Կամիլա Երկանյան / Պատերազմի երգեր

0

***

Ինձ ու քեզ շրջափակած հայրենիքում

Ամենակատարեալ սիրոյ ժամանակն է․

Իսկ ծառերը երազանքի բներ են,

Որոնց կատարներին տաքանում է

Մեր կեանքի ամենացուրտ արեւը․․․

 

***

Հայելու մէջ քո դեմքն է մնացել,

Իսկ ես արդեն երեք տարի է

Սանրւում եմ քամու մատներով․․․

Գիտե՜ս,

Չեմ կարողանում ինքնասպան լինել,

Որովհետեւ իմ մէջ ապրում է

Քո բացակայ ներկայութիւնը․․․

 

***

Ես, էլ չեմ հագնում այս կօշիկները,

Որոնք անցել են քեզ տանելու ճանապարհով․․․

Իսկ փողոցի վերջում կանգնած ծառը

Իմ փոխարէն հասել է երկինք․․․

 

(Ի՜նչ տարօրինակ կին եմ).

Ապրում եմ քո չապրած օրերը,

Յիշողութեան հողի մէջ տնկելով մարմինս,

Որպէս քո գոյութեան անաւարտ թախիծ․․․

 

***

Կանգնել եմ քո ոտնահեքերի վրայ,

Որ չմրսես․․․

Կգա՜ս․

Միայն ձեռքերս գիտեն

Քո թեւերի դատարկութիւնը,

Երբ ամէն գիշեր գրկում են ինձ՝

Քո փոխարէն․․․

 

***

Քեզանից հետո

Բոլոր առաւօտները նոյնն են,

Իսկ մեր բակի շունը ծերացաւ

Մի ձմերուայ մէջ․․․

Ես չեմ կարողանում աւարտել

Ամենակորած օրը․․․

 

***

Ես դեռ ապրում եմ

Քեզ համար յորինելով երգեր․

Գիտե՜մ,

Այնտեղ, որտեղ  հիմա դու ես,

Էլ պատերազմ չկայ․

Միայն երկինքն է

Մի քիչ ծանրացել մարմնիդ վրայ,

Որտեղ աճել են յուշածաղիկներ․․․

 

***

Ես իմ մենութեան գոյնն եմ,

Մրսող մի եղանակ,

Որ չկայ ոչ մի օրացոյցում․․․

Ու ոչ ոք չգիտի, թէ ինչպէս եմ թափւում

Աշխարհի ամենասիրուն անձրեւից․․․

 

***

․․․լուսամուտից սայթաքած լոյսը

Ընկաւ իմ ու քո մարմինները

Հատող սահնամնին․․․

Ու ես տեսայ, թէ ինչպէս էր

Ինձանից հեռանում

Քեզ համար չգրած

Իմ վերջին բանաստեղծութիւնը․․․

 

ՇՐՋԱՓԱԿՈՒՄ

Իմ ու քո միջեւ

Լայնանում է երկինքը,

Մեզնից դուրս մնացած ամպերը

Իջել են ծառերի կատարներին

Ու քաղաքը լցուել է երազի փուչիկներով․․․

Միայն կինը գիտէ

Դատարկ ճանապարհի ոտնակարօտը,

Երբ բոլորից թաքուն տաքացնում է արեւին

Իր սառած ծոցում․․․

 

***

Ինձանից բացի միայն ես եմ մնացել

Քո դռան շեմին կանգնած․

Ոչ մտնել է լինում,

Ոչ հեռանալ․․․

Իսկ թռչունները

Շարունակում են բոյն դնել

Դատարկ  օրուայ թաց կտուրին․․․

 

***

Միեւնոյնն է, եթէ բոլորը սովորեն ապրել,

Կը գտնուի մի կին,

Ով կը մեռնի հայրենիքի համար

Զոհուած սիրոյ մասին․․․

 

Մի քիչ անաղմուկ քայլէք

Հայրենիքի փողոցներով․․․

 

***

Մենք հանդիպեցինք պատերազմից առաջ,

Որ կոյս չմնայ երազը․․․

Երկրի սրտում մի քար յամրացաւ՝

Չնայած պատերազմի աւարտին

Մնացել էր ընդամենը մի բաժանում․․․

 

***

Մենք նորից կը հանդիպենք

Ու ես կրկին կը մերկանամ՝

Մի քիչ տաքանալու համար․․․

 

***

Իմ սիրոյ միակ բնակիչը դու ես,

Ես՝ քո Էրգրի ամենագեղեցիկ կինը․

Ի՜նչ փոյթ, թէ պատերազմ է,

Միեւնոյն է միշտ էլ մեռնում են

Ամենագեղեցիկ կանայք․․․

 

***

Ես հեռացայ,

Որպէսզի փրկեմ սէրը․

Հիմա միայն սէրն է,

Որ ունի մեզ․․․

 

***

Ես վախենում եմ,

Որ կը հանդիպենք մի օր,

Եւ ես չեմ տեսնի,

Թէ ինչպէս ես դու

Հեռանում ինձնից․․․

 

***

Այդ միայն հեքիաթում է լինում,

Որ լինում է միայն հեքիաթում․․․

Վախեցիր երազանքների իրականացումից։

Ես ամէն այգացողի հաւաքում եմ ինձնից

Անտուն գիշերները ու չգիտեմ՝

Որտեղ ենք յանդիպելու

Յաջորդ անգամ․․․

 

***

Եկանք ուշացած,

Հեռացել էինք մեզնից․․․

Ես սիրում եմ քեզ․

Ի՜նչ փոյթ, որ տարել ես

Շուրթիս վերջին աղօթքը

Ու ես մնացել եմ ինձնից թաց․․․

Դեկտեմբեր 2022թ․- Յունուար 2023թ․

Տարածել

Պատասխանել