Նվարդ Ալեքսանյան / Աղոթքից մինչև մարգարեություն

0

«Ես հենց այն եմ, ինչն ինձ չհաջողվեց իրագործել: Ապրածս կյանքերից ավելի ճշմարիտը, որը կրում եմ պոչերից կապած օձերի կծիկի նման, չապրածս կյանքն է: Մի մարդ եմ, որ այս հողի վրա ապրեց անչափ և նույնքան էլ չապրեց»:
Այսպես է սկսվում ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը,ասել թե՝ հենց առաջին տողերից հեղինակը իրեն ծանր առաջադրանք է տալիս` հավերժությանն առնչվող: Բնականաբար, դժվար է գտնել բոլորին ընդունելի հստակ ու սպառիչ պատասխան, միաժամանակ այն ունի այնքան լուծումներ՝ ծնված յուրաքանչյուրի տառապանքի ու բերկրանքի միահյուսումից։
«Շշուկների մատյանը» հեղինակի գտած պատասխանն է, որը փնտրել է իր գերդաստանի արմատներին ապավինելով, և գրքի իրական հերոսների կյանքի պատմություններով իր ժողովրդի անցած դժվարին ճամանապարհի մի ողբերգական ժանակահատվածի՝ ահասարսուռ 1915-ի նկարագիրն է աշխարհին ներկայացրել։
«Այս պատմությունը, որն անվանում ենք Շշուկների մատյան, իմ պատմությունը չէ: Այն սկսվել է մանկությանս օրերից շատ առաջ, երբ շշուկով էին խոսում: Սկսվել է նույնիսկ մատյան դառնալուց շատ առաջ: Եվ մանկությունս Ֆոկշանում չէ, որ սկսվել է, այլ Սվազում, Դիարբեքիում, Բիթլիսում, Ադանայում ու Կիլիկիայի շրջանում, Վանում, Տրապիզոնում, արևելյան Անատոլիայի այն բոլոր վիլայեթներում, որտեղ ծնվեցին մանկությանս տարիների հայերը և ովքեր համարվում են այս գրքի հերոսները: Նույնիսկ դեռ էլ ավելի առաջ, առասպելների և ահերի հետ միասին, որոնք մանկությանս տարիների ծերունիները լսել և զգացել էին իրենց մանկության ժամանակ»,- կարդում ենք գրքում:
Ուրեմն, իր տողը մինչև իրեն հասնելը երկար ու տառապալից ճամփա է անցել, և ինքն էլ, մինչև իր ծնունդը, կոչվել է նախնիների անուններով,այլապես անհնար կլիներ իր կյանքին խառնել նրանց հայացքը, նրանց շարունակել ոչ միայն կենսաբանորեն, այլև ոգեղենությամբ: Անհնար կլիներ հայրենիքից հեռու մի երկրում` Ռումինիայի մի մասնիկ Ֆոկշանի հայկականությամբ լեցուն գունեղ համայնապատկերը վերականգնել, որը դեպի իրեն եկողին բացում է հայի` ազգային ավանդույթներից մինչև ազգային երազանքն ընկած, տիեզերքն ամփոփող հոգին…
Եվրոպացի գրողի գրչի արգասիք է անչափ հայեցի այս գիրքը, ինքնաբուխ, հնարանքից զուրկ ու միաժամանակ ոգեղեն հնարանքով լեցուն, որն իրական պատկեր ունի, ինչպես օրը՝ իր խավարչտին և լուսե երեսներով։ Գրքի հենց առաջին էջերից դադարում ես ընթերցող լինելուց, դառնում՝ շշուկների մատյանի հերոսներից, քո իսկ պատմությամբ մերվելով նրան, նոր պատմությունների համար տեղ հարթելով։
Անշուշտ, օտար ընթերցողի համար գիրքն ունի իր անհայտները, և Վարուժան Ոսկանյանի այս վեպը նրան ուղղորդում է մեր ժողովրդի պատմության աղետալի դրվագներին տեղեկանալուն, քանզի միայն պատմության իմացությամբ կարելի է հասու լինել վեպում տեղ գտած իրադարձություններին: Մեծ եղեռնից և դրան հաջորդած գուլագներից մազապուրծ հայի բեկորներին պատած ահասարսուռին, որը հաղթահարելն անհնար է թվում, բայց ապրելու այլ պայման չկա, քանզի ժամանակի հարվածները շարունակում են մնալ անողոք։
Խոր հույզերը շատ հաճախ մնում են հոգու խորանում, մարդը երկյուղում է դրանք երևացնել, թե՝ լռության խախտումն ինքնության կորուստ կդառնա, և ինքը կկորցնի աշխարհին հաղորդակցվելու նվիրական հայացքը, որն իրեն առաջնորդում է ողջ կյանքում։ Ու թեև վեպում հերոսները ներկայանում են մինչ այդ արտաքին աշխարհից պահված գաղտնիքներով, և հեղինակը հետ է քաշել լռության քողը, շշուկով ասվածի ծանրությունը մեկնել, միաժամանակ շեշտենք, որ գրքի գեղարվեստական արժանիքներից մեկն էլ հենց հերոսների մենությանն ու լռությանը չխառնվելն է: Մեծ գեղագետի հմտությամբ հեղինակը նրանց թողել է իրենց աշխարհում, իր վեպով այդ աշխարհում հիշողության դուռ չի փակել, և նրանք, կյանքի զրկանքներն ու զարհուրանքը ցմրուր ապրած այս մարդիկ, իրենց այլ կյանքերը կապրեն պատմության զանազան շարադրանքներում և այլոց շշուկների մատյանում։
Հեղինակը իր մանկության քաղաքի մի մասնիկն է, ականատեսն ու վկան շատ բաների, բայցև նրա առաքելությունը շշուկների մատյանի ստեղծման գործում հոգեբանորեն բազմաշերտ է: Իբրև Մեծ եղեռնի սարսափներն ապրած մարդկանց ժառանգ` իր նախնիների հիշողության կրողն է, ասել է թե` անցյալի ծանրությունն ուսած՝ ժառանգորդի լուռ երդմանը հավատարիմ, այդ ամենն աշխարհին պատմելու ելք փնտրեր: Այս անգամ էլ Վարուժան Ոսկանյանը առաջնորդվել է արյան կանչով,որն անվերջ հիշեցնում է. դժվարին պահերին պահապան հրեշտակդ հենց ինքդ ես: Արդյունքում ամբողջացել է այսօր հեղինակին հռչակ բերած «Շշուկների մատյանը»: Աշխարհի մի շարք լեզուներով ներկայացել է վեպը, և դեռ բորբոք է հետաքրքրությունը մեր հայրենակցի գրքի նկատմամբ:
Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպում ուշագրավ են մտքի խտացումները, որոնք առավել շարժուն են դարձնում տողերը, գամում հայացքդ իրենց վրա և ստիպում վերընթերցել՝ արդեն ուրիշ հայացքով, ընկալումով, քանզի հեղինակի յուրատիպ սահմանումները նաև մեր հույզերի պոռթկումներն են: Գերդաստանի պատմությունը՝ իր ցեղի պատմության պես դաժան ընթացք ունի, սակայն եղեռնի ու դրան հաջորդած փորձություններին ջգրու` գալիքն արմատ ու սաղարթ ունի։ Հիշենք 1915թ. ցեղասպանությունից փրկված արձակագրի Սեդրակ պապի զրույցը սեփական արյան հետ…
«Արյունը միսեն ավելի անհնազանդ է: Անոր համար կըսվի արյունին ձայնը կամ արյունին անեծքը: Երբ արյունդ կհոգնի, գավազան մը կառնես: Ըսել կուզե արյունը ներսդ գավազանի մը պես է: Ամեն մարդ իր արյունին վրա կհենվի»:
Հայի ազնվական արյան հեղումն իր իսկ հայրենիքում ու մարդկության լուռ համաձայնությունը դիվային ուժ դարձավ նացիստների համար՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ոչնչացնելու հրեաներին։ Վեպը նաև այս հարցադրումն ունի, ինչն այսօր էլ այժմեական է, վաղեմության ոչ մի ժամկետ չընդունող։
Անհնար է զսպել հոգու կսկիծը Եղեռնի` գրքում նկարագրված մահվան քարավանների ընթացքին հետևելով։ Մի ողջ ազգի խաչելություն ոչինչ չասաց մարդկությանը ոչ 1915 թվականին, ոչ էլ այսօր։ Աշխարհի անտարբերությունը առաջ էր անցել մահից, և մահը նույնիսկ հաճախ ընկրկել է, սարսռացել հայի աչքերին նայելուց ու հետ նահանջել, և Եղեռնից փրկված հայ որբուկները տուն-տեղ են ստեղծել, իրենց անունը վերականգնել։ Վեպը նաև հայի մեծ հույսի մասին է: Կյանքի, ժամանակի, հասարակարգերի վայրիվերումներին կուլ գնացած հայորդիները` գրքի հերոսները, երբեք անհույս չեն եղել: Հայի հույսն ամեն օրվա հետ նորից է ծնվում և ապրում, անգամ՝ քնած և արթմնի երազներում. սահմանների հարության մասին պատմող միացյալ Հայաստանի քարտեզի, հայ վրիժառուների, հիրավի, աստվածային արդարդատությամբ օծյալ գործողությունների անմեռության մեջ, որ նրանք մեզ համար շարունակեն մնալ հսկաների պես, առասպելական` խրոխտ, անպարտելի կեցվածքով։ Եվ նրանց իրական պատկերն այդպես էլ չպիտի դաջվի մեր հայացքում, քանզի այն երբեք չի չափվի Եղեռնի միլիոնավոր զոհերի վրեժի ցասումից և հատուցման հույսից ծնունդ առած կերպարների հետ։ Սա ևս հույսի արարումն է, հարատև, ապրեցնող…
«Շշուկների մատյանը» հյուսված է իրական հերոսների ու նրանց կյանքի պատմություններով և ասքին հատուկ գրավչությամբ է առանձնանում։ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի հետ են համեմատում այն, ինձ համար այդ շառավիղը հասնում է մինչև Խաչիկ Դաշտենցի «Ռաշպարների կանչը», մինչև հայոց հերոսամարտերի ակունքը, մինչ Արցախյան շարժում:
Եվ հիմա փորձում եմ մեղմել «Շշուկների մատյան»-ից ելնող հույզերիս` ցցուն, ցավեցնող ելուստները, որ տողս չարյունոտվի, որ կարողանամ կոկորդ սեղմող հեղձուկի միջով խոսքս ափ հասցնել, և անհաշտ, իրարամերժ, բայց միաժամանակ հախուռն ընթացքում իրարից անբաժան մտքերս տարբեր բավիղներից ի մի բերել:
Ուզում եմ, որ մտքերս իրենց սլացքի ու խորդուբորդության մեջ անգամ լինեն իմաստալի, խորհրդատու, որ համաշխարհային գրականության մեջ իր անկրկնելի տեղն ունեցող այս գրքի հայտնությունը հպարտությամբ նշողիս սիրտը ցավից չսեղմվի ու կարողանամ ասել Վարուժան Ոսկանյանին, որ իր արձանագրած շշուկները նաև Արցախում են բնավորված:
Եվ միմյանց խառնելով եմ կարդում և շարունակում հեղինակի խոսքը: Վարուժան Ոսկանյանի հիշատակարան-մատյանը՝ լինելով մեր ժողովրդի նվիրական հիշատակարանների շարունակությունը, նոր կսկծալի էջեր ունի. Սումգայիթ, Բաքու, Գանձակ, Մարաղա, Գետաշեն… «Հայի պատմությունն անվերջ շարունակվող պատմություն է»,¬ ասում է Վարուժան Ոսկանյանը, իսկապես, հազարամյակներով չափվող մեր պատմությունն է այդ մասին վկայում, ու այսուհետ պիտի շարունակվի ցասումով ու վրեժխնդրությամբ:
Չնայած դեռ հեռու ենք «Ակն ընդ ականի», «Ատամն ընդ ատամի» իմաստնությունից բխող գործելակերպից, բայց փրկության ճամփան, որ կորցրել էինք քանի դար առաջ, կարողացանք մեր սրբազան արյան փրկագնով վերագտնել` այն երբեք չկորցնելու վճռականությամբ։

«Եղիցի լույս»
Թիվ 01 (195) 2020թ.

Տարածել

Պատասխանել