87-ամյա հեղինակը՝ Գրողների միության անդամ

0

Այսօր՝ հունիսի 16-ին, Արցախի Գրողների միության մի խումբ անդամներ՝ Գրողների միության նախագահ Նորեկ Գասպարյանի գլխավորությամբ, այցելել և ԳՄ անդամատոմս են հանձնել «Անմահ պատանի», «Կարմիրավան», «Գերդաստանի ճակատագիրը», «Մորս վիշտն ու տառապանքները» և մի շարք այլ գրքերի հեղինակ Ալեքսանդր Հասրաթյանին: Նա Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ Իգոր Հասրաթյանի հայրն է: Հերոսաբար զոհված Իգորը նույնպես ստեղծագործում էր: «Իգորը մանկուց առանձնանում էր ուսման նկատմամբ մեծ հետաքրքրությամբ, գաղափարակիր էր, սկզբունքային: Որդուս մասին է իմ «Անմահ պատանի» գիրքը»,-պատմում է 87-ամյա գրողը: Այն հարցին, թե ո՞րն է իր հիմնական ասելիքը, Ալ. Հասրաթյանն առանց երկմտելու կարևորում է. «Աշխարհքը կառուցողը, հարստացնողը մարդն է, քանդողն էլ է մարդը: Սա էր իմ ասելիքը»: Արցախի գրողների միության նախագահ Նորեկ Գասպարյանը վերհիշում է. «Ալեքսանդր Հասրաթյանին ճանաչել եմ, երբ ձեռքիս հայտնվեց Իգոր Հասրաթյանի ձեռագիր գիրքը: Իգորն ուսանող էր: Ինչքան կարդում էի, այնքան համոզվում էի, որ գործ ունեմ հանճարեղ մի երիտասարդի հետ: Գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի հետ միասին և որոշ դասախոսների աջակցությամբ մեզ հաջողվեց տպագրել գիրքը: Այդ ընթացքում ավելի լավ ճանաչեցի Ալեքսանդր Հասրաթյանին՝ հրաշալի մտավորականին, տուն ու տեղ կորցրած, բայց երբեք չհուսահատված մարդուն: Ես չգիտեի, որ ինքը ստեղծագործում է: Տարիներ անց ինձ նվիրեց իր հեղինակային գիրքը: Այդպես երկրորդը, երրորդը, չորրորդը: Չեմ երկմտի ասել, յուրատիպ ոճով մի ամբողջ սերնդի պատմություն է նա ներկայացրել, թե ինչպես են թողել իրենց օջախները՝ Կոռնիձորից սկսած, Բաքու, Մարտակերտ, վերջում Ստեփանակերտ տեղափոխվելով: Կարծում եմ, բոլոր նրանք, ովքեր հետագայում փորձելու են ուսումնասիրել մեր պատմությունը, անպայման արժեքավոր տեղեկություններ գտնելու են Ալ. Հասրաթյանի գրքերում»: Արցախի գրողների միության անդամ Նվարդ Ալեքսանյանը գնահատանքի իր խոսքն է ասում. «Ալեքսանդր Հասրաթյանը մեր հանրության ակտիվ անդամ է, մարդ, ով անցել է բազում փորձությունների միջով: Հայրը, պայծառ պահելով որդու հիշատակը, ձգտել է անել ամեն ինչ, որ արցախցի մտավորականի ձայնը լսելի լինի: Ես նրան միշտ տեսել եմ տարբեր միջոցառումներում ելույթներ ունենալիս: Նա միշտ հանրությանը ասելու ջերմ խոսք ուներ, ինչն իր հոգու պայծառությունից է բխում: Այսօր մեծ ուրախությամբ եկել եմ որպես Արցախի գրողների միության արժանավոր անդամ անդամատոմսի հանձնման արարողությանը մասնակցելու: Բոլորս պետք է նրան որպես լավ օրինակ դիտենք, քանի որ ապրում է այս օրով, բայց միշտ հայացք ունի դեպի մեր երկրի ապագան»:

Գայանե Գևորգյան

Տարածել

Պատասխանել