունքով հիացրեց խոսքի վարպետ, բանաստեղծ Վարդան Հակոբյանը:
Բանաստեղծուհի Ժաննա Բեգլարյանը խոսեց Չարենցի մեծ սիրո` Արփենիկ Չարենցի մասին, ով բանաստեղծի համար ոգեշնչման աղբյուր է եղել ողջ կյանքի ընթացքում: Չարենցը շատ ծանր է տարել սիրելի կնոջ կորստի ցավը, որն արտացոլվել է նրա բազմաթիվ բանաստեղծություններում: Նրա այդ բուռն ապրումներից ծնվեցին գրական անկրկնելի գոհարներ:
Բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծուհի Տաթևիկ Սսղոմոնյանը ներկայացրեց չարենցյան իր աշխարհընկալումը` նշելով, որ նա այն եզակի բանաստեղծներից էր, որի պոեզիայի բազմաշերտ տարածությունը երբեք չի սպառվում, այլ առեղծվածային ծալքերով անընդհատ բացվում է ու տարածվում` աստիճանաբար նոր երանգներ ու պատկերներ բացելով ընթերցողի առաջ` նոր գաղափարներով ու ասելիքով հագեցած:
Չարենցի «Գիրք իմացության» աշխատության գեղարվեստական առանձնահատկություններն ու արժանիքները ներկայացրեց «Գրիգոր Նարեկացի» համալսարանի բանասիրության ամբիոնի դասախոս Ամալյա Գրիգորյանը: Գրքի բովանդակության հիմքում Չարենցի խոհափիլիսոփայական մտորումներն են մարդ-անհատի և աշխարհի իմաստունների մասին` մասնավորապես Հաֆեզի, Ֆիրդուսու և Սայաթ-Նովայի… Չարենցը առանձնակի սիրով է խոսել Հովհաննես Թումանյանի գրական ժառանգության մասին:
Բանաստեղծ Ռոբերտ Եսայանը նշեց, որ Չարենց երևույթը կարելի է բնութագրել միայն մեկ բառով` Հանճարեղ: «Նա դարձավ խոսքի մեծ վարպետ` ստեղծելով իր գրական դպրոցը, հարստացնելով մեր բազմադարյան գրականությունը»:
Չարենցը վաղ տարիքում մտավ գրական ասպարեզ: Տասնհինգ-քսան տարեկան հասակում նրա գրած ստեղծագործություններն, իրավամբ, համաշխարհային դասական գործերի շարքին կարելի է դասել: Իր ապրած կյանքով և թողած գրական ժառանգությամբ Չարենցն ամփոփեց մեր անցյալի գրական հարուստ ժառանգությունը` նախանշելով հայ գրականության վաղվա օրը:

Տարածել

Պատասխանել