…Որ Արցախի ձայնը բարձր հնչի («Եղիցի լույսի» հատուկ թղթակից Շուշան Անտոնյանի հարցազրույցը ճանաչված բանաստեղծ, հայրենյաց պաշտպան Դավիթ Շիրինյանի հետ)

0

«Ձայն Արցախական»-ը երկրորդ տարեգիրքն է /առաջինը՝ «Արցախ, դաժան սեր»/, որը լույս է տեսնում Համազգային հայ կրթական և մշակութային միության Նյու-Յորքի մասնաճյուղի հովանավորությամբ՝ անվանի գրող Հրանդ Մարգարյանի նախաձեռնոությամբ: Ասել է թե՝ կա արդյունավետ համագործակցություն Արցախի ԳՄ հետ: Ինչպե՞ս եք գնահատում այդ գրքի գեղարվեստական ու գաղափարական արժեքը, երեւույթն ընդհանրապես:
– Չեմ հասկանում նրանց, ովքեր ասում են, թե տպագրվելն իրենց համար կարևոր չէ, թե իրենք իրենց համար են գրում: Դա նման է երեխայի, Մտքում թաքնվելե խաղին. տղա՞ ես՝ գտիր:
Այսօր գիրք տպագրելն այնքան էլ էժան հաճույք չէ, և եթե կան մարդիկ, ովքեր այդ հարցում մեզ հետ են ու մեր կողքին, ովքեր ջանում են, որ Արցախի ձայնը բարձր հնչի, ապա հպարտանալ ու հիանալ միայն կարելի է: Ես, լինելով երկու տարեգրքերում էլ, երախտապարտ եմ Համազգային հայ կրթական և մշակութային միության Նյու-Յորքի մասնաճյուղին և Հ. Մարգարյանին՝ մասնավորապես:
Յուրաքանչյուր գրող ու յուրաքանչյուր գործ անկրկնելի է, ընթերցողն է որոշում՝ ում ստեղծագործությունը սիրի և որքան սիրի: Ամեն ծաղկի մեջ էլ նեկտար կա:
Գեղարվեստական զարգացումն ու գեղագիտական դաստիարակությունը հայի համար օդի պես անհրաժեշտ է: «Ձայն Արցախական»-ը, ինչպես նաև «Արցախ, դաժան սերը». այդ օդն են, որ մենք՝ Արցախի գրողներս ենք հագեցրել թթվածնով: Առանց այս երկու գրքերի արցախյան գրականությունը մի քիչ մերկ ու անգույն կլիներ…
Տարեգիրքը նախատեսված էր Արցախում ապրող և ստեղծագործող գրողների գործերի տպագրության համար, բայց կազմողները նպատակահարմար են գտել ժողովածուն համեմել նաև համահայկական ճանաչում ունեցող երկու-երեք գրողերի հանրահայտ ստեղծագործություններով: Իհարկե, «Նրանք մեզ հետ են» բաժնում տեղ է տրվել նաև Կոմիտաս Հակոբյանին և Հայասեր Հովսեփյանին, ովքեր զոհվել են արցախյան առաջին եւ երրորդ պատերազմներում: Ինչպես եք գնահատում երևույթը: Ինչպիսի՞ն են Ձեր` դիտարկումները:
– Համեմել բառն արդեն ամեն ինչ ասում է: Համահայկական ճանաչում ունեցող հեղինակի հետ նույն գրքում տպագրված լինելը շատերի համար է հաճելի, այդպես, մի տեսակ, հավասարվում ես նրանց: Խնդիրը լավ կամ վատ գրելու մեջ չէ, այլ ընթերցողների լայն հարթակի, որի համար էլ հենց ծառայում է «Ձայն Արցախական»-ը:
Կոմիտասն ու Հայասերը մեզ հետ են ու մեր մեջ, թերևս առնվազն այս սերնդի համար: Առանց նրանց ընթերցողը մեզ չի հասկանա: Մենք մեզ չենք հասկանա: Սա է ճշմարիտ ընկալումը:
Արցախում ստեղծվող արձակը և պոեզիան, Ձեր կարծիքով, ի՞նչ տեղ ունեն այսօրվա ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ գրական դաշտում:
-Արցախում ստեղծված ամեն ինչն էլ համահայկականի մեջ է, միգուցե ոչնչով ոչ ավել, ոչ պակաս, բայց ես ինձ թույլ եմ տալիս այն որակել ակունքից վերցված: Թող լինի ցավի ակունքից կամ, ասենք, ըմբոստության: Էական չէ:
Պարոն Շիրինյան, որպես արցախյան բոլոր պատերազմների մասմակից, Դուք իսկապես հերոսական մարտական ուղի եք անցել, ինչպե՞ս եք գնահատում գրքի՝ գրականության, դպրության դերը հայ զինվորի հայեցի դաստիարակության եւ ազգային ոգու ամրապնդման գործում:
– Ազգային զարթոնքը հենց գրքից ու գրողից էլ սկսվեց: Չմոռանանք, թե Ստեփանակերտում բազմությունն ինչպես էր ծարավել Վ. Հակոբյանի, Գ. Գաբրիելյանի, Հ. Բեգլարյանի ու էլի շատերի խոսքին (ես այդ ժամանակ դպրոցական էի, իմ զենքն էլ դասադուլը եղավ): Այդ խոսքն է, որ հավատ ներշնչեց ողջ ազգին, այդ խոսքով ելանք մարտի ու…հաղթեցինք: Ցավոք, հետո ամեն ինչ չէ, որ ճիշտ հունով գնաց կամ տարանք: Մենք իրար հետևից սայթաքեցինք, ինքներս մեզ լուսանցք շպրտեցինք, ոմանց «անկյուն կանգնեցրինք», ու մեր մեջ փշրվեց շա՜տ կարևոր մի բան: Բայց ոչինչ կորսված չէ: Հայրենիքը մեր պապերից մեզ կտակված գանձ է, և մենք իրավունք չունենք անփույթ վարվել նրա հետ: Սխալը սխալ չէ, եթե շտկվում է:
Մի հարց եւս. դա այն է, ինչ Դուք մտածում եք, բայց մենք չենք գրել, խնդրում ենք պատասխանել:
-Ես շատ հարցերի պատասխանը գիտեմ, մենք շատերս գիտենք: Հստակ գիտենք: Բայց ինչո՞ւ չենք բարձրաձայնում, ինչո՞ւ ենք ժողովրդին խռովեցրել մեզնից, ինչո՞ւ ենք ճգնավորի կեցվածք ընդունել: Մենք ենք մեր երկրի հույսի ու հավատի սյուները, և մենք պարտավոր ենք ամուր լինել: Ես այլ դեղահաբ չգիտեմ…
Շնորհակալություն…
-Ես եմ շնորհակալ:

Տարածել

Պատասխանել