«Եղիցի լույսի» հատուկ թղթակից / «Ես իմ գրքով «ոչ» եմ ասել պատերազմին»…

0

Հոկտեմբերի 19-ին Գրիգոր Նարեկացի համալսարանի Արևմտահայերենի, հայագիտության գիտահետազո-տական Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան կենտրոնում տեղի է ունեցել արձակագիր, լրագրող, արցախյան շարժման գործիչ Մարսել Պետրոսյանի 70-ամյա հոբելյանին նվիրված գրական միջոցառում:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը: Շնորհավորելով հոբելյարին՝ նա առանձնապես կարևորել է գրողի մանկապատանեկան ստեղծագործությունների գործառնական նշանակությունը, որոնք ունեն ճանաչողական, ուսուցողական և դաստիարակչական մեծ նշանակություն: Գրողի ստեղծագործություններից պարզ երևում է, որ նա լավ է հասկանում մանուկների աշխարհը:
«Տարիների ընթացքում ես տեսա, որ մանկական արձակի մեջ Մ. Պետրոսյանը ուրույն քայլեր է անում: Հեղինակը տարիների ընթացքում հրատարակել է յոթ հեքիաթների և պատմվածքների ժողովածու: Վերջերս հրատարակվել է նաև «Վարուժանը, տատիկը և պատերազմը» գիրքը, որտեղ գրողը պատմում է արցախյան պատերազմի մասին»,-իր խոսքում մասնավորապես ասել է Վ. Հակոբյանը:
Բանաստեղծ Արկադի Թովմասյանի խոսքով Մարսել Պետրոսյանն արցախյան պայքարի առաջամարտիկ եղել է դեռևս այն ժամանակ, երբ դեռ պատերազմ չկար:
«Ընթերցելով նրա կենսագրությունը՝ նկատում ենք, որ ամենուր Մ. Պետրոսյանը եղել է գաղափարի առաջամարտիկ: Նրա ամեն մի ստեղծագործությունում նոր ասելիք կա: Նա չի կրկնում ոչ ինքն իրեն և ոչ էլ ուրիշներին»,-նշել է Ա. Թովմասյանը:
Արձակագիր Կիմ Գաբրիելյանն ընդգծել է, որ մանկական աշխարհը Մ. Պետրոսյանի տարերքն է: Նա ունի հարուստ բառապաշար և ինքնուրույն ոճ: Գրողը զարմանալիորեն կարողանում է համադրել յուրաքանչյուր բառ ու միտք:
Հոբելյանական միջոցառմանը Գրիգոր Նարեկացի համալսարանի սաները ներկայացրին գրողի ստեղծագործություններից հատվածներ:
Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ հոբելյարը, ով մասնավորապես ասել է. «Որպես լրագրող՝ ես երկար տարիներ հանրային ռադիոյում աշխատել եմ հայ մեծ մանկագիր Գուրգեն Գաբրիելյանի հետ: Գրական փորձերս սկսել եմ հենց այդ տարիներին: Իմ առաջին ստեղծագործությունն է «Հայրիկի հրաշքը»: Ստեղծագործություններիս հերոսները եղել են իմ երեխաները, թոռները: Երեխաների մասին և նրանց համար որևէ բան գրելիս ես հաճույք եմ ստանում: Որպես քաղաքացի, լրագրող, մանկագիր ես ձևավորվել եմ հանրային ռադիոյում աշխատելու տարիներին: Առաջին գիրքս տպագրել եմ արցախյան պատերազմի թեժ տարիներին՝ 1992 թվականին: Ես իմ գրքով մերժել և «ոչ» եմ ասել պատերազմին: Գալիք տարում տպագրության եմ պատրաստում ավելի ծավալուն աշխատանք, որը կլինի դետեկտիվ ժանրի ստեղծագործություն»:
Հոբելյարը Արցախի գրողների միության կողմից պարգևատրվեց դրամական պարգևով:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ գրողների միության անդամներ, լրագրողներ, դասախոսներ, ուսանողներ:

«Եղիցի լույս»
Թիվ 10-11 (189-190) 2018

Տարածել

Պատասխանել