Քնար Գրիգորյան / Գիտական եզակի կենտրոն Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում

0

Այս տարվա մայիսի 11-ին Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանում տեղի ունեցավ Արեւմտահայերէնի, հայագիտութեան գիտահետազօտական Լուտովիկա եւ Յակոբ Այնթապլեան կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ՀՀ ԳՄ նախագահ, բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդուարդ Միլիտոնյանը, ԵՊՀ փիլիսոփայության, տրամաբանության և հռետորիկայի ուսումնական մասի վարիչ, փլիսոփայական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը, բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ Էդոյանը, բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հակոբ Մովսեսը, բանաստեղծ Մովսես Մանուկյանը, ճանաչված գրողներ, գիտնականներ, մշակույթի բնագավառի ներկայացուցիչներ, դասախոսներ և ուսանողներ:

Բացման խոսքում Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր, ԱՀ ԳՄ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վարդան Հակոբյանն ընդգծեց բուհում գիտահետազոտական կենտրոնի անհրաժեշտությունը, կենտրոն, որն իր տեսակի մեջ միակն է տարածաշրջանում: Նման կենտրոնի ստեղծումն իրագործվեց ամերիկահայ անվանի սրտաբան, բանաստեղծ ու բառարանագետ Յակոբ Այնթապլեանի և նրա տիկնոջ՝ Լուտովիկա Այնթապլեանի հայրենանապաստ գործունեությամբ և բարեգործությամբ: Վ. Հակոբյանի հավաստմամբ՝ կենտրոնը կնպաստի մեր լեզվի երկու ճյուղերի փոխհարստացմանը, մայրենիի զարգացմանն ու ազգային միաբանությանը: Կենտրոնում դասախոսություններով հանդես են գալիս ինչպես Արցախի, մայր Հայաստանի, այնպես էլ արտերկրից հրավիրված լավագույն մասնագետներ, գիտության, արվեստի և մշակույթի անվանի դեմքեր:
ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ հայագիտական կարևոր այս նախաձեռնության իրագործումն Արցախի համար անչափ կարևոր է, չէ՞ որ 30 տարի առաջ սկիզբ առած Արցախյան ազգային-ազատագրական պայքարը ևս հայապահպանության դրսևորում էր: Նախարարն առանձնացրեց, որ կենտրոնի բացումը նշանավորում է հայագիտության կարևորությունը, ինչպես նաև ուսանողների ներգրավվածությունը գիտահետազոտական աշխատանքներում, ինչը մշտապես եղել է և կմնա նախարարության ուշադրության կենտրոնում: Նարինե Աղաբալյանը կենտրոնին նվիրեց Սարգիս Արքեպիսկոպոս Ջալալյանցի «Ճանապարհորդություն ի մեծն Հայաստան» բարձրարժեք գիրքը:
Շնորհավորական իր տեսաուղերձում, որը հեռարձակվեց էկրանից, դոկտոր Յակոբ Այնթապլեանը շեշտեց՝ պատահական չէ, որ կենտրոնի բացման գաղափարն իրագործվում է Արցախում, Մեսրոպ Մաշտոցն առաջին դպրոցներից մեկը հենց Արցախում է հիմնել, և այսօր մեծն քերթող Նարեկացու անունը կրող համալսարանում «Մատյան ողբերգության» պոեմը գրաբարով կարդալու կարողությունն արդեն իսկ ճշմարիտ հայ լինելու առհավատչյա է:
– Հայագիտությունը հսկայական մի քուրա է,- իր ելույթն այսպես սկսեց ՀՀ ԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը,- և խորհրդանշական է, անշուշտ, Արցախն առաջիններից մեկն է տեր կանգնում արևմտահայերենին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրանցված է ոչնչացման եզրին գտնվող լեզուների շարքում: Համոզված լինելով, որ Արցախում այս քայլերը շարունակական բնույթ են կրելու, նա ասաց, որ հայապահպանման բնազդը խորն է յուրաքանչյուր հայի հոգում, բայց հայագիտության ուսումնասիրությունն առաջին հերթին պիտի կրի գործնական բնույթ, ինչի սկիզբն ազդարարվեց այս կենտրոնի բացմամբ: Է. Միլիտոնյանը պատրաստակամություն հայտնեց օժանդակելու կենտրոնի կայացման գործին:
Քաղաքագետ Ա. Մանասյանը արժևորեց հայագիտության ուսումնասիրության քաղաքական նշանակությունը և ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հենց արևմտահայերենն ու Արցախի բարբառն են հարազատ մնացել գրաբարյան ընդհանուր արմատին: «Պատերազմող Արցախում՝ կրակի առաջին գծում,- ասաց Ա. Մանասյանը,- հայագիտական այսպիսի կենտրոնի գործունեությունը հայոց անկոտրելի ու բարձր ոգու մասին է վկայում»:
Հենրիկ Էդոյանի խոսքով՝ բոլոր լավագույն իրադարձությունները հայ ժողովուրդը մայիսին է տոնում, և այդ ցանկն այսօր համալրվում է ևս մեկով: Բանաստեղծի համոզմամբ՝ Արցախն իր ուսերին է վերցնում մի մեծ առաքելություն՝ ցույց տալով հայ ժողովրդի միասնությունը, որը դրված պիտի լինի գիտական և գաղափարական հիմքերի վրա:
Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Դոնարա Գաբրիելյանն իր ելույթում խոսեց ուսումնական հաստատությունների համագործակցության մասին, քանի որ նրանց ջանքերը ծառայում են նույն վեհ գաղափարի իրագործմանը՝ մատաղ սերնդի բարոյահոգեբանական ու հայրենասիրական դաստիարակությանը: Դ. Գաբրիելյանը կենտրոնին նվիրեց «Հայաստան. ՀՀ և ԼՂՀ» գիրք-հանրագիտարանը:
– Գրիգոր Նարեկացի համալսարանում գիտահետազոտական կենտրոնի ստեղծումը,- ասաց ԱրՊՀ պրոֆեսոր, անվանի լեզվաբան Օֆելյա Բաբայանը,- ոչ միայն գեղեցիկ, այլ նաև համարձակ ու խիզախ քայլ է, որը խոսում է բուհի ձեռքբերումների մասին, մանավանդ՝ ժամանակակից բարձրագույն ուսումնական հաստատություններին ներկայացվող բարձր պահանջների պայմաններում: Երևույթն, իսկապես, դրվատանքի է արժանի:
Նորաստեղծ գիտական կենտրոնի տնօրեն, Գրիգոր Նարեկացի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց կենտրոնի հովանավորներին և ներկաներին՝ ջերմ մաղթանքների համար, պատմեց կենտրոնում գործող հայագիտական դասընթացների, ծրագրերի ու անելիքների մասին: Հայագիտական դասընթացները կենտրոնում իրականացվում են անվճար հիմունքով, 5 առարկաների ուսումնասիրությամբ՝ գրաբար, արևմտահայերեն, արևմտահայ գրականություն, սփյուռքահայ գրականություն և հայկական հարցի պատմություն: Դասընթացներն ավարտելուց հետո մասնակիցները կստանան համապատասխան վկայականներ: Կենտրոնը հագեցած է տեխնոլոգիական սարքավորումներով և անհրաժեշտ գրականությամբ, ինչը հնարավորություն է ընձեռում նորարարական մեթոդներով ուսուցումն իրագործելու համար:
Դասընթացի մասնակիցների անունից շնորհակալական խոսք ասաց Աննա Ավանեսյանը: Միջոցառումը եզրափակեցին դասընթացի մասնակիցներ Անգելինա Առուստամյանը և Անուշ Եսայանը, նրանք արտասանեցին Ե. Չարենցի «Տաղ անձնական» և Դ. Վարուժանի «Ձոն» բանաստեղծությունները:
Հայագիտությունն ընդգրկում է աղբյուրագիտական, լեզվաբանական, գրականագիտական և այլ կարևոր բաղադրիչներ, ինչն արժևորում է նրա տեղն ու նշանակությունը համաշխարհային գիտական մտքի մեջ և հայ ժողովրդի հոգևոր կյանքում: Այս առումով Գրիգոր Նարեկացի համալսարանի Արեւմտահայերէնի, հայագիտութեան գիտահետազօտական Լուտովիկա եւ Յակոբ Այնթապլեան կենտրոնը աննախադեպ երևույթ է հայագիտության արդիական խնդիրներն ուսումնասիրելու ասպարեզում:

«Գրական թերթ»
թիվ 16 (3381), ուրբաթ,
18 մայիսի 2018թ.

Տարածել

Պատասխանել