Սերգեյ Սաֆարյան/Անսովոր լռություն

0

ԵՐԿՈՒ ԲԱՌՈՎ
Կարդում ես Սերգեյ Սաֆարյանի բանաստեղծությունը եւ անմիջապես նրա մտածողության թարմությանն ես հաղորդակցվում, զգում ես, որ բառն ավելին լինելու ճիգեր չի գործադրում, պարզ, գրեթե մանկական հայացք է բերում իր հետ, որը չի կարող իր խորքով չտրամադրել: Սա իմ առաջին տպավորությունն է, որ ստացել եմ դեռեւս նրա աշակերտական ծոցատետրից՝ տարիներ առաջ: Եվ այսօր նկատելի է, որ «հետք չի քշում» նրա խոսքը, քանզի որիշի հետքի վրա բառը ինքնաոչնչանում է:
Սերգեյի բնավորության գծերը հստակ տեսանելի են նրա տողերի մեջ՝ առանց կեցվածքային ճոռոմ խաղք ու ցուցքի: Բառը երգվում է, որովհետեւ երգվում է:
Սերգեյն ինքն իրեն սպասում է հեռվում: Բարի հանդիպում:
Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ

***
Անդարձ ճանապարհի
թևին թռչել եմ սովորում`
դարձյալ
բռիս մեջ երկնքից իջնող
ձիերի սանձն առած:

Ամպերը` որպես
օդից կախված
տապանաքարեր,
խնկարկում են արևից
ծաղկող ծաղիկներին:

Ես քայլելով հասել եմ
այստեղ`
ձիեր թողնելով իմ
ճանապարհին,

մի անգամ ևս
վերադարձի
ճյուղերին ծառեր տնկելով:

***
Ե՞րբ եմ լինելու
առանց պատերազմի,
առանց խաղաղության…

Ես մինչև հիմա
չեմ հասկանում՝
որի՞ տուժածն եմ,
որի՞ շղթայված
շարունակությունը:

Ձեռքերիս մեջ
և՛ արկեր են,
և՛ աղավնիներ:

Երկուսն էլ
ճախրել են ուզում:

Եթե ինձ վերապահեին
նրանց ճակատագրի ընթացքը,
ես նրանց կպսակեի
ամենաճոխ հարսանիքով:

Ես ե՞րբ եմ ապրելու
առանց պատերազմի,
առանց խաղաղության:

Եթե իմ պատերազմն
ու խաղաղությունը
փակագծերի մեջ
փակված են միշտ,
հարսանիքի խնամախոսներին
գնդակահարել է պետք:

***
Ամեն անգամ,
երբ փորձում եմ հատել
մեր տան դիմացի
ճանապարհը,
աչքերս
ինքնակամ
հայացքներ են նետում
մեջքից կռացած
լուսատուներին:

Ինչո՞ւ են նրանք
այդքան ծռված:

Գուցե բոլոր լուսատուները
մեր աչքերից թաքուն
ճանապարհներին
շարում են
տատիկ-պապիկնե՞րը:
Նրանք էլ անխնա
մեզ լույս են տալիս
ու ամեն առավոտ մի քիչ
ավելի կռանում:

Լուսատուների վրա
մանուշակներ եմ շաղ տալիս.
տատս մանուշակներ
շատ է սիրում:

***
Ժամանակից առաջ
ընկած՝
ժամանակից
հետ եմ մնում:

Եվ ինչո՞ւ եմ
այսպես օրերը հաշվում,
երբ օրացույցի մեջ
թվերը քչություն են անում.

թե հիշելու
ունակությունս չլիներ,
կկարծեի՝ մարդիկ
ծեր են ծնվում:

Ժամանակից
ետ եմ ուզում մնալ,
որ ժամանակից
առաջ ընկածներին
խմբագրել կարողանամ:

***
Անընդհատ
սպասում եմ ինչ-որ մեկին:

Մեքենաները,
գնացքները,
ինքնաթիռները,
ասես, շարժվում են
դեպի ինձ,
բայց ես ամենևին
կանգառների
տրամադրություն չունեմ:
Անընդհատ սպասում եմ միայն…

***
Արահետների
դեպի ճանապարհ
ընկած հատվածը,
որը հիմա
կամուրջների փլված
հարստության մեջ
ճախրում է աննպատակ,
անվանել եմ սեր…

Քո շարունակության
ավարտը
դիտմամբ
բազմապատկել
և մարգարիտների պես
թաքցրել եմ
ամենահայտնի
ճանապարհներին՝
անսովոր լռության
զարկերակի
ամեն զարկը
Թումանյանի
«Թմբկաբերդի առումը»
պոեմի պես
անգիր անելով:

Արահետներից դեպի
ճանապարհ տանող
բոլոր ուղիները հիմա
քո չվերադարձի
պատճառով
միգրացիայի մեջ են.
իրենց տեղում են միայն
ծառերը, որոնք
արդեն քանի տարի
ծաղկում են առանց
ծաղիկների:

…Իսկ տերևները,
իսկ տերևներն
ամեն անգամ
հայտնվում են
տերևաթափին:

«Եղիցի լույս»
Թիվ 02 (196) 2020թ.

Տարածել

Պատասխանել