Արիս Արսենի / Մեր հին, հնամյա…

0

Մեր հի՜ն, հնամյա՜, մեր երկի՜ր հայոց,
Չես դառնա երբեք այլևս վայոց:

Չե՜ս անթեղվի էլ մոխիրների տակ,
Չե՜ս եղեռնվի էլ՝ կարմիր թե ճերմակ:

Էլ զոհ չե՜ս գնա նախճիրին վայրի,
Էլ կուլ չե՜ս գնա երախում գայլի:

Ոսոխն էլ հազի՛վ կգա քեզ վրա,-
Ջարդեցի՜նք մարտում մռութը նրա:

…Մեր հի՜ն, հնամյա՜, երկի՜ր մեր հայոց,
Էլ չե՜ս կորչի դու ոտքի տակ այլոց:

ՏԽՈՒՐ ՆՈՐ ՏԱՐԻ
Եղբորս՝ Անդրանիկին
Պատել է սիրտս մի հի՜ն դառնություն ու քե՛ն,
Եկել չոքել է բակում Նոր տարին արդեն:

Եկել՝ չոքել, ուր-որ է՝ դուռս կբախի,
Սամվել տղաս կբացի դուռն առանց վախի:

Եկել՝ չոքել է, սակայն եղբայրս չկա:
Բայց թվում է՝ ուր-որ է, հենց հիմա կգա:

Կգա ու ճիշտ վայրկյանին դուռս կբացի,
Եվ կարոտած տանս հետ կնստի հացի:

Կգա: Սակայն անցնում է վայրկյանը նշված,
Հին է դառնում նոր տարին, տխո՜ւր ու… անցա՛ծ:

Ու չի գալիս եղբայրս, դառնությո՜ւն է ծով:
Լուռ անցնո՜ւմ են օրերս՝ տխուր ու մոլոր:

Լուռ անցնո՜ւմ են օրերս… Սիրտս ցա՛վ է զուր,
Ուրախանալ չի՝ թողնում տխրությունս լուռ:

ՊԱՏԳԱՄ ՀԱՅՐԱԿԱՆ
Սամվել որդուս
Այրվում է այտս՝ քո տղայական համբույրից այս
տաք,
Ողջագուրման պահն անցած է, իսկ ես՝ տխուր
եմ, հպարտ:

Գիտե՛մ սոսկ պիտի չընկրկես, լինես աննահանջ,
արի՛,
Որ ընտրած ուղիդ միշտ կանաչ լինի, միշտ լինի
բարի:

Այսօր սանիկ ես դու վարժարանի, իսկ վաղը՝ զինվո՛ր,
Քո վաղվա օրը իմաստավորիր այստե՛ղ ու այսօ՛ր:

Երբեք մի՛ ցանկա հարթված-տրորված ուղիով քայլել,
Հույսդ դո՛ւ եղիր, դու սովորիր քո՝ ամրությամբ փայլել:

Թույլ չե՛ս եղել դու, գիտե՛մ ես, ոգին քո չի՛
թուլանա,
Բայց այնպես արա՝ քունը քեզ հաղթել չկարողանա՛:

Ամո՛ւր եղիր միշտ, ինչպես պողպատը, որ ինչքան
ծեծվում,
Այնքան ավելի կարծրանում է նա, ու այնքան թրծվում:

Իմաստություն և ուսում ձեռք բեր, ու՝ կկարողանա՛ս,
Դու պարտավո՛ր ես այս թոհուբոհում դիմանալ, տղա՛ս:

Իսկ թե թույլ եղար՝ վատ սովորույթ է գութ
աղերսելը,
Սիրիր քո գործն ու պատի՛վ համարիր զինվոր լինելը:

Մատս՝ ձգանին, կսպասեմ մինչև առնականանաս,
Հերթս կփոխեմ այնժամ, երբ որ դո՛ւ հերթափոխի գաս:

Հայրենյաց պաշտպան զինվորը դառնաս՝
ապավինենք քե՛զ,
Բայց ինչ էլ լինի՝ թշնամու առաջ երբեք չընկրկե՛ս:

Եվ հիշի՛ր քո քաջ հորեղբոր կամքը ու ոգին տոկուն,
Որ ոսոխի դեմ երբեք չծնկեց, ընկավ թեժ
մարտում:

Գումարի՛ր դու դա քո ոգուն, տղա՛ս, եղի՛ր
աննահանջ,
Հաղթության կանաչ ճանապարհներով քայլի՛ր
միշտ առաջ:

…Աղոթո՜ւմ եմ ես Աստծո ամեն օր քեզ համար,
տղա՜ս,
Որ այնպես ապրես՝ մահին էլ հաղթե՛լ դու
կարողանաս…

«Եղիցի լույս»
Թիվ 05 (194) 2019

Տարածել

Պատասխանել