Հայասեր Հովսեփյան / Արցախաչյա իմ սեր

0

Ինչ-որ ժամանակ`
հողը կիսվեց,
ափերը հեռացան իրարից,
բայց արանքում ծով գոյացավ:

Ինչ-որ ժամանակ
մարդը մոլորվեց,
հեռացավ Աստծուց,
բայց մնաց հավատը
որպես կամուրջ…

Շատ սովորական մի օր
մենք բաժանվեցինք,
հեռացանք իրարից,
և անտեր մնաց
սերը`
տարածության մեջ
իմ ու քո:

***
Կարմիր, կարմիր
Վարդ ես` կոկոն,
Արի, արի
Այս երեկո:

Մութ աչքերիս
Բեր լույս ու կյանք,
Բեկված սրտիս
Հույս ու բերկրանք:

Ես քեզ գտա.
Այս խենթ դարում
Սիրտս մտար
Որպես գարուն:

Վարդ իմ, կարմիր,
Նուրբ փշերով,
Արի, արի,
Այս գիշերով:

***
Հեռուն ցավ է ծնում սրտիս մեջ,
թեպետ` մեր միջև
տարածություն չկա,
մենք մոտ ենք իրար այնպես,
ինչպես
լույսն ու խավարը,
և օտար ենք իրար,
ինչպես, դարձյալ,
խավարն ու լույսը…
Բայց ես սիրում եմ կյանքն
առավել ուժգին,
քան կարող եմ,
որովհետև կյանքի մեջ կաս Դու,
Դու`
արցախաչյա իմ սեր…

***
Իմ սերը մի վարդ է` գեղեցիկ փշերով,
որ հազար տեղից խոցեց շնչառությունս,
երբ փորձեցի նրա բույրն առնել:

Բարև, Էքզյուպերի: Դու ճիշտ էիր:
Ես մի անգամ էլ նայեցի մյուս վարդերին
և հասկացա, որ
իմ ընտրած վարդն աշխարհում,
իսկապես միակն է…
Միակն է…
իր դաժան գեղեցկությամբ
ու գեղեցիկ դաժանությամբ…

***
Lուսամուտից
խուժանաբար
ներս խուժած
վաղորդյան
մի շող
հպվեց
քո մերկ ուսին,
և երազի մեջ
խանդից
ես
կաթվածահար
եղա:

***
Մենք սիրեցինք իրար,
որովհետև
ձմեռ էր,
ցուրտ,
և սառցակալած սրտերը մեր,
և սրթսրթացող մարմինները
մեր`
ջերմության կարոտ…

Իսկ աշխարհում,
ուր արևն անգամ ցրտից
դողում էր անզոր,
սերն ամենաթեժ կրակն էր
այդ օրերին…

«Եղիցի լույս»
Թիվ 01 (195) 2020

Տարածել

Պատասխանել