Մանուշ Առուշանյան / Անձրևը համբույր է թողել մայթեզրին

0

Մանուշը բանաստեղծուհի է, դեռևս՝ սկսնակ: Կարևորը` նա աշխարհին բան ունի ասելու և ուզում է իր ձայնով ասել, ավելին` իր խոսքի ազդեցությանը ապավինած` ցանկանում է աշխարհի գութն ու բարությունը շատացնել: Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում նրա ձայնը դառնալու է ավելի վստահ, իսկ քայլքը` հաստատուն ու պինդ, քանի որ Մանուշը երկար ճանապարհ ունի գնալու: Պառնասի ուղին վերձիգ է, դժվարին: Բարի երթ մաղթենք նրան:
                                                                                                                                                               ՄԱՐՏԻՐՈՍ ՈԲՆ
***
Անձրևը համբույր է թողել մայթեզրին
Ու մի ջրափոս` կարոտով լցված:
Քամին ծառերի հևոցն է թողել
Ու մրսած թփեր:
Գիշերը խոնավ թախիծ է թողել իմ պատշգամբին
Ու լիալուսնից մի փոքրիկ պատառ:
Աշունը սիրո մինորն է կախել վառվող լապտերից…
Երջանկությունս գուցե սխալմամբ ուրիշն է գտել…
Անձրևը համբույր է թողել մայթեզրին,
Գնամ՝ տուն բերեմ…

***
Գիշերը նայում է ուղիղ աչքերիս մեջ,
Ես աչքերս փակում եմ,
Որ հոգիս չերևա…
Ամոթից շիկնում եմ, վառվում եմ մեկեն,
Ես դեմքս փակում եմ` Ամոթս չերևա…
Մատներիս քնքշանքի լույսեր են ծնվում,
Ձեռքերս փակում եմ ամոթի քողով`
Սերս չերևա…
Ծածկում եմ թախիծս, Հույսս եմ ծածկում,
Ծածկում եմ մթան թանձր շղարշով…
Ծածկում եմ, Սակայն ապարդյուն.
Գիշերն ամեն բան հանում է ի տես…

***
Ձյան վրա մեր ոտնահետքերն են`
համաչափ ու թևանցուկ,
որ ձգվում են մեր բակից մինչև ձեր
տուն տանող նեղլիկ փողոցի սկիզբը:
Այնտեղ ոտնահետքերն ուղիղ կես են դառնում:
Ես ամեն գիշեր քայլում եմ մեր
բակից մինչև այդ նեղլիկ փողոցն
ու չեմ հասկանում` ում հետքերն են անհետանում…

***
Արևահամ մանկությունս կուչ է եկել,
Սեղմվել հույզերով ու ննջարանիս պատի տակ
տաքուկ նստել է այդպես,
Կարոտախաղ է.
Գտնողը ես եմ.
Պարտվողը` ես…

***
Գիշերամուտին, աստղաթափի հետ ես ու դու պարենք,
Ձուլվենք գիշերին ու այնպես
պարենք,
Որ ամեն քայլից ուշաթափ լինեն
աստղեր ու լուսին,
Ու այնպես պարենք,
Որ երկինքներից ծիծաղներ թափվեն
մեր աչքերի մեջ,
Ու այնպես պարենք,
Որ ծաղիկները ամոթից շիկնեն,
դառնան խարույկներ` գիշերակեսի,
Որ խարույկներից սեր բոցավառվի
Ու, որ վարակի երկրագունդն անսեր…
Պարենք` ինքնամփոփ,
Աստղազարդ պարենք…
Պարենք` երկուսով,
Կարոտով պարենք…

«Եղիցի լույս»,  2017
Թիվ 01-02 (175-176)

Տարածել

Պատասխանել