«Դարձել է հոգիս մի զանգակատուն…»

0

«Արցախականչ». այսպես  է կոչվում անվանի  բանաստեղծ Արմեն  Հովհաննիսյանի վերջերս  լույս  տեսած ժողովածուն։ Ներկայացված  գործերի   գերակշիռ  մասը    մի  քանի  տարի  առաջ   երկրային կյանքին  հրաժեշտ  տված  պոետի  անտիպ գործերն են։ Ժողովածուն  կազմել ու  հրատարակել է բանաստեղծի Լիլիթ  դուստրը։

Գիրքն   իր  ասելիքով  յուրատեսակ  շարունակությունն է բանաստեղծի  տասնյակ  ժողովածուների և ընթերցողի հետ  տասնամյակներ  առաջ  սկսած զրույցի։ Եվ կրկին մեկտեղված հեղինակի  ու  ընթերցողի հայացքներով  տողը  բացում  իր  լայնահուն  թևերը՝ ոգեղեն լիցքի խորունկ ավազանով։

Արմեն  Հովհաննիսյանի տողն ազատում  է հոգիդ  կոշտանալուց, այն հնչերանգով մեղմ է, մեղեդային, բայց՝  ներքին  այրմամբ  ու  պիրկ  ջղերով։

Եվ նրա  պոեզիայում  ինքնասուզանքի ներդաշնակությամբ  թեև սեփական  ես-ի  հետ  անհաշտությունը  չի  նահանջում,  սակայն  երկխոսության   հրաշքն  անխուսափ  է, ավելին,   առանց  այդ  ամենի    ինքնության  անսահմանությունը տեղի  կտա՝  ասելիքը  զրկելով  կենարար ազատությունից։

Արցախականչը  ներկա  է  Արմեն  Հովհաննիսյանի  բոլոր  ստեղծագործություններում և զարմանալի  չէ, որ նոր   ժողովածուում շատ  են այն  բանաստեղծությունները,  որոնք այնքան  համահունչ  են  մեր  դառնահամ  օրերին։

Մի  մեծ  սպասումով, անշուշտ,  դրանք ժամանակին  հրապարակ  չի  հանել, որ  տողի  դառնությունը  մնա  միայն տողին, որ  հայրենիքի  ճակատագրի  հանդեպ  իր մտահոգության  մռայլությունը տեղի  տա   աներեր խաղաղությանը։

Ժամանակին  շատերը  թյուր  կարծիք  ունեին  նոր  պատերազմի  վտանգի մասին,  սակայն  բանաստեղծի  հոգին զգում  էր  վերահաս  վտանգը։ Բայց  թող  չթվա,   թե՝  մոմակալների  հալոցքի  մեջ անգամ   ցավի  արցունք  տեսնող  բանաստեղծը  միմիայն հուսահատ  բանաստեղծական  տեսիլքներ  ուներ։ Նրա պոեզիայում տխրության, տվայտանքի  մութ անձավներն  անգամ  ապրեցնող խոսքի բավիղներ ունեն ։

Իրականության  ու  ներքնատեսության  չանտեսումը  նրան  մղել  է միշտ  իրեն պահել  իր  տողի  հանդեպ անկեղծության  դիրքերում։ Ինքն իրեն   չեղծելը սոսկ պոետիկ  հավատամք  չէր,  այլ նաև անհատի   կենսադիրք։

Բանաստեղծի  հետ  2015-ին կայացած  հարցազրույցը, համոզված  եմ, կլինի  ի  լրումն   ասվածի։

  –Պարոն Հովհաննիսյանժամանակըսոսկժամանակ  չէ  բանաստեղծի  համարայլ  պոետական  ներշնչանք՝ բարձունքներով  ու  անդունդներով։ Ի՞նչ  եք  ուզում  պահ  տալ այդ   խուսափուկ  ու  անհնազանդ   ներշնչանքին։   

-Կա  իսպանացի  մի  շատ  տաղանդավոր  բանաստեղծ՝ Խորխե  Գիլյեն  անունով, ումից ես որոշ  բանստեղծություններ  եմ  թարգմանել և  տպագրել։ Իր  ամբողջ  կյանքում  Գիլյենը   գրեց» Երգասացություն»  գիրքը,  ընդլայնեց  այն, լրացնելով  նոր  բանաստեղծություններով, բայց  պահպանելով աշխարհի ընկալման  իրեն  հատուկ խանդավառությունը։

Նա,  կարելի  է ասել, հեղինակ  է մի վիթխարի  ստեղծագործության՝ միավորված մի  ընդհանուր, անփոփոխ զգացումով։ Նման  մի  մեծության  վկայակոչումով  ուզում  եմ  ասել, որ ես էլ գրեթե աշխատել  եմ մի գրքի  վրա  իմ  ամբողջ  կյանքում։ Տասնյակ  գրքեր  եմ  հրատարակել  և  դրանք ունեն  իրենց  անունները։ Բայց  ես  տարեցտարի ու  մտովի  հարստացնում  էի  մի  գիրք,  որ հրատարկվել  է «Ապաշխարան»  խորագրով։ Սա  է իմ կյանքի  գիրքը, որը  բոլոր  տարիների  և  բոլոր  այդ  տարիներին  հրատարակած գրքերի՝ իմ  կարծիքով՝ հաջողված  բանաստեղծությունների  փունջն  է։ Ստացվում  է, որ  ես էլ  ակամա,  հետևել  եմ  մինչ  այդ  ինձ  անհայտ  Գիլյենին։ Նրա «Երգասացությունը»  գրականագետները  համեմատել  են «ծառի հասակի  հետ, որն անշարժ  մնալով՝ լայնանում է, ամրանում, բարձրության  հասնում  իր  ճյուղերով, տալիս  ավելի  շատ  ստվեր՝ ուրախությամբ  համակելով ավելի  լայն  տարածքներ  իր  շուրջը»։

Ուրեմնկարող  ենք  ասելոր  Ձեր բանաստեղծություններից  յուրաքանչյուրը  արար  է այն  մեծ  տեսարանիորը  կոչվում  է ապաշխարանասել  է թե՝ մենաներկայացում։ Հաճախ  տողերը տխուր,  թախծոտ ափեր  են  տանում՝ մենության,  անձկության  շեշտերով։ Ինչպե՞ս  կկոչեք  ձեր  ապրումն  ու  խոհըև,  արդյոքդրանք  անուն  ունե՞ն։

-Բանաստեղծի ոչ  միայն  կյանքը, այլև  ամբողջ ստեղծագործությունը  մի  մեծ  տեսարան է, մի ողջ  ներկայացում։ Այո,  իմ  ապրումն  ու  խոհը անուն  ունեն, ինչպես  կուզեք՝  անվանեք. հայրենիք, սեր, պատրանք, բեկված  ճակատագիր  ու հույս, չիրականացված  իղձերի  բեկորներ։

Ի վերջո, կյանքը   տոնախմբություն  չէ, այն  իր  ընդերքում  ողբերգական  շեշտեր  ունի, որոնք  արտահայտվում են  ամեն  մի  ճշմարիտ  բանաստեղծի  ստեղծագործություններում,  եթե դրանք  անարյուն  ու  անշունչ հորինվածքներ  չեն։

Դուք ճանաչված  ու սիրված   բանաստեղծ եքունեք  գրական  պատվանուն  վաստակ և ստեղծագործել եք  երկու հասարակարգերում։ Եթե  պայմանականորեն  բաժանենք  այդ  երկու հատվածներըանկախ  ժամանակներիցի՞նչ  սկզբունքներ  ու  կանգառներ  կնշեիք,  որոնք կարևոր  դեր  են  խաղացել  Ձեր՝ մարդու  և արվեստագետի կենսագրությունում։  

-Ես  չգիտեմ, թե  որքանով  եմ  սիրված ու ճանաչված որպես բանաստեղծ, ունե՞մ, արդյոք, նման գրական  վաստակ, քանզի  միշտ  խուսափել  եմ ինքնագովեստից։  Գալով իմ ապրած  ժամանակներին, թեև դժվարին  ու  բարդ  էին, բայց  բոլոր  ժամանակներում էլ  ձգտել  եմ  ճիշտ  ապրել,  և ճշմարիտ  ստեղծագործության  համար  հաստատուն սկզբունք ունենալ։ Բանաստեղծությունը, մարդկային  հոգու   արտահայտության  այդ  վսեմագույն  ձևը, կեղծիք  չի  հանդուրժում  և… սպանիչ  է անբնական, ոչ  անմիջական ու  տաք  զգացումը  չարտահայտող  տողը։

 –Յուրաքանչյուր  պոետորքան  էլ  ներհակ  լինեն  ներշնչանքի  ծիրերը,  իր ստեղծագործություններով  արարում  է  հայրենիքի  իր  կերպարը՝ իրական  ու  երազային։ Դուք,  որպես  բանաստեղծ և՜ հոգևոր  ժառանգորդն  եք մեր  ժողովրդի  տիեզերական մշակույթի,  և՜ կրողը  բազմադարյա  ցավի։ Ձեր  բանաստեղծական կենսակերպը,  դիրքորոշումն  այդ  երկուսի  միջև։

-Իրոք, ես էլ՝ որպես  հոգևոր  ժառանգորդ, ապրում եմ այդ  ցավով՝ իր  ամբողջ նախնական  խորությամբ  և  իմաստով։ Այնտեղ՝  ուր  խաղն  է,  խաղի  մեջ  չկամ , այնտեղ, ուր ցավն է,  ցավի  մեջ  եմ ես։ Ով շատ թե  քիչ,  ծանոթ  է իմ  գործերին, չի  կասկածի իմ խոսքի հավաստիությանն ու  ապրելակերպին։

Գրականությունն  անեզրանվախճան  լինելով   հանդերձ՝ ամեն հանգույցում  նոր հոսանքներ  է առնում  իր  մեջ։ Ինչպիսի՞ն  է  Ձեր  կարծիքը  նոր  ուղղությունների  նկատմամբ,  և,  Դուք՝  որպես  ավագ սերնդի  ներկայացուցիչո՞րն  եք  համարում   հայ  պոեզիայի   զարգացման  ուղղությունը։

-Գրականությունը  միշտ էլ բազմազան, բազմաբնույթ ուղղություններ ու  հոսանքներ  է ունեցել, բայց  ինչպես  պարզկա    գետերին գարնանը  հեղեղներ  են  խառնվում  և  իրենց հորձանքի  մեջ  հետզհետե  զուլալվում  ու  պարզվում են, այդպես  էլ  գրականությունը, հատկապես՝ պոեզիան։  Գրականությունը  ինքն է ընտրում իր զարգացման  ուղղությունը։ Մեր պոեզիային   ոմանք փորձում են օտար  հանդերձներ  շուլալել, որը մերը  չէ։ Պատկերավոր  ասած՝ մեր  դերձակը  մեզնից պետք  է  սերվի։

 –Պարոն  Հովհաննիսյանուզում եմ  Ձեզ  ուղղել  մի  հարցորը  երևի թե,  պիտի հնչեր  զրույցի  սկզբում։ Բայց ամեն  սկիզբ  ինչ- որ տեղ  ավարտ  է,  և ամեն  ավարտ  էլ՝  նախադուռ՝ նորի  համար։ Հիշո՞ւմ եք  Ձեր  առաջին  բանաստեղծությունըորից  ակունքվեց  Ձեր  գրական  վաստակը։  

-Ես  շատ  լավ  եմ  հիշում  իմ  առաջին  բանաստեղծությունը, որովհետև  ոչ  մի  ծնող  չի  կարող  մոռանալ  իր  առաջնեկին։ Դա  սկիզբն է  իմ լինելության։ Այդ  երանելի սկիզբը՝ միամիտ, սակայն անկեղծ անմիջականությամբ  գրվել է վեց  տասնամյակ  առաջ՝ սիրելիի ձեռագործ  թաշկինակի  մասին…

 

Նվարդ  Ալեքսանյան

Տարածել

Պատասխանել