Արտաշես Ղահրիյան / Հոգու ելևէջումներ

0

* * *
Հոգնել եմ ինձնից, լռվել ու հանգել,
Իշխանագետում տրտմագին կանգնել՝
Ալյաց մրմունջն եմ մեղմ հանգավորում,
Որպես թե վերջին տող ու մտորում:
Ո՞վ եմ եղել ես՝ անհայտ ճամփո՞րդ մի,
Որ թափառում էր քուն թե արթմնի՝
Գտնելու այն, ինչ գուցե և չկա,
Բայց հուշում է քեզ, թե ինքն է ու կա:
Կանգ առ, ընկեր իմ, իմ Իշխանագետ,
Ալյաց մրմունջում լռին ու վետ-վետ
Մի պահ թող գտնեմ վերջին իմ տողը,
Որ ի լուր առ իս պարզեմ իր շողը…
Կա այն, ինչ չկա իմ փնտրտուքում,
Իմ գետն է հուշում խորունկ իր մտքում,
Թե որ կարեցար հանգավորել այն՝
Հևքդ ջրերի կանչին լռելյայն…

* * *
Էն ժամանակ մենք ձիավոր տղերք,
Թեղու մեծ տափում՝ ասես անեզերք,
Չափ էինք ընկնում՝ անգետ դեպի ո՞ւր,
Դեպի հեռավոր ո՞ր տենչը մեր զուր…
Նրանք՝ ձիերը, վարգում խելահեղ
Վրնջում էին՝ շունչները հեղ-հեղ,
Գուցե գիտակ, որ արդեն տասներեք՝
Ոգեղինում ենք մեր երկիր-եզերք:
Ցնծում էր տափը, Թեղին թև առած,
Երկնի լազուրը հովանի արած,
Ծփում էր՝ ճյուղքը կանաչ
հրճվանքում,
Թե՝ ի՜նչ բախտ է մեզ տրված էս կյանքում:
Ձիերը գիտակ… մենք անգետ եղած՝
Չափ ընկանք աշխարհ՝ մեր տենչը շեղած,
Արդ՝ Թեղին էլ իր տափում միայնակ,
Լռին խոկում է մտքերում անկյանք…

* * *
Ի՞նչ օր կլինի վաղը, չգիտեմ,
Ողջ գիշերն այս անքուն կըմտեմ՝
Ունկս խոր հանգած անհայտությանը,
Շունչս անսպառ խուլ մթությանը:
Ո՞ւմ պարտք կլինեմ արևածագում,
Իմ կիսատ խոսքում թե վարքուկարգում,
Ողջ մարդկությունը ի՞նձ է նայելու,
Ինչպես աղավաղ աչքը հայելու:
Չէ, մըտիր քանի անվերջ գիշեր է,
Դատիր ինքզինքդ, ելիր հուշերե,
Այնտեղ կծագի վաղ օրվա լույսը,
Որպես շնչավոր քո վարքն ու հույսը…

* * *
Երազում եմ չգիտեմ ինչ,
Գուցե մի բան, գուցե ոչինչ,
Որ չի բերի էլ հոգու նինջ,
Բայց կլինի խաբկանք մի ջինջ…
Մնամ գերված ջինջ խաբկանքում,
Երազանքի տառապանքում,
Ո՞վ է հասել հեռու իր ափ,
Ով ողողվել խինդով անափ:
Գիտեմ միայն, որ գնում եմ,
hոգս ու ցավից հեռանում եմ,
Երանի չէ՞ ծնկեմ մի տեղ,
Ու՝ վե՛րջ, ասեմ անհոգ, անմեղ:
Աշխարհն այս թեև հոգնած,
Մեղք ու ցաված, բայց անհոգված,
Կանչում է դեռ՝ լինենք անքուն
Թեկուզ չնչին երազանքում…

* * *
Ինձ ասում են, թե ինքնաճանաչ չեմ,
Դարձ-դարձ եմ՝ իբր ձեզնից չամաչեմ,
Որ դուք խորասույզ քննում եք վարքս,
Չկարգավորվող ապարդյուն ջանքս:
Դուք ինձ հուշում եք՝ անզիջում եղիր,
Ջանքավորվելդ երբեմն շեղիր,
Կենսավորելդ կառնեն լռելյայն,
Զրույցում կասեն՝ մեղք է, ձեռնունայն:
Չէ, երևի ես ինքնաճանաչ եմ,
Ինչ կա, բոլորին թող ընդառաջեմ,
Իմ վարքուկարգը ընծա ամենքին,
Թեկուզ պարտք մնամ ինքս իմ ջանքին:
Լինեմ ինձ ու ձեզ հուսո պատվար-վեմ,
Մի հուշեք, թողեք ես ինքս լինեմ,
Իմ ճիշտը թող ձեր սխալը լինի,
Ձեր ճիշտը ոգիս առինքնող գինի…

* * *
Ընկերս մեռավ… ութսո՜ւն տարեկան,
Ինձ էլ հարցնում են. «Դո՞ւ ինչքան եղար»,
Ասում եմ՝ «Ութսունմեկս լրացավ,
Բայց հենց ետդարձս եղավ վերից վար,
Էլի ութսունում կհանգչեմ անցավ»:
Կատակ չէ, հավատ ընծայեք լրջմիտ,
Հավելյալ տարիքն իմ հաշվի մեջ չէր,
Զի ինչո՞ւ ձգել կարոտանք անմիտ,
Որպես թե առնեմ վաղվա շունչ ու սեր:
Վաղերն անցել են, բավ է երկնչել,

Վերից վար ի՞նչ շունչ կամ թե անրջել,
Ոչ մի շնչավոր չի ձգում իրեն,
Իմ ժամն էլ թող մնա ինքնիրեն…

* * *
Կաղնուտ ծմակի քամհար բարձունքում,
Ամառնամուտի ոսկե արբունքում
Կենտ մի օր, մի ժամ եղա հմայքում,
Ձի՜գ տասնամյակներ՝ անհագ զարմանքում…
Մեր Եղնիկ կովը ծմակում ծնել,
Հոգնատանջ ու մեղք կանգնած էլ քնել,
Ասես որ հորթին հաջողի սնել,
Մզզում էր, կանչում՝ ասես «բալիկ, ել»:
Հոգնած, քնած էր բալիկն էլ անզոր,
Ունկնդիր կանչին հեռո՜ւ-հեռավոր,
Կաթնածուփ կուրծն էր ցավում մեղմօրոր.
«Սպասիր, մայրիկ, մի ժամ ու մի օր»…
Եվ՝ արմանք-զարմանք, Եղնիկն անտեղյակ,
Որտեղի՞ց մեկ էլ հառնեց նրա տակ
Կխտարի հորթուկն աստվածաառաք,
Քամեց լիք կաթը հորդահոս ու տաք,
Արթնություն բերեց մոր աչքերին փակ…
Տասնամյակներ անց զարմանքս անշեջ
Դեռ կայծում է հին հրճվանքով մեջ-մեջ…
Կենսավորել է մայր ծմակը պերճ,
Քամհար բարձունքի զրույցն անվերջ…

ՔԵԶ
Զուլալ աղբյուր բխած հողից,
Ինչպես հույսը կապույտ շողից,
Ջինջ թրթիռը սիրո դողից,
Որ կայծում է այրող պողից…
Դու ես՝ ծարավ սիրտս գերած,
Շողդ խորքս լույսով մերած,
Կամ բորբոքիր դողքս սերված,
Կամ հանգցրու հևքս լեռված:
Միայն, միայն կներես, որ
Այս մշուշված հույսում մոլոր
Դեռ տենչագին կանչ տամ անբառ
Տեսլաժամիդ ցաված մի բառ…

ՍԻՐՈ ՀՈՒՇԵՐԻՑ
Չեղա հողեղեն, եղա երկնային,
Մնացի սիրո բավիղներում հին,
Նա ինձ ասել էր. «Գնա, ինչ անեմ,
Թեև չեմ կարող ինձ քեզնից վանեմ»:
Տարիներ անցան, մնացի հեռվում,
Չիմացա ինչ էր խորքումս լեռվում,
Տեսա հայացքում կյանքը մարում է,
Կարոտանքո՞ւմ է, արհամարհո՞ւմ է:
Մտմտում էի լուռ ու անդադրում՝
«Մնացի խոսքիդ վիհ ու անդունդում»,
Եվ զանգ ահագնած՝ «Հավատամքն է, որ
Հանում է վիհից, ինչպես ցավից խոր»:
Մեկ է, ոչ ինքը, ոչ ես քայլ չարինք,
Կարծես սրտներիս կանչին անկարիք,
Դե, ես երկնային, չեղած հողեղեն,
Ո՞նց բռնկվեինք մեզ պատած շողեն…

ՑԱՎԱԾ ՄՈԼՈՐԱԿ
Բավ է խժռեք պատկերս, խորքս,
Գիշեր ու ցերեկ բորբոքեք դողքս,
Ինչպե՞ս մնամ ձեզ նվիրյալ ընկեր,
Ձեր անկուշտ մտքի, ախորժակի կեր:
Ո՞ւր եք հրում ինձ՝ խեղելով կերպս,
Թողած ծխալիս չբուժած վերքս,
Ինչպե՞ս մոլեգին չմռնչամ ես
Լեռան խուլ խորքից, օվկիանոսից հեզ:
Կշեռքից ընկած՝ օրորքի մեջ եմ,
Կարծում եք ի վեր, ի վար անվե՞րջ եմ,
Հիմա էլ այլ մի Երկիր եք փնտրում,
Այն էլ փորփրեք օր ու անդադրում:
Արդ՝ ի՞նչ երեսով շուռ գամ աստղերին,
Մայր Արեգակին, տեր Տիեզերքին,
Այս եմ, էլ այն չեմ՝ ծոցվորած բերքով,
Որ առատ բաշխեմ իմ վարքուկարգով:

«Եղիցի լույս»
Թիվ 10-11 (189-190) 2018

Տարածել

Պատասխանել