Հրաչյա Բեգլարյան / Ոսկե շղթա

0

Վերջերս լույս տեսավ անվանի բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի «Արցախ Նամե»-ի 9-րդ հատորը: «Պատմությունը կեղծողներին պետք է պատժել այնպես, ինչպես դրամը կեղծողներին»,- մի առիթով այսպիսի միտք է արտահայտել համաշխարհային հռչակ ունեցող իսպանացի գրող Սերվանտեսը։
Ամբողջ հոգով համաձայնվելով մեծ գրողի հետ` արձակագիր, հրապարակախոս Բագրատ Ուլուբաբյանը շատերի համար անսպասելիորեն կանգնեց պատմությունը կեղծողների դեմ պայքարի առաջին շարքում։ Այո, նա պատմության դժվարին ոլորանները մտավ խուզարկուի պես ու ջանքերն ուղղեց ոչ այնքան հաստատելու (այնուհետև իրենից առաջ 2 հազար տարի շարունակ պատմությունն այդ ստել են), որքան` 20-րդ դարի նշանաբանով «պատմաբանից» պաշտպանելու այն հինն ու ավանդականը, որ հաստատվել է դարերի ընթացքում, սերնդեսերունդ։
Բագրատ Ուլուբաբյանի «Ոսկե շղթան» մի բանավեճ է բոլոր նրանց հետ, ովքեր պատմությունը տեսնում են ծուռ հայելու մեջ, միտումնավոր կամ անմեղ անգիտությամբ սխալ են ներկայացնում դեպքերն ու դեմքերը` տալով նրանց ուրիշ մեկնաբանություն։
Բագրատ Ուլուբաբյանը դեպքերն ու դեմքերը դիտում է բոլոր կողմերից, և որպեսզի խոսքը լինի կոնկրետ ու ճշմարտացի, բարեխղճությամբ ուսումնասիրում է նաև նրանց շրջապատը, իրերի դասավորման պայմանները։
                     Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ
          ԿՌՈՒՆԿԸ
                    Հրաչյա Բեգլարյանին
Շամբուտներում աշնան
թեւը արնոտ կռունիկին գտավ
չվող երամի կանչը՝
հեռու, հեռու, հեռու երկնքից:
Եվ, աչքերը փակվելուց առաջ,
կռունկին այցելեց
վերջին, վերջին հույսը՝
ինչ լավ է, որ
երկինքը երբեք չի մեռնում…
Այս գործում պատմաբանը նման է այն հմուտ ճարտարապետին, որ կարող է փլուզված տաճարի քարերի մեջ ջոկել ու մի կողմ դնել ուրիշ տեղից այդտեղ ընկած որմնաքարերը։ Այդպիսի համոզման ես գալիս «Աշխարհացույցի», Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» գրքի, հայ ժողովրդի պատմության ու աշխարհագրության համար շատ կարևոր հուշարձանների քննության ժամանակ։
Ահա հայ ժողովրդի օգտին պատմության մեջ շատ կարևոր հայտնություն է կատարվել։ «Գրական թերթ»-ում տպագրվել է, որ «Աշխարհացույցում» տեղեկություններ կան ռուսների և Ռուսաստանի մասին։ Ուրիշ պարագայում լսելով նման հայտարարության մասին, պատմաբանը կարող է չլսելու և չտեսնելու տալ` «Թող այդպես լինի, ի՞նչ կա։ Բայց ո՞ւմ է պետք նման սուտը, երբ այդ նույն ժողովրդի մեկ այլ հուշարձան իսկապես որ խոսում է ոչ միայն ռուսների, այլև նրանց զինվորական ուժի ու քաջության մասին»։
Հիմնավոր կերպով ժխտելով «Աշխարհացույցին» վերագրվող նման վարկածը` Բագրատ Ուլուբաբյանը կանգ է առնում Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» աշխատության այն շատ կարևոր փաստի վրա, ուր խոսվում է ռուսների մասին։ Այստեղ էլ Բագրատ Ուլուբաբյանը լոկ փաստագրող չէ։ Պատմաբանի խորաթափանցությանը գումարվել է նաև գրականագետ-լեզվաբանի ճկուն միտքը։ Պատմաբանը հանրահայտ փաստին գումարում է նաև նոր, ավելի արժեքավոր տեղեկություններ ռուսների մասին, տեղեկություններ, որ Մովսես Կաղանկատվացու գրքում հիշատակվում են անուղղակի կերպով, այն էլ` 5-րդ դարից սկսած։
Շատ հետաքրքիր է նաև Բագրատ Ուլուբաբյանի նոր մեկնաբանությունը պարսիկ Միհրանների` Գարդմանում ամրանալու վերաբերյալ։ Չնայած այս տոհմի մի քանի ներկայացուցիչներ Աղվանքում անուն են հանել որպես հայապաշտպան ու հայախոս առաջնորդներ (Վարազ, Գրիգոր, Ջիվանշիր), բայցևայնպես, պատմությանը անհայտ չեն մնացել նաև նրանց կատարած չարագործությունները բնիկ Առանշահիկներից սերված իշխանների նկատմամբ։ Պատմիչի հաղորդած` նրանց բարեգործությունները դեռ սկավառակի մի երեսն են։ Մյուս երեսը տեսնելու համար պետք էր հեռանալ ժամանակից։ Ինչպես ցույց տվեց ժամանակը, դա Հայաստանը գրավելու պարսկական դիվանագիտության հերթական խաղ էր, որը, սակայն, չարդարացրեց ոչ Խոսրով Բ Փարվիզի և ոչ էլ նրան հաջորդած պարսկական մյուս թագավորների հույսերը։ Պատմության դեպքերը հաճախ կեղծվում են։ Արդյո՞ք պարսկական դիվանագիտության նման մի խաղ չէր, երբ Նադիր շահից «փախած» Փանահը նախ` ողորմածաբար «տեղը տաքանալուց» հետո սկսեց իր խարդավանքները երկրի բնիկ տերերի դեմ։
Սակայն եթե Միհրանյանները նույնիսկ քրիստոնեություն ընդունելով ու իրենց հայ անվանելով չկարողացան զորանալ Հայոց հողի վրա, ապա ի՞նչ պիտի լիներ Փանահ խանի և նրա հետնորդների վիճակը մի երկրում, որի հողն ու երկինքն օտար էին նրանց համար։
Խոսելով այս հարցերի շուրջ` Բագրատ Ուլուբաբյանը փաստերի ճնշման տակ մերկացնում է այն վայ պատմաբաններին, ովքեր միտումնավոր կերպով շուռ են տալիս փաստերը, ստեղծում վարկածներ։ Բայց առավել ցավալի է, որ հաճախ նման պատմաբանների ջրաղացին ջուր են լցնում հենց հայ հեղինակները։ Նման ծառայություն է կատարել Ս. Պետրոսյանը «Գարգարացոց դաշտի տեղադրությունը» հոդվածում («Լրաբեր», 1976թ., N 7)։ Բագրատ Ուլուբաբյանն այս փաստի կողքով անցել է իմիջիայլոց` բավարարվելով միայն մի դիտողությամբ։ Մինչդեռ հարկ է զգացվել ցույց տալ, որ հարգելի պատմաբանը անտեսել է պատմական համոզիչ փաստերը։ Աղվանից երկրի քաջատեղյակ պատմիչը, օրինակ, հաղորդում է, որ «Այլազգի այն ցեղերին, որոնց Ալեքսանդր Մակեդոնացին գերեվարելով բերել բնակեցրել էր Կովկասի մեծ լեռան շուրջը, այսինքն` գարգարներին, կամիճիկներին, հեփթաղներին, նորից քրիստոնյա է դարձնում… (Մովսես Կաղանկատվացի, «Պատմություն Աղվանից աշխարհի», 1969թ., էջ 70): Այս արդեն գարգարների զբաղեցրած տեղի համար ճիշտ հասցե է, և կարիք չկա կառկառ կամ քար-քար զուտ հայկական տեղանունը կապել մի օտար, վայրի ցեղի անվան հետ, որը պատմության տեսադաշտի վրա ձնհալից ստեղծված առվի պես գնացել ու անհայտացել է` չունենալով ոչ ակունք և ոչ էլ սեփական հուն։
Բագրատ Ուլուբաբյանն առաջին պատմաբանն է, որ խոսելով Իսրայել Օրու դիվանագիտական գործունեության մասին, նրան չի կպցրել այն ածականները, որից ահա շուրջ երեք դար է` չի կարողանում ազատվել հայ ժողովրդի ազատագրական պայքարի այն սուրբը, նա, որ Դանկոյի պես նահատակվեց իր ցույց տված ճանապարհին, վառելով հայրենիքի փրկության ջահը։
Բագրատ Ուլուբաբյանի գրքում իր արժանի գնահատականն է ստացել նաև ոսկե շղթայի մեկ ուրիշ օղակ` Հովսեփ Էմինը։ Բագրատ Ուլուբաբյանը վարպետ գրչով իր գրքում Էմինի համար հյուսել է մի սքանչելի պատվանդան, ու խոստովանություն լինի, այդ պատվանդանի ամենից նախշուն քարն էլ կերտվել է հենց իր` Էմինի ձեռքով։
Ղարաբաղի նկարագրությունը «Աշխարհացույց» գրքում իր արժանի գնահատականն է ստացել նաև Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան Ջալալյանը. «Ղարաբաղում հինգ մելիքությունների զինական ուժերի գլուխ էր անցել Օրու մերձավոր բարեկամը` Եսայի կաթողիկոս Հասան Ջալալյանը, որի գործունեությունն աննախադեպ մի երևույթ է հայոց եկեղեցու պատմության մեջ»,- գրում է Բագրատ Ուլուբաբյանը։
Բագրատ Ուլուբաբյանի «Ոսկե շղթան» հյուսված է ոսկերչի հմտությամբ ու բարեխղճությամբ, ու եթե հայ ժողովրդի ազատագրական պայքարի դարավոր այդ ճանապարհին ոմանք փորձել են արհեստականության երանգ տեսնել այդ օղակներից շատերի վրա` նրանց բնութագրելով որպես սոսկ անձնական շահերի հետևից ընկած մարդիկ, սխալվում են։ Եղել են այդպիսիները, սակայն նրանք պատմության երկնակամարում ասուպի պես երևացել ու անհայտացել են։ Մինչդեռ հայ ժողովրդի ազատագրական պայքարի գաղափարով ապրող մարդիկ ապրել ու այսօր էլ ծիածանի բոլոր գույներով կամար են կապել մեր բախտի ճանապարհի վրա։

«Եղիցի լույս»
Թիվ 4 (193) 2019

Տարածել

Պատասխանել