Ամալյա Գրիգորյան- Վարդան Հակոբյան/Վերադարձի խորհուրդը կամ արցախյան զանգերի առասպելները

0

Ա.Գ.- «Ի հեճուկս: Հուշերի երկրի առասպելը» աշխատության մեջ Սերգեյ Սարինյանն այսպիսի խոստովանություն է արել. «Հայրենական իմ վերադարձի խորհրդանիշը եղավ Վարդան Հակոբյանը»:
Վ.Հ.- Ինձ համար դժվար է այդ հարցին պատասխանելը: Չէ, այստեղ համեստության կամ անհամեստության խնդիրը չէ: Բացարձակապես այլ պատճառներ կան, որոնցից ամենագլխավորը, թերևս, կփորձեմ ներկայացնել: Հարցն այն է, որ Սերգեյ Սարինյանը երբեք Արցախից օտարված չի եղել՝ որպես էություն, որպես (Սարինյանի սիրած փիլիսոփաներից մեկի՝ Կիերկեգորի բառով ասենք) էկզիստենցիա: Նրա գիտական, փիլիսոփայական, մանկավարժական և այլ ոլորտներում ձեռք բերած մեծագույն նվաճումների հիմքը հայրենի եզերքն էր, որն ամենուրեք կանոնավորում էր նրա արյան վարքը: Ես նկատել եմ մեր առաջին իսկ հանդիպման ժամանակ: Հին հայոց Արևելից Կողմանքի մարդկանց բնորոշող բոլոր էական հատկանիշները, որոնցով նրանց կերպարն ամբողջանում է, Սարինյանի մեջ կային՝ պատվասիրություն, բարձր արժանապատվություն, հյուրասիրություն, ասպետականություն, ազնվականություն, սկզբունքայնություն, անդրդվելիություն, համառություն, նվիրվածություն, հայրենասիրություն՝ բառի ամենախոր իմաստով, նրբանկատություն, ընկերասիրություն, բարոյապաշտություն ու բացառիկ անկեղծություն, մարդամոտություն, հարահասություն, բարություն… Հնարավոր չէ բոլորը թվել: Եվ Սարինյանի ինտելեկտի ձևավորման գործում այս ամենն, անշուշտ, դերակատարություն է ունեցել:
Քանի որ դու նշեցիր «Ի հեճուկս» գրքի մասին, Ամալյա, ես էլ ուզում եմ հենց այդտեղից կատարել իմ մեջբերումը, ուր պարզ ու հստակ երևում են տիեզերական ապրումի այն ելևէջները, որոնցով առանձնանում են Սարինյանի միտքն ու հոգին: Սակայն մինչ Սարինյանի խոսքին դիմելը, նշեմ, որ այն, ինչ ասում է Սարինյանն իմ մասին, դա հիմնականում հասցեագրված է Արցախին, մեզ կյանք տված բանաստեղծական եզերքին:
Ա.Գ.- Դուք, անշուշտ, ճիշտ եք նկատել: Սակայն Ձեր ասածին ես կավելացնեի, որ Սարինյանն արցախցու կերպարում, տվյալ դեպքում՝ Ձեր մեջ, տեսնում էր հայրենի եզերքների շունչն ու ոգին: Նորից պիտի դիմեմ գիտնականի խոսքին, ուր հստակ երևում է սարինյանական թռիչքի անկրկնելիությունը, այս անգամ արդեն՝ գեղարվեստական մտքի մեջ: Ահա. «Իմ հուշերի գրքում Վարդանը բոլորովին այլ երանգ ուներ, որ վեր է թե բանաստեղծությունից և թե որևէ այլ առնչությունից: Այնքան նվիրական է մտերմությունը և այնքան հաճելի` գրեթե ամենօրյա նրա հեռախոսազանգը… Իսկ արցախյան այդ զանգերը առասպելներ են պատմում, թե ինչպես Ընձանի ձորում որոտ-կայծակների ծանր ու ահարկու դղրդոցով հին աստվածներն ավարտում են տիեզերական ինչ-որ արարչություն, և Սաքի պապունց աղբյուրի հովտում լռությունն աներևույթ ոգիների կախարդական շուրջպարը՝ Փերիների քնքուշ թևերով, սահարկում է դեպի Պտկեսի վանք ու հաղորդակցում Աստծու հետ, կամ ինչ հեքիաթներ են պատմում Ցեխձորի անտառները, և ինչ երազներ են օրորում արշալույսները Թռվասերի բացատներում, ուր հեքիաթային մեղեդիներով են արթնանում Պռավահարթի թփուտներում ծվարած միրհավերը, կամ ինչ լեգենդներ են թարգմանում հավերժության վկաները Շլորահողի Տնջրոտում: Անփոխարինելի բանահյուսական մասունքներ, որոնք իմ կենսագրության մեջ ընդհատվել էին իմ ընկեր Խորենի «Ինչ սիրուն է Ղարաբաղը» երգի հնչյուններով»:
Վ.Հ.- Բավական բնորոշ օրինակ բերեցիր: Ինչպես տեսնում ենք, իմ անունը և հեռախոսազանգերը Սարինյանի խոսքի մեջ ասոցացվում են հայրենի բնաշխարհի, ծննդավայրի հարազատ տեղանունների հետ:
Եվ այսքանից հետո՝ ի՞նչ «վերադարձի» մասին կարող է խոսք լինել, երբ նա, փաստորեն, հոգով-սրտով միշտ Արցախում էր: Նա երբ Արցախից նորից Երևան էր մեկնում, դա վերադարձ չէր համարումիր համար, գտնելով, որ Արցախից մեկնելը, այսինքն, վերադարձը դեպի Երևան՝ «պայմանական է»: Եվ բացարձակ իրականությունը դա էր:
Մյուս կողմից էլ ասեմ, որ Սարինյանը ճիշտ է անում, ի վերջո, երբ իր արցախյան «վերադարձը» կապում է իմ անվան հետ: Փաստորեն ես նրան, ելնելով մեր մտերմությունից, ուղղակի անընդհատ «ստիպում» էի լինել Ղարաբաղում: Ինչո՞ւ: Այս հարցադրումը շատ խորքեր ունի:
Երբ ես աշխատանքի անցա գրողների միությունում, տեսա հստակորեն, որ մեր գրական ընտանիքը, երեսունյոթական թվականների գլխատումից հետո, դեռևս չի վերագտել իրեն լիովին: Բագրատ Ուլուբաբյանին, Բոգդան Ջանյանին և շատ ուրիշ երևելիների, ուղղակի արտաքսել են Արցախից ազերական իշխանություններն ու «արցախյան» նրանց դրածոները: Մեր գրական ընտանիքն ուներ միայն միջին սերունդ՝ Գուրգեն Գաբրիելյան, Հրաչյա Բեգլարյան, Մաքսիմ Հովհաննիսյան, Իսահակ Ալավերդյան, Գերասիմ Հովսեփյան և ուրիշներ, ինչպես նաև մեկ-երկու երիտասարդ կամ սկսնակ գրողներ: Ավագ սերունդ չկար…
Ա.Գ.- Իսկապես, դա մեզ համար շատ ցավոտ հարց է: Այդ խնդրին, երբ ես անդրադառնում էի իմ թեկնածուական ատենախոսության մեջ («Ազատամարտի արցախյան պոեզիան»), ստիպված էի արխիվային շատ նյութեր ուսումնասիրել: Ուղղակի մարդու մարմնով սարսուռ է անցնում, երբ կարդում է դրանք, տեղեկանում, թե ինչ պայմաններում են այդ տարիներին Սիբիր քշել, ասենք, Գրիգոր Ներսիսյանին՝ նացիոնալիզմի մեղադրանքով… Ինչպես են արտաքսել Արցախից արցախյան շարժման առաջնորդ Բագրատ Ուլուբաբյանին… Եվ ոչ միայն… Բայց Արցախը թթենու նման նորից շյուղեր տվեց: Փառք Աստծո…
Վ.Հ.- Ամեն: Տունը բոլոր տարիքի սերունդների ներկայությամբ է տուն դառնում: Ես իմ առաջ նպատակ դրի՝ ինչ գնով էլ լինի (դրանք կևորկովյան դժնդակ ժամանակներն էին), մեր հողի մեծերին կապել Արցախին: Դա ոչ մայն գրականություն, այլև ազգային քաղաքականություն էր, որի իրականացման ուղիները մշակում էի Հրաչյա Բեգլարյանի և Բագրատ Ուլուբաբյանի, ինչպես նաև Գուրգեն Գաբրիելյանի և Մաքսիմ Հովհաննիսյանի հետ: Երկար ժամանակ Արցախի դռները գոց էին Ուլուբաբյանի և Ջանյանի առաջ: Ես Բագրատ Ուլուբաբյանին և Բոգդան Ջանյանին ոչ միայն հրավիրում էի Արցախ, այլև գաղտնի ձևով նրանց բերող-տանող ճանապարհը դարձրի բանուկ: Ավելի ուշ մեր գրողների միությունը ստանձնեց Ուլուբաբյանի և Ջանյանի հոբելյանական երեկոների կազմակերպումը, հանդիպումների անցկացումը նրանց հետ: Արցախցիները շատ էին կարոտել իրենց նվիրյալ մեծերի խոսքին: Եվ հիմա, երբ տարիների հեռվից նայում եմ, զգում եմ, որ ճիշտ եմ վարվել: Դա մեր ոչ միայն գրական, այլև ընդհանուր գործին հոգևոր մեծ նպաստներ է բերել: Հենց այս հողի վրա է սկսել նոր սերմեր ձգել ազգային-ազատագրական շարժումը:
Հրավիրում էինք ոչ միայն գրողների: Հայ մեծանուն գիտնականներին ու արվեստագետներին նույնպես չէինք մոռանում: Ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի հոբելյանական միջոցառումների անցկացումը Ստեփանակերտում և նրա ծննդավայր Տումիում վերածվել էր գիտամշակութային մեծ իրադարձության:
Բնականաբար, չէինք բավարարվում միայն արցախածնունդ գործիչներին Արցախ բերելով:
Ա.Գ.- Պարբերական մամուլում, հիմնականում՝ «Սովետական Ղարաբաղ» (այժմ՝ «Ազատ Արցախ») թերթում հարուստ տեղեկություն կա գրական հանդիպումների մասին: Արցախցիների հիշողության մեջ անմոռաց են Սիլվա Կապուտիկյանի, Սերո Խանզադյանի, Հրաչյա Հովհաննիսյանի, Մարո Մարգարյանի, Սուրեն Այվազյանի, Ռազմիկ Դավոյանի, Լյուդվիգ Դուրյանի, Վարդգես Պետրոսյանի, Ռուբեն Հովսեփյանի, Միքայել Հարությունյանի, Հովհաննես Գրիգորյանի, Լևոն Խեչոյանի, Դավիթ Հովհաննեսի, Լևոն Անանյանի, Էդուարդ Միլիտոնյանի, Վարդգես Բաբայանի, Ավիկ Իսահակյանի, Ազատ Եղիազարյանի, Հակոբ Մովսեսի, Անժիկ Հակոբյանի, Ֆելիքս Մելոյանի, ռուս գրողներ Միքայել Դուդինի, Վալենտին Օսկոցկու, Անդրեյ Նույկինի և շատ ու շատ արժանավոր արվեստագետների այցելությունները: Դպրոցականներիս համար այդ տարիներին մեծ բավականություն էր առաջին անգամ տեսնել մեր ազգային գրականության կենդանի մեծերին…
Վ.Հ.- Իհարկե: Մանավանդ մանկության շրջանի տպավորությունները խորն են լինում ու մնայուն: Արցախի մեր ժողովրդի սիրտը, ինչպես ասում են, ծարավից ու կարոտից ճաքճքում էր… Ես դա զգում էի ամեն քայլի, իմ ու իմ գրչակիցների փորձով… Այդ շրջանում Արցախ հրավիրեցինք նաև «Գարուն» հանդեսի խմբագրության կոլեկտիվին, ստեղծագործական աշխատողներին, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի իմ լավ ընկեր-ընկերուհիներին՝ Ազատ Եղիազարյան, Անահիտ Չարենց, Լաուրա Մուրադյան, Նելլի Անանյան, Արամ Ալեքսանյան… Գրողների միության վարչությանը հետագայում Ստեփանակերտի քաղաքապետ, արցախյան շարժման ակտիվ գործիչ (ժամանակին նա Արցախի միակ պետական տպարանի տնօրենն էր) Յուրի Ներսիսյանն անհատույց հատկացրել էր Ն. Ստեփանյանի անվան այգում մի շենք-սրճարան, որը կոչել էինք «Պապունց տուն», և այնտեղ էինք շատ անգամ հանդիպումներ կազմակերպում ոչ միայն մայր Հայաստանից, այլև Սփյուռքից հրավիրված մեր ընկերներին՝ Ռուբեն Մելիք, Վահե Օշական, Վահրամ Հաճյան, Զուլալ Գազանճյան, Արփի Թոթոյան, Գրիգոր Պըլտյան…
Եվ այս հանդիպումների համապատկերում ցայտուն ուրվագծվում էր Սերգեյ Սարինյանի «բացակայությունը»: Մի օր այս մասին Սերգեյ Սարինյանին ասացի Եղվարդում՝ Բագրատ Ուլուբաբյանի տանը, սեղանի շուրջ: Այդտեղ էին Բոգդան Ջանյանը, ակադեմիկոս Լևոն Մկրտչյանը, մեր հայրենակից գրող Զորայր Խալափյանը, ականավոր պատմաբան Հրաչյա Սիմոնյանը և ուրիշներ: Գրեթե բոլոր սեղանակիցները պաշտպանեցին իմ առաջարկությունը: Իսկ Սերգեյ Սարինյանն ընդամենը ժպտաց քթի տակ ու այդ խոսակցությանը վերջ դրեց արցախյան բարբառով. «Ծեր փիշակեն կացեք, եսնա Վարդանը էտ հարցը կլուծենք»:
Եվ լուծեցինք: Թեև գիտեի, որ Սերգեյ Սարինյանին հնարավոր չէ ընդդիմանալ, բայց ես ոչ միայն «հոսանքին հակառակ» էի գնում, այլև անվերջ համոզում էի, որ իր ներկայությունը Արցախում շատ բան կփոխի դեպի լավը: Հետո տեսա, որ այս «պահանջատիրության» մեջ ինձ կարող է մեծ օգնություն ցույց տալ նաև Սերգեյ Սարինյանի համագյուղացի Սևակ Արզումանյանը: Ի դեպ, ասեմ, որ Սևակ Արզումանյանի հետ ես բավական ջերմ ու բարեկամական հարաբերությունների մեջ եմ եղել «մշտապես»: Չեմ թաքցնում՝ իմ բախտը լավ ընկերներ ունենալու հարցում միշտ բերել է…
Ա.Գ.- Մենք՝ դասախոսներս և ուսանողությունը, ամեն անգամ անհամբերությամբ էինք սպասում Սերգեյ Սարինյանին… Նա իր հետ հատկապես նոր լույս տեսած իր գրքերից էր բերում նարեկցիներիս համար, գրքեր, որոնց կարիքը մեր բուհում շատ էր զգացվում:
Վ.Հ.- Ինչ խոսք: Սերգեյ Սարինյանին պարբերաբար Արցախ բերելու հարցում էական դերակատարություն ունեցան երկու կարևոր հանգամանք ևս. Մուրացանյան օրերի անցկացումն Արցախում, ապա Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի հիմնադրումը: Երկու դեպքում էլ մեզանից շատ ջանքեր պահանջվեցին:
Այդ տարիներին Գորիսից հաճախ էին արցախցի գրողներիս հրավիրում Ակսել Բակունցին նվիրված գրական-գեղարվեստական տոնակատարություններին, որոնց մասնակցում էին հայոց գրական մեծերը՝ Համո Սահյան, Հրանտ Մաթևոսյան, Սերո Խանզադյան, Վարդգես Պետրոսյան, Հրաչյա Հովհաննիսյան, Վահագն Դավթյան, Լևոն Խեչոյան… Այդ տոները համաժողովրդական բնույթ էին կրում: Եվ ամեն անգամ, իմ մասնակցությունից հետո, այս մասին զրուցում-կիսվում էինք Սարինյանի հետ, պատմում էի, թե ովքեր մասնակցեցին, ելույթներ ունեցան: Մանավանդ, որպես կանոն, մշտապես խոսք էր տրվում նաև Արցախի գրողների միության նախագահիս… Մի անգամ, երբ Սարինյանն ուշադիր լսում էր իմ պատմությունները, այսպիսի գաղափար արտահայտեցի, որն, ավելի շատ ինքս ինձ էի ուղղում ասես.
– Ընկեր Սարինյան… Գուցե մի այդպիսի գրական տոն էլ Արցախում անցկացնենք՝ նվիրված Մուրացանին…
– Բայց իշխանությունները կթողնե՞ն որ…
– Կհամոզենք,- ասացի,- այս մասին կպայմանավորվենք մեր գրողների հետ՝ Մաքսիմ Հովհաննիսյան, Հրաչյա Բեգլարյան, Գուրգեն Գաբրիելյան… Կարծում եմ, խմբով մի բանի կհասնենք:
Ես գիտեի, որ այդ գաղափարը պիտի մուրացանագետ Սարինյանի սրտով լինի: Եվ չսխալվեցի:
– Այ տղա, երևակայիր, լավ բան ես ասում… Մեկ-մեկ էլ ես կգամ, ելույթներ կունենամ…
– Բա՞…,- ոգևորվում եմ,- քո մասնակցությունը շուք կհաղորդի Մուրացանյան բոլոր տոնակատարություններին… Որոշեցի՞նք, ընկեր Սարինյան…
Մուրացանը իմ սիրած հեղինակներից է՝ որպես գեղագետ, ինքնատիպ արվեստագետ ու մեր պատմավիպասանության անգերազանցելի վարպետ, առաջին հերթին՝ արծարծած գաղափարների հրատապությամբ՝ ազգային միաբանություն, անհատի առաքելություն, ընտանիքի և պետականության ամրապնդում և այլն: Եվ ես ուզում էի, որ իր միաբանության գաղափարով Մուրացանն ազգի մեծերին ևս միավորի Արցախում:
Մի անգամ, երբ արդեն Գորիսից վերադարձել էինք՝ Բակունցյան հերթական տոնին մասնակցելուց հետո (այն կազմակերպվում էր միշտ կուսակցական-պետական գործիչների հովանու ներքո և նրանց ակտիվ մասնակցությամբ), ես կուսակցության ԼՂ մարզկոմի բաժնի վարիչ Վահան Հարությունյանին պատմեցի իմ մտադրության մասին. «Իսկ ինչո՞ւ մենք էլ նման միջոցառում չանցկացնենք… Մուրացանի նման հզոր դասական է տվել Արցախի հողը: Գյումրիում Իսահակյանին և Շիրազին նվիրված ամենամյա գրական տոներ են անցկացվում, Գանձայում՝ Տերյանին… Շուշիում Վագիֆի օրեր են անցկացնում ադրբեջանցի գրողները… Իսկ մե՞նք… Մեր մեծերին իրենց ծննդավայրերում հիշելով-մեծարելով՝ ժողովրդին ավելի կկապենք մեր հոգևոր արմատներին»:
Իմ այդ գաղափարի մասին դրանից առաջ ասել էի նաև «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրին՝ երջանկահիշատակ Հովհաննես Արզումանյանին, նա էր ինձ համոզել, որ լավ կլինի այդ խնդիրը Կևորկովին ներկայացնել Վահան Հարությունյանի միջոցով… Եվ չէր սխալվում: Վահան Բախշիևիչի դեմքը պայծառացավ իմ խոսքերից, նայեց աչքերիս, թե.
– Վարդան, շատ լավ կլինի… Բայց դու՝ որպես գրողների միության ղեկավար, պիտի առիթ գտնես և Մուրացանի մասին անձամբ ասես Կևորկովին… Վագիֆի մասին ակնարկդ տեղին էր, Կևորկովի մոտ էլ ընդգծիր, ինտերնացիոնալիզմ է, չէ՞… Մանավանդ Մուրացանի արձանն էլ Ստեփանակերտում կանգնեցվել է իր՝ Կևորկովի օրոք…
Այդպես էլ վարվեցի:
Գործը ոչ միայն գլուխ եկավ, այլև, Գաբո Ապոր, Հրաչյա Բեգլարյանի հետ միասին հասանք նրան, որ լուծվեց նաև Ստեփանակերտի Չարենցի անվան 7-րդ դպրոցի մուտքի մոտ Չարենցի հարթաքանդակը դնելու խնդիրը:
Այսպես, ինչպես ասում են, «մի ձեռքով երկու ձմերուկ բռնեցինք»:
Ա.Գ.- Մեր իրականության մեջ, հիմա էլ, ցավոք, չենք կարողանում լիարժեք գնահատել մեր արվեստի և գրականության մեծերի հուշարձանների կարևորությունը: Երբ Ղազարոս Աղայանի հսկա կիսանդրին կանգնեցվեց Սեյտիշենի՝ մեր դպրոցի բակում, ասես դրանից մթնոլորտը փոխվեց՝ թե՛ դպրոցում, թե՛ գյուղի հասարակության, թե՛ սովորողներիս մեջ: Աղայանն իր շուրջը ստեղծեց աուրա, դրական կենսադաշտ: Նույնը կարելի է ասել և Մուրացանի արձանի մասին, որը դրված էր Ստեփանակերտի կենտրոնական պողոտայի ամենատեսարժան մասում, բայց, չգիտես ինչու, ում կամքով այն տարան Շուշի ու այնտեղ ոչ գրողի անունը կրող մի դպրոցի բակում «թաքցրին»… Մինչդեռ այն մայրաքաղաքային մոնումենտ է և շատ էր սազում Ստեփանակերտին… Օրինակ, Չարենցի հարթաքանդակը փոխեց մեր քաղաքի տեսքը…
Վ.Հ.- Ես միանշանակորեն կիսում եմ քո մտահոգությունը: Մուրացանյան օրերն Արցախում վաղուց դարձել են ամենամյա տոնակատարություններ: Եվ մենք ականատես ենք լինում ամեն անգամ տխուր մի փաստի: Մուրացանի արձանը հիմա այլ մի անուն (նույնպես արժանավոր) կրող կրթական հաստատության բակում է, ասես օտարված է ինքն իր ծննդավայրում: Մինչդեռ նրա իսկական տեղը (Շուշիում լինի, թե Ստեփանակերտում) միայն կենտրոնն է… Դա է պահանջում նաև հուշարձանի մոնումենտալ կազմվածքը…
Մայր Հայաստանի մեր նշանավոր արվեստագետներն ամեն տարի խմբերով հրավիրվում են Արցախ, մասնակցում գրական տոնին… Եվ բոլորիս մեջ էլ մշտապես նույն հարցն է ծագում՝ ինչո՞վ է բացատրվում Մուրացանի հուշարձանի նկատմամբ նման ոչ համարժեք մոտեցումը: Ի դեպ, ասեմ, որ Սարինյանն էլ՝ որպես մուրացանագետ, հիմնականում անպակաս էր լինում այդ տոներից: Նույն հարցը նաև նա էր տալիս մեզ… Ուղղակի ցավում եմ, որ Սարինյանը հետագայում, առողջության պատճառով, այլևս չկարողացավ ոչ միայն մասնակցել մինչ օրս շարունակվող այդ միջոցառումներին, այլև ներկա չեղավ նաև Արցախում անցկացվող Պոեզիայի միջազգային փառատոներին, որոնք Անդրկովկասում առաջինը մենք կազմակերպեցինք, այն էլ՝ երկու անգամ՝ աշխարհի տասնհինգ-քսան տերությունների գրչի վարպետների ակտիվ մասնակցությամբ:
Իսկ Սարինյանն այնքան էր ուզում պոեզիայի այդ փառատոներին մասնակցել…
Արցախում Սարինյանն իր տանն էր՝ բառի ամենաուղղակի և ամենաընդգրկուն իմաստով: Նա զգալիորեն աջակցեց ինձ Ստեփանակերտում Գրիգոր Նարեկացի համալսարանի հիմնադրման գործում: Մշտապես նրան հրավիրում էի հատուկ դասընթացներում դասախոսություններով հանդես գալու, որը նա կատարում էր անհուն նվիրումով ու սիրով: Ընդգրկված էր բուհի «Նարեկ» և «Դպրատուն» հանդեսների հրատարակման աշխատանքներում: Երկար ժամանակ «Նարեկի» և ապա «Դպրատան» գլխավոր խմբագիրն էր, մեր համալսարանի թիվ մեկ խորհրդատուն:
Օր օրի Սերգեյ Սարինյանի Արցախում լինելու անհրաժեշտությունը դարձավ օրինաչափ և պահանջված՝ պայմանավորված այնպիսի գործունեությամբ, որը նրա ներկայությունն այլևս դարձնում էր անմերժելի…
Այսպես դանդաղ, բայց հիմնավոր ձևով Սերգեյ Սարինյանի առաջ ավելի բանուկ է դառնում Արցախի ճանապարհը: Այս մասին ոչ ոք ավելի լավ չի ասել, քան ինքը՝ Սարինյանը. «Գոյություն ունի վերադարձի փիլիսոփայական կոնցեպցիա, և մարդ որքան մեծանում է՝ ավելի է թեքվում դեպի մանկությունը, դեպի իր ակունքները»:
Ճիշտ է, այդ ժամանակ Սարինյանը դեռ հեռու էր ծերունական տարիքից, բայց բոլոր դեպքերում «կոնցեպցիան» գործել է: Իսկ ես ընդամենը եղել եմ միջնորդ Սարինյանի և Սարինյանի միջև՝ նրան հայրենի եզերքին կրկին «կապելու» հարցում: Ու, երևի թե, անցած քառասուն տարիների ընթացքում ոչ մի դրսաբնակ արցախցի այնքան հաճախ չի այցելել ծննդավայր, որքան Սերգեյ Սարինյանը: Շատ անգամ գալիս էր թոռան՝ Էդգարի հետ, որով անչափ հպարտանում էր, գալիս էր երբեմն փեսայի՝ Արթուրի հետ: Բայց հիմնականում Սերգեյ Սարինյանն ու Սևակ Արզումանյանը միասին էին այցելում Արցախ:
Եվ այդ տարիներն իմ կյանքի ամենաերանական ժամանակներն էին:

Հատված «Սարինյանի ֆենոմենը» երկխոսությունից

«Եղիցի լույս»
Թիվ 02 (196) 2020թ.

Տարածել

Պատասխանել