Ամալյա Գրիգորյան / Հ. Թումանյանի քննադատական հայացքները և նրա արծարծած խնդիրների արդիականությունը

0

Թումանյան գեղագետի ու մտածողի մտահոգությունների շրջանակը բավականին լայն է ու ընդգրկուն: Գրողի հետաքրքրությունների տիրույթում առանցքային տեղ ունեն ժամանակի գրական-հասարական խնդիրները և… ոչ միայն: Իր տեսական-գրաքննադատական մոտեցումներում Թումանյանը մշտապես արծարծել է օրախնդիր հարցեր, որոնք ուղղակի և անուղղակի կերպով առնչվում են թե գրականությանը, թե ընդհանրապես, արվեստին, թե մամուլին… Ավելին, դրանք ներքնապես անխզելիորեն կապված են ազգային կյանքի հիմնախնդիրների հետ:
Սկսած 19-րդ դարի 90-ական թվականներից Թումանյանը հանդես է գալիս գրական-քննադատական հրապարակումներով, որոնց մեջ հստակորեն ներկայացնում է իր ըմբռնումները, շարադրում մոտեցումները, ցույց տալիս խոսքի զարգացման ճշմարիտ ուղիները: Այսօր արդեն, տարիների հեռվից դրանց ուսումնասիրությունն ու վերլուծությունը հնարավորություն են ընձեռում անսխալ ներկայացնել գեղագետի ամբողջական կերպարը, նորովի մեկնաբանել նրա գրական ու քննադատական գործունեությունը:
Թումանյանի քննահամակարգում առանձնահատուկ տեղ ունեն բանաստեղծի, քննադատի, գրականության, լեզվի դերի ըմբռնման հայեցակարգերը: Եվ այդ ամենը նա դիտարկում է մեկ ամբողջության մեջ: Բանաստեղծը գրականության զարգացման խնդիրները վերլուծում է ռուս և համաշխարհային գրականության ձեռքբերումների ընդհանուր համապատկերում: Նա մեծապես կարևորում է գեղարվեստական խոսքի դերակատարությունը հայ ինքնության, հոգևոր-ազգայինի պահպանման գործում. «Գրականությունը, տպագրական խոսքը մի անհատի, մի ժողովրդի, մի ազգի հոգեկան կարողությունն է, որ հանդես է հանում: Եթե այդ անհատը, կամ  ժողովուրդը ունի բարոյական մի կոչում, կյանքի մի վսեմ խորհուրդ, յուր մեջ կրում է աստվածային տարր, նրա խոսքն էլ, անշուշտ կլինի արտահայտություն մաքրության, վեհության, ճշմարտության, բանական, անկաշառ դատողությունների, անկեղծ ու վսեմ մտածմունքների և գեղեցիկ զգացմունքների»:
Կարևորելով հոգևոր մշակույթի դերը ժողովրդների մտավոր առաջընթացում՝ գրողը հաստատում է, որ ամեն մի ժողովրդի մեծության նշանն իր գրականությունն է:
Հովհաննես Թումանյանը երևույթների (գրական, հասարակական, քաղաքական) արժևորման իր սկզբունքներն ու չափորոշիչներն ուներ: Նա, լինելով զարգացած, բարձր իմացությունների և պատասխանատվության տեր անհատականություն, ով քաջ տիրապետում էր ոչ միայն հայրենի, այլև համաշխարհային գրականության ու արվեստի զարգացման միտումներին, ամենայն լրջությամբ ու խստությամբ է քննել ժամանակի գեղագիտական հարցերը, վերհանել ժամանակի գրական գործունեությունների առանձնահատկությունները: Քննադատ Թումանյանի գնահատմամբ, իրավամբ, մեծ գրողը նա է, ով կարողանում է դառնալ ժողովրդի սիրտը, իր ստեղծագործություններում արծարծում է նրա տենչերը, ձգտումներն ու տրամադրությունները՝ մատը ժամանակի զարկերակի վրա պահելով: Նրա հավատո հանգանակն էր՝ «մարդը որքան մոտ լինի երկրին ու ժողովրդին, որքան շատ խորանա ժողովրդական ստեղծագործության մեջ, նա էնքան ավելի մեծ է ու համամարդկային: էդ ճանապարհով միայն գրողը կարող է ընդհանուր գրականության մեջ տեղ ունենալ»:
Սովորաբար Թումանյանին համարում են ավանդապահ գրող, բայց դա ամենևին այդպես չէ, նա պարզապես համադրում էր ավանդականն ու նորարարականը յուրովի և հասնում էր իր ստեղծագործության գեղարվեստական աննախադեպ որակի: Եվ այդ երևույթը բնորոշ է բոլոր մեծ ու ճշմարիտ արվեստագետներին: Ավելին: Անցյալի ավանդները բարձր գնահատելով՝ Թումանյանը առանձնապես ընդգծում է նախորդների՝ Աբովյանի, Պեշիկթաշլյանի, Պատկանյանի, Սունդուկյանի, Պռոշյանի և Աղայանի ունեցած հսկայական վաստակը հայ ազգի ոգեղեն զարթոնքի, գրականության զարգացման ասպարեզում: Նկատենք, Ծերենցին քննադատ Թումանյանը համարում է մեր նոր պատմավիպագրության հիմնադիրը: Տերյանի պոեզիան բավականին բարձր է գնահատել: «Խոսք սկսնակ բանաստեղծներին» հոդվածում գեղագիտական իր սկզբունքները Թումանյանը շարադրում է քննադատի հիմնավորված ու փաստարկված դիտարկումներով, գրական գործընթացի հարցերը քննում ոչ միայն օրվա, այլև բոլոր ժամանակների ընդհանուր զարգացումների նկատառումներով, որը և նրա խոսքը դարձնում է ավելի համոզիչ և ուսուցողական: Ահա գրականագիտական մի դիտարկում, որին, իրենց խոսքն հաստատելու համար, դիմում են մեր գեղագիտական մտքի գրեթե բոլոր մեծերը. «Ռուսահայ բանաստեղծությունը երեք շրջան է ունեցել: 1857թ. ուսանող Ռ.Պատկանյանը-Գամառ Քաթիպան հրատարակել է իր «Ազգային երգարան» անունով բանաստեղծությունների տետրակն ու նրանով սկիզբն է դրել առաջին շրջանի բանաստեղծության:
Նրանից երեսուն տարի հետո, 1887 թվականին ուսանող Հ.Հովհաննիսյանը հրատարակեց իր բանաստեղծությունների առաջին գիրքը, ու սկիզբն առավ երկրորդ շրջանի բանաստեղծությունը:
Հովհաննիսյանից երեսուն տարի հետո էլ, 1908 թվականին դարձյալ ուսանող՝ Վ. Տերյանը հրատարակեց իր «Մթնշաղի անուրջները» ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ Գրողների Ընկերության մեջ»:
Բացառիկ արժեքավոր այս դրույթի մեջ Թումանյանն անդրադառնում է նաև գրական քննադատի կոչմանը, դրվատելի համարում այն հանգամանքը, որ, վերջապես, մեր գրական կյանքում երևացել են նոր մոտեցումներ ու զարգացումներ, այնպես որ՝ «նոր ժողովուրդը» անգամ «իր ահավոր աղետի օրերում խոսք է ասում ու մտածում իր գրականությունը պաշտպանելու մասին»: Առաջ տանելով իր միտքը՝ Թումանյանը գրում է. «Նորություն է մեր գրականության մեջ նրանց հարգալից վերաբերմունքն ու կիրառած քննադատական մեթոդը»:
Տարիներ շարունակ տգետ «քննադատների» կողմից հալածված Թումանյանի մեջ խոսում է առողջ գրականության ոսկե հունդը, նա երիտասարդներին խորհուրդ է տալիս օգտվել քննադատների դիտողություններից, բայց միաժամանակ իմանալ և զգալ. «ամենից լավ բանաստեղծն ինքն է իրեն հասկանում և իր ներքին բնազդն ու ինտուիցիան է իր ամենաուժեղ առաջնորդը: Համոզված եղեք, որ քննադատը ոչ բանաստեղծ կարող է ստեղծել և ոչ բանաստեղծ կարող է սպանել: Նա միայն մեկնաբանում, պարզում ու բացատրում է»:
Սա, անշուշտ, խիստ սկզբունքային ելակետ է:
Մեր գրականության մեջ, հետթումանյանական շրջանում, չկա մի գրող, մի գեղագետ, որի ստեղծագործությունների վրա, շատ թե քիչ, չլինի Թումանյան գրողի և Թումանյան քննադատի թողած ազդեցությունը: Եվ բնական է, որ մեր գրական անդաստանի գրեթե բոլոր վարպետները Թումանյանի ստեղծագործությունը բարձր են գնահատել: Մանավանդ, պետք է շեշտել մի կարևոր հանգամանք, որով Թումանյան քննադատն առանձնանում է մեր գրական-քննադատական մտքի պատմության մեջ: Ո՞րն է դա: Ամենայն հայոց բանաստեղծը ոչ միայն իր տարբեր տարիների գրած քննադատական հոդվածներում ու ելույթներում շարադրում է քերթողական արվեստի և ընդհանրապես գրականության զարգացման իր դրույթները, ոչ միայն նշում է, թե ինչպես պետք է գրողը ներկայանա ընթերցողին, թե ինչպես պետք է նա դառնա իր ժողովրդի սիրտը, այլ նաև իր ամբողջ ստեղծագործության օրինակով դա ցույց է տալիս: Սա անառարկելի փաստ է:
Ահա թե ինչ է ասում Պարույր Սևակը Թումանյանի մասին. «Ու տեղն է հասել ասելու, որ Թումանյանը ոչ միայն մեծ գրող է, այլև քննադատ: Հիշենք թեկուզ Նարեկացուն, Սայաթ-Նովային, Քուչակին, Հովնաթանին, Ալիշանին, Աբովյանին, Պատկանյանին, Շահազիզին, Աղայանին, Ծերենցին, Րաֆֆուն… Տերյանին, ինչպես նաև Շեքսպիրին ու Սերվանտեսին, Գյոթեին ու Բայրոնին, Պուշկինին ու Լերմոնտովին տված այն գնահատականները, որոնք անկյունաքարի նշանակություն ունեն սրանց անունը շրջապատող գիտության շենքի համար:
Հիշենք և չծավալվենք: Ընդամենը հարցնենք ինքներս մեզ. պատմական ճշմարտությունից շատ հեռու կլինենք, եթե ասենք, որ Թումանյանն է արևելահայության լավագույն քննադատը…»:
Հիրավի, Թումանյան տեսանողը, երևույթների դիտարկման և գնահատման հարցերում էական է համարում գրականության մեջ կյանքը ճշմարտապես ներկայացնելու խնդիրը: Այս առումով հստակ է նրա դիրքորոշումը: Բանաստեղծությունը, ըստ Թումանյանի, «կյանքի արտահայտությունն է կամ ավելի լավ է ասել, ինքը կյանքն է: Այդ դեռ քիչ է. բանաստեղծության մեջ կյանքն ավելի կյանք է, քան թե իրականության մեջ»:
Թումանյանն, առավել քան որևէ մեկը, հստակորեն տեսել է ժամանակի հայ գրականության վիճակն ու զարգացման հեռանկարները: Իր հոդվածներից մեկում նա ցավով է ներկայացնում ժամանակաշրջանի պատկերը, տալիս հայ մարդու, գրողի, գրականության տխուր նկարագիրը, որը, կարծում եմ, այսօր էլ արդիական է: Նա գրում է. «Ասպետական զգացմունքը պակասում է մեր մեջ: Մեր մարդը սիրում է խեղճությունն ու լացը և զարդարվում է նրանցով: Եթե ուզում է մեկին էլ հարգանք ցույց տա, նրան էլ ճգնում է ցույց տալ խեղճ ու ողորմելի: Ապա լալկանության ու հառաչանքի ողորմուկ ձայնը, սովամահի ու մերկության ողբը տարածեցին ամբողջ գրականության վրա. էլ ապրողների «թշվառ վիճակը», էլ մեռածների «դողդողացող ուրվականները»… այնտեղից էլ մամուլի մեջ. «երկու կոպեկը» ձեռքին Րաֆֆին, անկոպեկ Արծրունին… Ո՛չ, սոված ու մերկ չեն հայ գրողները: Եթե այդպես եք կարծում, կարող եք հանգիստ լինել: Դժբախտությունն այդ չի, այլ այն, որ գրականությունը ապրուստ չի տալիս գրողին… և գրողը իր եռանդն ու ժամանակը կորցնում է ապրուստի վրա, ճիշտ այնպես, ինչպես հասարակ մարդիկ, ու չի կարողանում պարապել գրականությամբ, եթե պարապում էլ է՝ ի միջի այլոց:
Ընդհակառակը, մենք գնահատում ենք գրողի տաղանդը և չենք ուզում, որ տանի ծախի այդ տաղանդը ապրուստի վրա, այլ կարողանա տալ մեզ այն, ինչ որ բարձր է ու գեղեցիկ, և ինչ որ չունենք մենք… Չեք կարողանում գրականություն ու գրող պահել, այդ հերիք չի, այժմ էլ պետք է խնդրել, որ ճառեր չասեք նրանց վրա, երբ որ մեռնում են» («Վիրավորական հարգանք»):
Ակնհայտ է, որ Թումանյանը գեղագիտականը և բարոյականը տեսնում ու ներկացնում է սկզբունքային նույն զուգահեռների վրա՝ մեկը մյուսի հետ խիստ փոխկապակցված:
Այստեղից էլ նրա խորը մտահոգությունը՝ գրականությունը չգնահատել, նշանակում է կասեցնել ազգային-հոգևոր, բարոյական առաջընթացը: Մանավանդ այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ վտանգված էր հայ ինքնության գոյությունը:
Թումանյանի գեղագիտական ըմբռնումներում առանձնապես քննվում և մեծապես արժևորվում է ժողովրդական բանահյուսության սնուցող դերը գեղարվեստական խոսքի կայացման բնագավառում: Ժողովրդական բանահյուսության գրեթե բոլոր ժանրերով (հեքիաթ, բալլադ, ավանդություն, էպոս և այլն) ստեղծագործել է ամենայն հայոց բանաստեղծը: «Հեքիաթը ամենաբարձր ստեղծագործությունն է,- գրում է նա,- նույնիսկ հանճարները հեքիաթներ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթների են ձգտում»:
Կամ խոսելով ժողովրդական էպոսի մասին (Թումանյանը մշակել է էպոսի երրորդ ճյուղը՝ Սասունցի Դավիթը), Թումանյանն այն համարում է մեր ժողովրդի հոգևոր մեծագույն նվաճումներից:
Նման մոտեցումներն ու վերաբերմունքն, անշուշտ պայմանավորվում են Թումանյանի ստեղծագործական սկզբունքների, նրա փիլիսոփայական ու գեղարվեստական աշխարհայացքով, աշխարհընկալման յուրահատկությունների ու ազգային բարձր ոգու նկարագրով: Եվ, անկասկած, Թումանյանի յուրաքանչյուր ստեղծագործություն (ներառյալ՝ նրա քննադատական հոդվածները) իր մեջ ամփոփում են «ժողովրդի դարավոր մաքառումներն» ու սուրբ իդեալների ներքին քարտեզագրությունը:
Այս առումով ուզում եմ մեջբերել գրականագետ Ազատ Եղիազարյանի գնահատանքի խոսքը Թումանյանի ստեղծագործության ժողովրդանյության վերաբերյալ. «Մեր ոչ մի գրողի ստեղծագործության մեջ ժողովրդական տարերքն այնքան խորը չի դրսևորվում, ինչքան Թումանյանի գործերում: Թումանյանի մեջ մի զարմանալի բան կա. կարգին կրթություն չստացած, Եվրոպան չտեսած այդ լոռեցին ինչպե՞ս իր մեջ կենտրոնացրեց մի ամբողջ ժողովրդի հոգեբանությունը, իդեալները` չմոռանալով երբեք այդ ժողովրդի թերություններն ու դժբախտությունները: Ես շատ կուզենայի իմ հոգում Թումանյանի հզոր, իսկապես ժողովրդական և իսկապես տիեզերական կենսազգացողության մի մասնիկը ունենալ: Մեր խառը ժամանակներում այդ կենսազգացողությունը մեզ շատ է պետք»:

«Եղիցի լույս»
Թիվ 2 (192) 2019

Տարածել

Պատասխանել