Դավիթ Միքայելյան / Ժպիտներ՝ ցավի միջից

0

ՄՈՒՔԻՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է
«ՓԵՇՔԵՇԻՑ»…
Արցախյան գոյամարտի օրերին էր: Ամանորի նախօրյակին Մուքին որոշեց այցելել մայրաքաղաքի խանութներ, քաղցրավենիք ու խաղալիքներ գնել թոռնիկների համար, Նոր տարվա առիթով նրանց ուրախացնել: Սակայն ամբողջ օրը խանութից-խանութ շրջելով, չգտնելով սրտի ուզածը, նա դատարկաձեռն, հոգնած ոտքերը մի կերպ քարշ տալով հասավ տուն և դառնացած թախտին պառկելով` ծխախոտ վառեց.
– Չէ՛, կնիկ, Մուքին համբերողը չէ, վաղը ոնց էլ լինի` չիր ու չամիչ, տանձ ու խնձոր պիտի առնեմ շուկայից, թե չէ` թոռնիկներս կասեն` պապիկը ժլատ է:
– Մուքի, ուզում ես առանց ինձ շուկա գնա՞լ,- նեղացավ կինը:
– Էս ցուրտ ձմռանը, մի կարգին էլ շոր չունես հագիդ, էնտեղ ի՞նչ ես կորցրել…
– Խալխի պես ես էլ կին եմ, չէ՞ (դեռ նրանցից էլ ղոչաղ եմ),- հանդիմանեց Մուքու կինը: – Հազար ու մի պակաս-պռատ ունեմ: Ասում են` նորածին երեխայի տաք շորեր են ծախում, էսօր-էգուց հարսդ ծննդատուն է գնալու, մեր խոխին տկլո՞ր ենք տուն բերելու…
– Դե, որ ասում ես, կնիկ, միասին կգնանք,- համաձայնվեց Մուքին,- ես քո խոսքից ե՞րբ եմ դուրս եկել…
Հաջորդ օրը, աքաղաղի ծուղրուղուի հետ մարդ ու կնիկ դուրս եկան ու բռնեցին կոլտնտեսային շուկա տանող ճամփան:
– Ո՞վ է իմանում, գուցե Շոշից կամ հարևան Քարաշենից թարմ կանաչեղեն ու միրգ բերած լինեն, Մուքի: Մեր բախտից` ոչխարի պանիր լինի, հը՞…
Մի միջահասակ ճարպակալած մարդ իր ապրանքն ավելի տեսանելի և «մատչելի» դարձնելու համար գերադասել էր կանացի ներքնաշորերն ու կրծքակալներն ուղղակի թևին փաթաթել, և գլուխ գովելով, հպարտորեն մուշտարի էր կանչում:
– Եկեք, եկեք, այ խանումներ: Ձեր սրտի ուզած շորերը մեզ մոտ են: Ձեր խաթրի համար էժան կտամ, լավը կտամ… Եկեք, հա՜ պրծավ, փոշմանելու եք…
– Թու, քեզ տղամարդ ասողին,- վրդովմունքը չթաքցրեց Մուքին: -Ձենն էլ էնպես գլուխն է գցել, ասես մի մեծ գործի վրա է: Աշխարհիս վրա էլ աբուռ չմնաց…
– Արի, Մուքի ապա, արի, մի քաշվիր, բոլորը քեզ փեշքեշա…
– Ի՞նչ ա, չամի՞չ ես բաժանում, անամոթ,- պայթեց Մուքին: – Դու էլ կասես` փեշակի տեր եմ, էլի… Գոնե տղամարդու ներքնաշորեր վաճառեիր, որպեսզի կանանց աչքից չընկնեիր…
Երկու տղամարդ շուկայի դռների մոտ կանգնած պարույր (սպիրալ) էին վաճառում: Մուքին նկատեց այդ, և մտածելով, թե ձեռքներին թել քաշած թթի չամիչ կլինի, մոտեցավ, որ առնի: Ու նա հազիվ էր մի քանի քայլ արել, երբ գլխի ընկավ, որ ուզած ապրանքը չի, և փոշմանած ետ դառավ:
– Մեր գյուղերի անուշահամ բերքն ու բարիքն ո՞ւր մնացին, է՜,- հառաչեց Մուքին: – Իբրև Ղարաբաղում խաղող, տանձ ու խնձոր չկա՞: Որ նայում եմ` վաճառասեղաններին սաղ բերովի ապրանք է: Ախր, քիչ ունեի՞նք, ծառերի ճյուղերն առատ բերքից կքել էին: Կարկուտը թողե՞ց, որ…
Մուքին հոգնել էր և ուզում էր տուն վերադառնալ, բայց կինը խնդրեց նրան մի փոքր համբերել:
– Նիգարանատեղ ունեմ,- ասաց,- նայեմ` էլի կգնանք:
Նորածին մանկան շորեր պիտի առներ, ուզածը վաճառասեղաններին փնտրեց ու չհավանեց: Եվ շուկայից դուրս գալուց որոշեց դատարկաձեռն տուն չդառնալ, գոնե մեկական նվեր գնել թոռնիկներին: Մի տարեց մարդ և երկու կին կրպակի մոտ ինքնաշեն կոնֆետներ էին վաճառում` ձկան և աքլորի պատկերով:
– Մուքի, բոլ-բոլ չառնե՞նք տանենք երեխաներին,- հարցրեց կինը և առաջ անցավ: – Կիլոգրամն ի՞նչ արժե…
– Միամիտ հարցում ես անում,- դժգոհեց կոնֆետ վաճառող տարեց մարդը: – Կիլոգրամս ո՞րն է, ա քուր, հատով ենք ծախում, է՜, հատով… Մեկը 50 դրամ արժե, էժան, ջրի գին: Վաղը հատը 70-ով եմ ծախելու…
– Տնաշեն, շուկայական հարաբերությունները կոնֆետի վրա էլ եք տարածե՞լ…,- չդիմացավ Մուքին:
– Չեք էլ ամաչում,- վրդովմունքը չթաքցրեց Մուքու կինը: – 50 դրամն ի՞նչ խաբար է, իբրև 30-ն էլ հերիք չի՜…
– Եթե շուկայում աքաղաղը երեք հազար դրամ արժե, ձեզ եմ հարցնում` աքլորաշաքարն ինչո՞ւ պիտի 50 դրամից էժան տամ: Էլ իմ օգուտը ո՞րն է… Ազնիվ խոսք եմ ասում, էսօր մի ջահել հարս ինձնից 200 հատ առել է ու հիմա կենտրոնական զբոսայգում նստած 100 դրամով ծախում է…
– Հա՞,- զարմացավ Մուքու կինը և դեպի ամուսնու կողքը շրջվելով, հազիվ լսելի ձայնով շշնջաց:
– Այ մարդ, դե ասա մենք լավ ենք պրծել, էլի: Օրը մթնում է, արի տուն գնանք…

ԵՎ ՊՈՐՏԸ ՏԵՂԸ ԴՐԻՆ
1988-ին էր: Ստեփանակերտում մի շարք նոր փողոցներ էին ծնվել` հայոց մեծերի անուններով: Սրտանց ուրախացավ Մուքին, երբ մանավանդ իմացավ, որ մայրաքաղաք մտնող պողոտան Մաշտոցի անունն է կրում: Ասաց` վաղուց քաղաքում չեմ եղել, գնամ տեսնեմ` անո՞ւնն է փոխվել, թե՞…
Առիթից օգտվելով, Մուքու կինը մի քիչ պանիր էր «ետ քաշել» և ամուսնուն խնդրեց շաքարավազով փոխանակել:
Եվ Մուքին, լույսը դեռ չծագած, հարևան Արտաշի հետ ձիով ճամփա ընկավ: Նրանք դեռ նոր էին քաղաք մտել ու մոտեցել վերանվանված փողոցի առաջին շենքին, երբ թերթերի ու ամսագրերի կրպակի հետևում մի խումբ կանայք երևացին: Մուքուն թվաց, թե չար աչքից խուսափելու համար ստիպված թաքնվել են: Շատ չանցած՝ շենքի նկուղից նշմարվեցին նաև տղամարդկանց վախվորած հայացքներ, որոնք վայրկենապես անհետացան: Մուքին քայլերը դանդաղեցրեց ու զարմացած դարձավ հարևան Արտաշին.
– Չհասկացա, էս մարդիկ ինչո՞ւ են կեսգիշերին պահմտոցի խաղում…
– Պարետային ժամ է, չէ՞, Մուքի: Ի՞նչ ես քեզ կորցրել,- նկատեց Արտաշը: – Սաֆոնովի զինվորներն էս րոպեին որ մեզ տեսան, իսկույն կալանքի են վերցնելու…
– Ղալաթ կանեն, չեն կարող,- վստահ վրա բերեց Մուքին: -Թող փորձեն` ու էն ժամանակ մտրակիս համը մի լավ կտեսնեն…
Մուքին ու Արտաշը ձիերից իջան և դանդաղ քայլերով առաջ շարժվեցին:
– Վա՜հ,- հառաչեց Մուքին,- գիշերն այս խանութի մոտ եք լուսացրել, հա՞…
– Ստիպված էինք,- դառնացած Մուքուն դարձավ ջահել կանանցից մեկը: – Տանը ծծկեր երեխա, ծեր ու հիվանդ ունենք, ի՞նչ անենք, հորեղբայր…
– Լսել եմ, թե կաթնամթերքներ ստանալու համար ինչ-որ կտրոններ են բաժանել…
– Կտրոններ շատ ունենք, մի ամբողջ տուժին: Դու մթերքներից խոսիր, կա՞, որ վաճառեն…
-Ղարաբաղի տնտեսություններում անասո՞ւն է մնացել… Թուրք-թալանչու աչքը դուրս գա, որ չի կշտանում…,- իրենց վրդովմունքը չթաքցրին կանայք:
Արտաշը Մուքու հետ շրջվեց, որ շենքի բակը մտնի, հարմար տեղ որոնի` ձիերը կապելու համար, հանկարծ ոտքը սայթաքեց և քիչ մնաց կոյուղու դիտանցքում անհետանա…
Հենց շենքի բակում էլ Արտաշն ապրանքափոխանակությունը հաջողացրեց և Մուքուն ազատեց ավելորդ գլխացավանքներից (ախր, Մուքին առևտրից շա՜տ է հեռու):
Տարեց մարդկանցից մեկը, որ Մուքու վաղեմի ծանոթներից էր, նրան շատ խնդրեց տուն մտնել ու մի բաժակ թթի օղի խմել: Մուքին չկարողացավ մերժել: Ու դեռ տան շեմքին ոտք չդրած, զարմացավ.
– Սա ի՞նչ դղրդյուն է, չլինի՞ շենքի նկուղում էլեկտրաղաց ունեք,- կեսլուրջ, կեսկատակ նկատեց նա:
– Չէ, Մուքի ապա, որտեղի՞ց, էլեկտրաղացը երազ է: Սաֆոնովի տանկերն են փողոցով շարժվում: Պարզապես մեզ ամեն ինչում փորձության են ենթարկում, տեսնեն` ոնց ենք դիմանում…
Էդ խոսքերի վրա Մուքին դառնացած շրջվեց, որ տնից դուրս գա, տանտերը նրա թևից մտերմաբար բռնեց և խնդրեց իր հետ նախաճաշել:
– Հրավերի համար շատ եմ շնորհակալ,- ասաց Մուքին,- բայց հիմա ախորժակ չունեմ: Ծարավել եմ, եթե մի բաժակ սառը ջուր լիներ…
– Վո՜ւյ, քոռանամ, էս ինչ խայտառակ բան ստացվեց,- անհարմար զգալով շշնջաց տանտիրուհին: – Չորրորդ օրն է, ինչ ջուր ենք ստանում… Թաղեմ Սաֆոնովին, թուրքին ախպեր դառած իբրև էսպես է «կարգուկանոն» հաստատո՞ւմ… Ոչ ու փուչ եղածն օրուցերեկով էլ չի թողնում ջրի դուրս գանք…
– Ոչինչ, համարյա բան չի մնացել,- սիրտ դրեց Մուքին: -Մի քիչ էլ համբերիր` մեր տղերքը դրանց պորտը մի լավ տեղը կդնեն…
Մուքին իրավացի էր (տղաների հունարը նա լավ գիտեր): Ու մեկ ամիս չանցած, տղերքն, իրոք, սաֆոնովների պորտը մի լավ տեղը դրին…

 

ՀԱՎԵՐՆ ԱՎԵԼԻ ՆԱՄՈՒՍՈՎ
ԴՈՒՐՍ ԵԿԱՆ…
Արցախյան պատերազմի տարիներին էր: Մուքին Երևանից հյուրեր ուներ: Չնայած երեկոյան գառ էր մորթել խնամիների պատվին, սակայն սիրտը մի տեսակ անհանգիստ էր.
– Բա ղոնաղին մենք էսպես էինք պատվո՞ւմ: Հազարից մի անգամ խնամիներս եկել են…
– Այ մարդ, ինչո՞ւ ես նեղվում, դժվար ժամանակներ են: Թուրքը չորս կողմից շրջապատել է, չի թողնում գոնե մեր հարազատների երեսը տեսնենք,- փորձում էր հանգստացնել կինը: -Համ էլ, հո ուրի՞շ չեն, մարդիկ մեզ կհասկանան…
– Չէ՛, կնիկ, ինչ ուզում ես` ասա, Մուքին տեղը դինջ նստողը չի… Առավոտյան, ինչ գնով էլ ուզում է լինի, անպայման շուկա պիտի գնամ: Համ խորովածացու խոզի միս պիտի առնեմ, համ էլ` Խինդողնի գինի: Դու մի լավ ժենգյալով հացի պատրաստություն տես…
Հյուրերը դեռ քնած էին, երբ Մուքին աքլորականչին ձիով դուրս եկավ գյուղից: Մեկ ժամից նա արդեն կոլտնտեսային շուկայում էր:
– Մի ժամանակ Արևելքի ամենաառատ շուկաներից մեկն էր հիշեցնում,- մտածեց Մուքին: -Մտնեմ` տեսնեմ առաջվա մոթալի պանրից կա՞…
Ու դեռ նոր էր մոտեցել Մուքին, երբ զարմանքից քար կտրեց: Աչքերին չհավատաց: Ախր նույն տեղը մի ժամանակ չաղլիկ հնդկահավեր ու կարմրակտուց աքաղաղներ էին վաճառում: Իսկ հիմա՞…
-Լավ, էն կենդանի, հպարտ աքաղաղներն այս ե՞րբ շաքարաքլորների վերածվեցին,- դժգոհեց Մուքին: – Ի՞նչ է, հավի փետուրն էլ է վերանո՞ւմ աշխարհից…
Նա չէր հասցրել սթափվել, երբ շուկայի մուտքի մոտ աղմուկ-աղաղակ բարձրացավ: Մի պառավ կին վարորդի օգնությամբ «Մոսկվիչից» նոր էր խուրջինը դուրս բերել, երբ ամբոխը թափվեց նրա վրա, ու այս ու այն կողմից սկսեցին քաշքշել:
– Կներեք, ի՞նչ է պատահել,- կամացուկ մի ջահել կնոջից հարցում արեց Մուքին:
Վերջինս զարմացած հայացք ձգեց նրա վրա, ոտից գլուխ մի լավ տնտղեց ու թե.
– Ի՞նչ է, դու էս աշխարհից չե՞ս…
– Չհասկացա,- մեղավորի պես փորձեց արդարանալ Մուքին:
– Կանաչի են բերել, այ տնաշեն, թարմ կանաչի…
– Վահ, ուրեմն ժենգյալի համա՞ր է իրարանցումը,- աչքերին չհավատաց Մուքին: – Մեջքդ կոտրվի, Գորբաչով: Ժողովրդին էս ի՞նչ օրի հասցրիր… Մեր բոստանը լիքն է կանաչեղենով: Իմանայի` մեր պառավին կասեի բոլ-բոլ կքաղեր, կբերեի մարդկանց բաժանեի…
Մուքին, մինչև մոթալի պանիր և Խինդողնի գինի գտնելու հույսով մի քանի պտույտ կգործեր շուկայում, դիմացից դուրս եկավ նրա ծանոթներից մեկը, որին դեմքով էր հիշում:
– Ի՞նչ կա, ի՞նչ չկա:
– Ի՞նչ ասեմ, է՜,- հառաչեց նա: Առավոտվանից սպասում եմ, որ ծախու կարտոֆիլ բերեն, մի քանի կիլոգրամ առնեմ, ու մինչև հիմա չկա…
– Ա՛յ տնաշեն, բա ձեր Ավետարանոցը հենց էն գլխից կարտոֆիլի երկիր է: Էս ասֆալտի վրա, ախր ի՞նչ գործ ունես… Մոսկվան քեզ համար կարտոֆիլ է ուղարկելու` բոլ-բոլ ուտե՞ս…
Էս խոսքերի վրա Մուքու ծանոթը, չգիտես` շատ ազդվելուց, թե ամաչելուց, անհետացավ ու էլ չերևաց…
Կոլտնտեսային խանութներն էլ հիմնականում փակ էին, վաճառասեղանները` լիովին դատարկ: Հուզմունքից Մուքու մարմնով սարսուռ անցավ:
– Պահո՜, առանց Խինդողնու պիտի տուն դառնա՞մ,- սրտնեղվեց Մուքին: -Ասենք` բոլ-բոլ թթի օղի ունեմ, բայց այդքանը մի շիշ գինի է դառնո՞ւմ…
Մուքին հոգնած ու դառնացած ուզում էր շուկայից դուրս գալ, մուտքի կրպակի փոքրիկ պատուհանից մի երիտասարդ գլուխն արագ հանեց ու սիրալիր նրան առաջարկեց թղթե տոպրակ գնել:
– Ախր գնելու ապրանք չկա շուկայում, տոպրակն ինչի՞ս է պետք,- վրդովված հանդիմանեց նա: -Փուչի՞կ է, որ տանեմ երեխեքը խաղա՞ն…
– Պահեք, պետք կգա,- համոզեց երիտասարդը: – Ասում են՝ տղերքը շրջան են գնացել, գուցե խաղող են բերելու…
Շուկայի ելքի մոտ մի գյուղացի կին կանգնեցրեց Մուքուն.
– Ախպեր, ձու կա, թարմ ձու… Ամա շաքարի կամ յուղի տալոնով եմ փոխում…
Մուքին իրեն չկորցրեց.
– Ա քուր, ձվի կարիք չունենք: Համ էլ` մեր հավերը մի քանի տղամարդուց էլ նամուսով են, դրություն են մտնում…
Գյուղ վերադառնալուց` ճամփին Մուքին մի փոքր դիլխոր ընկավ: Ու մեկ էլ մտածեց, ուրիշ բան որ չլինի էլ, պառավը բոլ-բոլ ձվածեղ կանի: Ժենգյալով հացն էլ, դե, կա ու կա…

Էջի պատասխանատու` Կիմ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ծաղրանկարը՝ Վադիմ ԲԱԲԱՅԱՆԻ

«Եղիցի լույս»
Թիվ 01 (195) 2020թ.

Տարածել

Պատասխանել