Զոհրաբ Ըռքոյան / Հարար. անցյալն ու ներկան

0

«Սարուխանը մշտապես ճանապարհի վրա է… Մախաղն ուսին՝ շենից շեն է գնում, պատահած մարդկանց միայն մի բան է հարցնում՝ չգիտեք՝ Հարարը ո՞րտեղ է…» (Վարդան Հակոբյանի «Զատիկը ջրավազանի հատակին» վեպից):
Քաշաթաղի շրջանի Հարար գյուղը Խաչգետիկ և Աղավնատուն գյուղերի հետ մտնում է Աղավնատան գյուղական համայնքի մեջ: Համայնքում ընդհանուր կա 28 տնտեսություն՝ 114 բնակչով, որից 8-35-ը՝ Աղավնատուն գյուղում, 11-46-ը՝ Խաչգետիկում, 9-33-ը՝ Հարարում: Նախկինում Արցախի Դիզակի մելիքության, այնուհետև Բերդաձոր գավառի կազմում գտնված Հարարն ունի պատմական հարուստ անցյալ և մինչև 20-րդ դարասկիզբ եղել է հայաբնակ, գտնվում է Հադրութի վարչական շրջանի սահմանից մոտ 2կմ արևմուտք՝ Հակարի գետից ուղիղ գծով 7-8 կմ ձախակողմյան սարալանջերում՝ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորից 40կմ հարավ-արևելք: Հարար բառն արաբերեն է, նշանակում է ԳԻՀԻ: Միջնադարում գյուղի մոտակայքում գիհու անտառ է եղել, որի ծառերը արաբական տիրապետության ժամանակներում կտրել են և փայտը տեղափոխել արաբական երկրներ: Ըստ ԱՀ գրողների միության նախագահ, գրող Վարդան Հակոբյանի, ով արմատներով Հարարից է և տարածքի գիտակ, իր «Զատիկը ջրավազանի հատակին» պատմա-փաստագրական վեպում, որը Հարարի՝ 20-րդ դարասկզբի և հետագա ժամանակի մասին է, գիհու ծառերը կտրել են Լամկ Թեմուրի արշավանքների ժամանակ: Գյուղում կիսավեր վիճակում պահպանվել է մոտ 10×5մ արտաքին չափեր ունեցող միջնադարյան եկեղեցին: Ծովի մակերևույթից մոտ 1300 մետր բարձրությամբ է գտնվում սրբատունը, որը կառուցվել է 12-13-րդ դարերում, հնարավոր է՝ ավելի շուտ: 16-րդ դարում այն վերակառուցվել է և, ըստ 1671թ. նույն եկեղեցում գրված «Ավետարան»-ի հիշատակության, կոչվել է Սուրբ Ստեփանոս: 1841 թվականին նորից է վերակառուցվել եկեղեցին և վերանվանվել Սուրբ Հռիփսիմե: Ըստ մատենագրության՝ այս սրբատանը միջնադարում գրվել են 3 Ավետարաններ: Մաշտոցի անվան Մատենադարանում գտնվող ձեռագրերից մեկում հիշատակվում է. «…Ստեղծվել է Պաղտասար դպրի ձեռքով և Մարտիրոս քահանայի պատվերով, 1666 թվականին, Հագարան երկրի Հարար գյուղում» («Ցուցակ ձեռագրաց», հ. Ա., Երևան, 1965թ., ձեռագիր թիվ 3437): 2 տարի անց ստեղծվել է մեկ այլ Ավետարան՝ «Մաշտոց»: «Բանբեր մատենադարանի» 1986 թ., թիվ 15-ում (էջ՝ 323) գրված է. «…Արդ գրեցաւ կենսաբեր սուրբ Աւետարանս ձեռամբ մեղապարտ և սուտանուն Պաղտասար դպրի ի թուաբերութեանս Հայոց ՌՃԻ (1671թ.)-ին ի յերկիրս Հագարեան, ի գեօղս որ կոչի Հարար, ընդ հովանեաւ սրբոյս Ստեփանոսի…»: Սամվել Կարապետյանի «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում հիշատակվում է, որ այս ձեռագիրը գտնվում է Լոնդոնի «Վելքոմ» ինստիտուտի գրադարանում: Հարարի մասին առավել շատ է հիշատակվել 19-րդ դարակեսին և 20-րդ դարասկզբին: Ժամանակի մամուլն այդ ժամանակ հատկապես անդրադարձել է հայ-թաթարական բախումներին, հարարցիների և մոտակա հայկական բնակավայրերի՝ թշնամու կողմից հարձակումների ենթարկվելուն, դրանց թալանին, հայության պայքարին՝ իր երկրին տեր մնալու համար: Ըստ պահպանված տեղեկությունների՝ Հարարի բնակչության թիվը 1841 թվականին եղել է 322 մարդ, իսկ 1905-ին՝ 1260: Սա խոսում է այն մասին, որ հարարցիները, չնայած անընդհատ հարձակումների ենթարկվելուն, տեր են մնացել իրենց հայրենի հողին, նույնիսկ հիմնանորոգել եկեղեցին: «Արարատ»-ը 1905թ. ապրիլին գրում է, որ Հարարի եկեղեցու քահանա է ձեռնադրվել Համբարձում Գրիգորյան Աղանյանցը: Նույն թվականի նոյեմբերին Հարարը շրջապատվում է թուրքերով, և մի քանի օր բնակչությունն ապրում է մահվան վտանգի տակ: Ա-Դօ-ն գրում է. «135 տուն ժողովուրդը կողոպտվեց մինչև վերջին թելը: Ապա նա գերի ընկաւ շրջապատող թուրքերի ձեռքը: Խեղճ հայեր, օրեր շարունակ նրանք ապրում էին մահւան սարսափի, բարոյական և հոգեկան տանջանքների տակ, նրանք կտրւած դրսի աշխարհից, չը գիտէին ինչ էր կատարւում դուրսը, չը գիտէին, որպիսի վախճան է սպասում իրենց: Եվ երբ այդ բոլորից յետօ զօրքը գնաց ազատելու, նրանք չէին հավատում իրենց աչքերին: Ինչպես դահճի սրից փախածը, նրանք հեռացան այդ ծանօթ վայրերից, այլեւս չը վերադառնալու պայմանով, գնացին մի այլ տեղ ապաստան փնտռելու: Հարարն ունեցավ բաւական մարդկային զօհեր»: Հարարն այդ ժամանակ բաղկացած է եղել մի քանի բնակավայրերից: «Նոր դար» հանդեսը 1899թ. թիվ 63-ում (էջ՝ 3) գրել է. «Հարարը բաժանուած է չորս մասի, որոնք առանձին-առանձին գիւղ են կազմում եւ պաշտոնական տեղերում կրում են միեւնոյն Հարար անունը, իսկ իրենց մեջ յայտնի են որոշ անուններով, այն է՝ Թէզ-խարաբ, Արփագեադիւուկ, Գօնաղգեօրմազ եւ Սեչմանլու…»: Այլ է արդեն բնակչության թվաքանակը 1914-ին՝ 412 մարդ: 4 տարի հետո գրեթե եռապատկվել է՝ 1078: 1921-ին Հարարն ուներ ընդամենը 9 տուն, 55 հայ բնակիչ, ովքեր շուտով նույնպես հեռացան իրենց տներից: Այս ժամանակի մասին Վ. Հակոբյանի վեպում և «Երամականչ» պոեմում կա նկարագրություն, որոնք մահ ու սարսափ, հարազատների սպանդն ու տանջանքը տեսած հարարցիների վկայություններն են: «Զատիկը ջրավազանի հատակին» վեպի գլխավոր հերոս Ուշխուդանց Արտեմը, ով հարարցիների հավաքական կերպարն է, հիշում է. «…Տասնհինգ թվականն էր, Արտեմը մի մատ երեխա, մայրը փախչում էր Հարարից: Ենիչերները հասնում են ու թիկունքից սրի մի հարվածով գետին գլորում մորը: Սրընթաց վազող ձիերը, սակայն խուսափում են ճամփին ընկած կնոջ ու երեխայի վրա ոտք դնելուց: Այդպես նա մնում է մի ամբողջ գիշեր: Առավոտյան մի պառավ նրան գտնում է արյան մեջ կորած: Կրծքի կաթի հետ մոր արյունն էր խառնվել: Երբ երեխային փորձում են մոր ձեռքերի միջից հանել, մայրը մի պահ բացել է աչքերը և տեսնելով ծանոթ մարդու դեմք, թուլացել են ձեռքերը, տվել է երեխային ու ինքը վերջնականապես հանգչել…»: Արտեմը հետագայում փնտրել է իր հարազատներին, որոնց մասին նրան պատմել է երկրորդ մայրը՝ Մարիամը, բայց ոչ ոքի չի գտել: Մարիամ մայրիկը Արտեմին պահեց-մեծացրեց. «Ես փնտրում էի իմ ընտանիքը, իմ զավակներին… Ոչ մեկին չգտա: Քեզ գտա…»: Նույն ճակատագիրն է ունեցել հարարցի Արշակ Մանասյանը, ում մասին «Երամականչ» պոեմում նկարագրում է Վ. Հակոբյանը. «…Արշակը իր ձին հեծնում, գալիս է, սակայն մխի մեջ, հուր ու ծխի մեջ չի կարողանում գտնել հայրական տան և դռան ճամփան»: Երկար ժամանակ փնտրում է իր հարազատներին Արշակը, սակայն 90 տարեկան հասակում Մարտակերտի Զագլիկ գյուղում գտնում է քույրերի գերեզմանը:
Խորհրդային կարգերի հաստատումից հետո Հարարը բռնի միացվեց նորաստեղծ Լաչինի շրջանին, վերանվանվեց Փարաջան: Գյուղում այլևս հայեր չէին մնացել, և պարզ է՝ այստեղ բնակություն հաստատած թուրքերն ու քրդերն սկսել են վերացնել հայ մշակույթի հուշարձանները: Այդ շրջանում էլ նրանք քիչ վնաս չեն հասցրել մոտակա հայկական գյուղերին: Նույն վեպում, դարձյալ փաստերի հիման վրա նկարագրված է, թե ինչպես են թուրքերն սպանել հարարցի Սարուխանին, ով եղել է գառնարած և տեսնելով իրենց գյուղից ելնող անսովոր ծուխը, վազել է գյուղ ու այն գտել ավերված, կրակների մեջ, իրենց ընտանիքը սպանված: Վախից փակվել է պատանու լեզուն, ունեցել է հոգեկան խանգարում: Հասուն տարիքում, երբ խորհրդային կարգեր էին հաստատվել, և տիրում էր «ինտերնացիոնալիզմ»-ը, ինքնամոռաց իրենց տուն է գնացել, որն արդեն թուրքերն էին տնօրինում: Տեսնելով նրան՝ թուրքերը ծեծելով սպանել են: Խորհրդային տարիներին թուրքերով են բնակեցվել նաև Հարարի հարևան մի քանի գյուղեր ևս՝ Սաֆիանը՝ այժմ՝ Խաչգետիկ, Ղուշչուլարը՝ այժմ՝ Աղավնատուն: Այսպիսով արգելք են ստեղծել Գորիսի և Հադրութի միջև: Ամբողջությամբ իրենց տիրապետության տակ են վերցրել Հակարի գետի այս հատվածը: Այդ շրջանում գյուղի հանգստարանը քանդել են և տեղում անասնագոմ կառուցել: Կիսաքանդ վիճակում գտնվող այդ կառույցի պատերի մեջ բազում են հայկական շիրմաքարերի բեկորներ՝ մշակված ու զարդանախշ: Ըստ ականատեսների՝ խաչքարերի մի մասը թաղել են խոր փոսում: 1993 թվականի ամռան վերջին հայոց բանակի մարտիկներն ազատագրեցին Հարարն ու շրջակա հայկական տարածքները, այդ թվում նաև՝ Ամուտեղի եկեղեցին, որը տարածքի հայ բնակչության կարևոր սրբավայրերից էր՝ թառած ժայռակերտ բլրի վրա: Ըստ ականատեսների՝ եղած խաչքարերը թաղել են հողի տակ, գոմի հիմում: Այնուամենայնիվ՝ հանգստարանի տեղում 2 խաչքար և մի քանի տապանաքար մնացել են: Ավերել են նաև եկեղեցին, որից պահպանվել է հարավային պատը, որոշ չափով նաև՝ արևմտյանը, որի մեջ ագուցված է խաչքար: Եկեղեցու մուտքը հարավային կողմից է՝ սրբատաշ քարերով: Բարավորը խաչաքանդակով տապանաքար է: Մուտքի շեմը նույնպես տապանաքար է՝ 108x70x35սմ չափերով, որի աջ կողմում հազիվ երևացող երկտողանի արձանագրություն կա: Ըստ Սամվել Կարապետյանի՝ տապանաքարը 12-13-րդ դարերի գործ է՝ վրան գրված է. …/ԿԱՆԳՆԵՑԻ ԶԽ/Ա/ՉՍ ԲԱՐԵԽ/ԱՒՍՈՒԹԻՒՆ ՄԱՒՐ ԻՄՈՅ ԹՈՒ… Ե… Եկեղեցին այժմ էլ գտնվում է անմխիթար վիճակում, և կարելի է այն հիմնանորոգել՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք՝ տարածքի պատմական և հայոց ոստան լինելը, որ Քաշաթաղի շրջանի հարավային թևի այս մասի բնակավայրերում եկեղեցի գրեթե չկա, որ նույն եկեղեցին ժամանակին ծառայել և այժմ էլ կծառայի նաև Հադրութի շրջանի Վաղավեր, Սպիտակաշեն և մոտակա գյուղերի բնակչությանը: Խորհրդային տարիներին Հարար է այցելել Սերո Խանզադյանը: «Սովետական Հայաստան» ամսագրում՝ (1984թ., թիվ 6, էջ՝ 31) գրել տեղի հուշարձանների մասին:
Հարարում առաջին անգամ եղել եմ 1996 թվականի դեկտեմբերին: Աշխատում էի Քաշաթաղի շրջանի կրթության, սպորտի և մշակույթի բաժնում և նորաբաց դպրոցի հարցով էի գյուղում: Դպրոցի տնօրեն Արկադի Սարգսյանի ուղեկցությամբ այցելեցի եկեղեցի, որի տարածքը բնակիչները մաքրել էին: Վերջին շրջանում գյուղի բնակչության թիվը պակասել է, դպրոցը տեղափոխվել է հարևան Խաչգետիկ գյուղ: Վերջերս հերթական անգամ եղա Հարարում` ծանոթանալու Աղավնատան գյուղական համայնքի միջգյուղական և ներգյուղական ճանապարհների բարեկարգման աշխատանքներին: «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Սահակյանի հետ բարձրացանք եկեղեցի, որի ճանապարհը և տարածքը գտնվում էին անմխիթար վիճակում: Նույն ՓԲԸ-ին պատկանող տրակտորով բացվել է եկեղեցի տանող ճանապարհը, իսկ օգոստոսի 25-ին իմ նախաձեռնությամբ և շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի օժանդակությամբ իրականացրինք սրբատան տարածքի հնարավորինս բարեկարգման աշխատանքներ, որին մասնակից եղան շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը, համայնքի դպրոցականները, երիտասարդները: Երբ հասանք եկեղեցի, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության Պատմական միջավայրի պահպանության Քաշաթաղի շրջանային ծառայության աշխատակից Արթուր Ասատրյանը հարարցի երիտասարդների հետ ձեռնարկել էր տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքները: Մի քանի ժամյա աշխատանքների ընթացքում բարեկարգվեց տարածքը, կտրվեցին եկեղեցու պատերի մեջ, դրանց հարևանությամբ աճած թփերը, ոչ պիտանի ծառերը և դրանցով փակեցին արահետները, որոնցով կենդանիներ են մտնում եկեղեցու ներս՝ քանդելով պատերը: Քանդված տանիքի հողն ամբողջությամբ լցվել է ներս և փակել պատերը, Սուրբ Խորանը, որի պատերի վրայով են կենդանիները ներս մտնում: Տարիներ առաջ համայնքի բնակիչները հողի մի մասը հանել են եկեղեցու միջից և արևմտյան պատի մոտ փոքր տարածք ստեղծել՝ մոմ վառելու, խունկ ծխելու նպատակով: Չնայած կատարված աշխատանքներին, որին մասնակից եղան հիմնականում դպրոցականները և խոստացան այսուհետ լավ պահպանել սրբատունը, այնուամենայնիվ, պետք է մասնագետները տեղում աշխատեն: Հնարավոր է Սուրբ Խորանի միջի հողը հանելիս գտնվի սեղանաքարը կամ խաչքարը: Եկեղեցու մկրտության ավազանը, որ համարվում էր կորած, վերջերս գտնվել է և պահվում է գյուղի բնակիչներից մեկի տանը:
Շարունակելի

Տարածել

Պատասխանել