Արիս Արսենի / Աշխարհը` ուղտի ականջում քնած…

0

ԱՐՑԱԽ

Քեզ նորից դրին նժարի վրա,

Քեզ նորից առան,

Նորից ծախեցին։

Ու թեև դեռ ողջ՝

Նորից թաղեցին։

 

Բայց դու մնացիր,

Ապրեցիր,

Քանզի

Քո մեջ դեռ շունչն է ավարայրների։

 

Ու քո թշնամին ինչքան վայրենի՝

Դու այնքան պիտի մնաս կյանքային։

 

Դու ապրես պիտի,

Մաքառես պիտի,

Արարես պիտի՝

Ինչ էլ որ լինի։

04.04.2022 թ. (ժ. 12։15),

14.04.2022 թ. (ժ. 17։04)

Ստեփանակերտ

 

ԲՆԱՆԿԱՐ

Նկարչության տետրիս

հաջորդ ազատ էջում

ես կարմիրով արև եմ նկարում,

կանաչով՝ կանաչ ծածկույթ,

դեղինով՝

ցորյան արտերի հասուն ծփանք,

կապույտով՝ երկինք

ու մանուշակի կապույտ աչիկներ:

 

Նաև

մոխրագույն եմ խառնում նկարածիս:

Մոխրագույնով նկարում եմ

մթնած մի ամպիկ՝

անձրևախառն երկնքի

հեռու մի անկյունում,

սևով՝ գիշեր,

բայց անպայման

աստղազարդ եմ նկարում

գիշերվա երկինքը,

որ չանձրևի հանկարծ

և առավոտյան

ակամա չհանդիպեմ

լացած աչիկներով ծաղիկների:

 

…Դու քնած ես

այնպես հանգիստ ու անխռով,

որ չեմ ուզում լուսաբացը շտապի

և առավոտյան ակամա չտեսնես

ծաղիկների աչիկները լացած:

15.03.2022 թ. (ժ. 1:24)

Ստեփանակերտ

 

ՆՈՐ ՏԱՐԻ

Ամեն ինչ իր հերթը

Եվ հերթականությունն ունի:

Նույնիսկ տարիներն են հերթով գալիս

Ու հերթականությամբ անցնում:

Այ, օրինակ, 2020-ին փոխարինեց 2021-ը,

Իսկ 2021-ին,

Հենց այսօր,

Փոխարինելու եկավ 2022-ը:

Բայց, այնուամենայնիվ,

Անփոփոխ մնաց

2020-ի աշնանային ցավը:

 

Եվ արդյո՞ք

Ամեն ինչ է

Ենթակա փոփոխման:

 

Բայց, եթե կարելի է,

Մի՛ փոխեք գոնե կողմնորոշիչները,

Որ հանկարծ չկորցնենք

Տե՛ղը հայրենիքի:

01.01.2022 թ. (ժ. 14:35)

Ստեփանակերտ

 

ՇՈՒՇԻ

Շուշին նորից մնաց գերի:

Մեր մտքի մեջ,

Մեր աչքերի՝

Պատկերն է հար պահպանվելու

Ղազանչեցոց եկեղեցու:

 

Բավ է՝ ինչքան հույսս աղեմ,

Շուշի,

Հայո’ց Երուսաղեմ,

Դու հար պիտի լինես մեզ հետ,

Հայոցն էիր՝

Հա՜յ ես հավետ:

06.01.2022,

09.03.2022

Ստեփանակերտ

 

ԾՈՒՂԱԿ

…Ու թշնամին սողաց առաջ։

Լեռներն իրար նեղ արեցին

Եվ ոսոխին… տեղ արեցին։

Ու բացեցին երախն իրենց՝

Անդնդախոր ձորերը մեր,

Որ խոր խորվի ոսոխը նեռ։

08.10.2021 թ. (ժ. 0:21)

Ստեփանակերտ

 

ՀՊԱՐՏ ԵՄ…

Հայասեր ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հիշատակին

Հպարտ եմ, որ

Չեմ երկնչել,

Չեմ խոնարհվել

Ոսոխի դեմ:

 

Խոնարհվել եմ

Ես մայր հողի՛ն՝

Իմ ընկնելու

Պահի՜ն միայն:

29.10.2021 թ.

Ստեփանակերտ

 

ԱՆԹԱՐԹ ՀԱՅԱՑՔՈՎ…

Եղբորս՝ Անդրանիկ Գրիգորյանին,

Որդուս՝ Անդրանիկ Գրիգորյանին…

Անթարթ հայացքով նայում են իրար,

Մեկը՝ նկարից,

Մեկը՝ նկարին,

Երկուսն էլ եկած նույն պատերազմից՝

Երեսուն տարվա հեռավորությամբ։

 

Երկուսն էլ սակայն անունով են նույն,

Նույն ազգանունը երկուսն էլ ունեն։

Այդ պատմությունը երկար է, բայց ո՛չ

Ապրած օրերի թվերի հանգույն,

Ո՛չ տարիների քանակով անշուշտ,

Այլ ճակատագրով,

Հերոսական նո՜ւյն կենսագրությամբ։

 

Նման են իրար՝

Զինվորյալի նո՜ւյն վարքով ու բարքով,

Եվ նո՜ւյն տքնությամբ։

 

Մե՛կ ճակատագիր

Ու մե՜կ երազանք`

Բզկտված երկրի տեսլակա՜ն փրկված…

 

…Գերեզմանին էր տեսության եկել

Զոհված հորեղբոր։

Իսկ սպասումը՝ անհանգիստ հուշում՝

Չուշանա՛,

Գնա՛…

…Առջևում՝ դեռ նո’ր մարտեր սպասվող։

27.05.2022 թ. (ժ. 00:57)

Ստեփանակերտ

 

ԽԱՌՆՎԵԼ ԵՆ…

Խառնվել են այնպես իրար՝

Հարցեր, պատասխաններ,

Ո՞րն է ճիշտը, ո՞րը՝ սխալ,

Չգիտես՝ ինչ անել:

 

Մենք անիվը մեր պատմության

Անվերջ ետ ենք տալիս,

Ե՛վ դոփում ենք անվերջ տեղում,

Ե՛վ խելքի չենք գալիս:

25.02.2022 թ.

23.03.2022 թ. Ստեփանակերտ

 

ԻՍԿ ԵՍ ՊԱՐՏՎԱԾ ԷԻ…

Իսկ ես պարտված էի:

 

Ես ստիպվա՛ծ էի

Հանդուրժել քեզպեսին,

Թեև չէիր հասնի

Նույնիսկ դու իմ… կեսին:

 

Ու ես,

Տապալվածս,

Հանձնվեցի գերի:

 

Հանձնվեցի՝

Հաստատ համոզմունքով,

Վճռով՝

Ինչ էլ լինի՝

Կրկի՛ն

Կանգնել ոտքի:

21.04.2022 թ. (ժ. 1:01)

Ստեփանակերտ

 

ՄԱՐԴ ԿԱ՞… ԳՈՆԵ ՄԵԿՆՈՒՄԵ՜ԿԸ

(Շրջափակում, օր 32-րդ)

Եվ որովհետև

ոչինչ չկա այլևս ասելու,

ուզում եմ կրկնել,

նորից ու նորից,

բոլոր-բոլոր բառերը չհասկացված,

գուցե արթնանա հանկարծ

մարդը… մարդու մեջ։

 

…Ես դեռ հավատում եմ

հրաշքներին։

13.01.2023 թ. (ժ. 1:53)

Երևան, Շենգավիթ

 

ՉՏԵՍՆԵԻ…

(Շրջափակում, օր 37-րդ)

Նմանություն

Չտեսնեի, մեր երդի ծո՛ւխ,

Քեզ կտրված չտեսնեի…

   Համո ՍԱՀՅԱՆ

Չտեսնեի, իմ լո՛ւյս քաղաք,

Քեզ գազազուրկ չտեսնեի։

Ա՜խ, էլեկտրասյունդ ծնկած,

Մութդ, ցուրտդ չտեսնեի։

 

Չտեսնեի Հայաստանից

Արցախ մտնող ճամփադ փակված,

Եվ Բերձորյան միջանցքն այսպես

Թուրքով լցված չտեսնեի։

 

Ա՜խ, բյուր ցավի միջով անցած,

Արցախական ոգով տոկուն

Մարդկանց` հազար մի դավ տեսած,

Ես ընկճված չտեսնեի։

 

Հաղթահարենք ամեն փորձանք,

Մնանք տերը մեր դպրոցի,

Մեր տան, այգու… Փշրանք-փշրանք՝

Թուրքին տրված չտեսնեի։

 

Ամրացնենք ու ամրոցվենք,

Մե՜նք կենդանի սահման դառնանք,

Թշնամու դեմ դուռդ գոցենք,

Արցախ, քեզ բաց չտեսնեի։

 

Գայի, իմ տո’ւն, ծունր իջնեի,

Համբուրեի որմդ սառած…

Ա՜խ, գերեզմանն իմ պապերի

Ջարդած-փշրած չտեսնեի։

 

Վիրավո՜րս, գոտեպնդվիր,

Ոտքի՛ ելիր ոգով տոկուն,

Վերջին ո՛ւժը քո ժողովիր…

Ա՜խ, քեզ հաղթվա՜ծ չտեսնեի։

17.01.2023 թ. (ժ. 21:45)

Երևան, Շենգավիթ

 

ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՍ…

Չե՛մ կարող հանգիստ, անվրդով մնալ,

Ո՛չ ձևացնել,

Ոչ էլ ձևանա՜լ:

Հանգստությունս այնպես է կորել,

Ասես՝ չի՛ եղել:

 

Անտարբեր մնա՞լ,

Եվ կամ՝ ձևանա՞լ:

 

Ո՛չ,

Հանգիստ քնել ևս չեմ կարող,

Եվ ոչ էլ` հանգիստ քնից արթնանալ:

 

Չեմ կարող արդեն հանգիստ ձևանալ՝

Հանգստությունս կորել է անդա՛րձ:

Հանգստությունս դավաճանել է՝

Չեմ կարող փնտրել,

Չեմ կարող գտնել:

Քեզ անարգանքի

Սյունին գամելու համար եմ փնտրում,

Դավաճանությո՜ւն:

Փնտրում… չե՜մ գտնում:

 

…Չե՛մ կարող… մնալ,

Չե՛մ կարող… գնալ:

25.03.2021 թ. (ժ. 1:45),

06.09.2021 թ. (ժ. 22:50)

Երևան – Ստեփանակերտ

 

ՄԱՔՈՒՐ ԵՐԵՍՈՎ…

Աշխարհը` ուղտի ականջում քնած՝

Աշխարհը քնած` այդպես էլ մնաց:

 

Թուրքը երեսը նրա կեղտոտեց,

Կեղտոտ քամակն էլ պաչե՛լ ստիպեց:

 

Կեղտոտ քամակը չուզեցի՞ր պաչել՝

Շունն ինքն էր, բայց քե՛զ ստիպեց հաչել:

 

Աշխարհ, ուշքի՛ եկ, մի՛ մնա քնած,

Բացի՛ր աչքերիդ կոպերը հոգնած:

 

Մաքուր երեսո՛վ մարդամեջ գնա,

Մի՛ թող՝ ծաղրի քեզ թուրքը անլվա:

24.03.2021 թ. (ժ. 3:14)

Երևան, Ավան, Ծարավ աղբյուր

 

ՄԻԱՅՆ՝ ԱՌԱ՛Ջ ՆԱՅԵԼ…

Միայն՝ առա՛ջ նայել,

Միայն՝ առա՛ջ գնալ,

Ետ չնայե՛լ երբեք,

Ետ չմնա՛լ….

 

Ինչ եղել է՝ եղավ,

Ինչ կլինի՝ կգա:

31.01.2022 թ. (ժ. 14:40)

Ստեփանակերտ

Տարածել

Պատասխանել