Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին նվիրված գրական-գեղարվեստական ցերեկույթ

0

Սույն թվականի հունվարի 22-ին Արցախի Գրողների միության և Գրիգոր Նարեկացի համալսարանի համատեղ նախաձեռնությամբ համալսարանի Արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական Լուտովիկա և Յակոբ Այլթապլեան կենտրոնում տեղի է ունեցել հայ գրող ու բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին նվիրված գրական-գեղարվեստական ցերեկույթ:
Միջոցառումը հրաշալի առիթ էր հիշելու, գնահատելու հայ մեծ մտավորականին, երախտագիտության ու մեծարանքի խոսքեր հնչեցնելու նրա հասցեին: Բացման խոսքով հանդես եկավ Արցախի ԳՄ վարչության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը, ով ողջունելով ներկաներին, արժևորեց բանաստեղծուհու անցած ճանապարհն ու գրական ժառանգությունը, նաև հետաքրքիր հուշեր պատմեց Կապուտիկյանի մասին: Ապա ելույթներով հանդես եկան բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը` «Կապուտիկյանը և Արցախը» թեմայով, Գրիգոր Նարեկացի համալսարանի «Արեւմտահայերէնի, հայագիտութեան գիտահետազօտական Լուտովիկա եւ Յակոբ Այնթապլեան կեդրոնի» տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանը` «Կնոջ կերպարը Կապուտիկյանի սիրային քնարերգության մեջ» թեմայով, բանաստեղծ, մանկավարժական գիտությունների թեկնածու Արկադի Թովմասյանը` «Կապուտիկյանի մանկական պոեզիան, հոգեբանության մի քանի հարցեր» թեմայով, «Հայրենյաց պաշտպան» թերթի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Ռոբերտ Եսայանը` «Կապուտիկյանի հայրենասիրական քնարերգությունը» թեմայով, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Կիմ Գաբրիելյանը` «Կապուտիկյանի հասարակական գործունեությունը» թեմայով, «Ստեփանակերտ» թերթի գլխավոր խմբագիր, արձակագիր Սոֆյա Սարգսյանը` «Կապուտիկյանն իմ կյանքում: Նրա արձակը», ԱՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը: Ելույթներն ընդմիջվում էին Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծություններով, դրանց հիման վրա գրված երգերով և նրա մասին պատմող հետաքրքիր տեսանյութերով:
Միջոցառումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում:

Տարածել

Պատասխանել