Ստեղծագործում են երիտասարդները…

0

 

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ
ՆԵՄՐՈՒԹ

 

* * *

Խարույկի վրա ձեռքեր են տաքացնում և ոչ հոգի,
Բաց թողեք հորիզոնները, արևը մեռնելու սովորություն ունի,
Լուսինը` անվերջ ծնվելու…
Տվեք երկինքը, ամպերից պահանջ ունեմ:
Կամենում եմ դառնալ պահի ազատության մարտիկը:
Ես Կիկերոնը չեմ, բայց կքանդակեմ
ամեն ինչ ամպերի վրա,
Միայն թե ամպերը կեղտոտված չլինեն …

Սիրում եմ երկնքի գույնը,
Այն խոսում է իմ հոգու հետ:

* * *
Չէ …
Սա ամենևին էլ
ճակատագրի թելադրանք չէր,
Ոչ ոք քեզ չի ստիպել պատերազմ
հայտարարել
զույգ-զույգ տասնյակ աչքերի:
Սերը, իհարկե, պատերազմներ շատ է
սիրում,
բայց քո պարագայում այն արդեն թատերաբեմի է վերածվում.
բոլորս մեկի համար սկզբունքը՝
սիրո հետ կապ չունի,
կանգ առ և նայիր ետ…
Վերջապես միշտ չէ, որ Ռուբիկոնն անցնելով
Կեսար ես հռչակվում:
Սերը խաղաքարտերի կանոններով է շարժվում,
այնտեղ հստակ կանոններ չկան
պարզապես լավ խաղացող է պետք,
ազնիվ խաղացող:
Սիրո աչքերն ավելի հզոր են քան մերը
մենք տեսնում ենք այն, ինչը տեսնում են բոլորը,
բայց նրանք
նրանք տեսնում ու զգում են ամեն ինչ,
նույնիսկ այն, ինչը դեռ պիտի լինի:
Հիմա հեռվից նայում եմ քեզ ու խղճում,
հազար սիրող ունես, բայց քեզ
փաթաթված սերը
մի տեսակ կնճռոտ ու ինքնամփոփ է:
Ընտրության համար տեսականիդ մեծ է,
ընտրելու կարողությունդ զրո…
Թեև սերը թվերի չեն վերածում:
Սերն իր տեսակով բազմազանություն չի սիրում
բազմազանությունը գրեթե կրկնողություն է,
իսկ կրկնված սերը հաճախ է հանդերձանքը փոխում:

Չէ…
Սա ամենևին էլ
ճակատագրի թելադրանք չէր.
ճակատագիր ասվածը վաղուց հոգնել է
քեզ ճանապարհ բացելուց…

 

 

Անգելինա  ԱՌՍՏԱՄՅԱՆ

 

 

***
Ամենուրեք պատերազմ է.
Մեկը հողի կռիվ է տալիս,
մյուսը՝ փողի,
թագավորական ջարդված աթոռի:
Անվերջ պատերազմ,
պայթյուն,
արյան հեղեղ…
Աշխարհ, թույլ տուր ապրենք.
ստվերում անմեղ
երեխա է լալիս:

***
Կզարմացնե՞մ քեզ,
եթե խոստովանեմ,
որ սիրում եմ աշունը:
Ես այնպիսի
անհամբերությամբ եմ
սպասում աշնանը,
որ կարող եմ զոհաբերել
մնացած բոլոր եղանակները:
Ու ամեն աշնան ես ծաղկում եմ յուրովի:

***
Նայում եմ հորիզոնին,
ու բառերը չեն հերիքում…
քամուց քշված եմ,
երկնքից՝ հեռու:
Տե՛ս հոգիս ցավում է:
Այնտեղը, որ դու կտրեցիր
սպին սիրեց անմնացորդ:

***
Վայրկյանները գլորվում են:
Ու գողանում մեզնից կյանք
կոչվածը,
որի ետևից արագ վազում
ենք մենք:
Ամեն վայրկյանը ծնունդ ու
մահ,
հանդիպում ու բաժանում,
ամեն վայրկյանը մի
գաղտնիք,
ժպիտ ու լաց:
Վայրկյանը՝ կյանք:

 

 

Նանար ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

Մեր քաջ Մոնթեն
Մոնթեն մեր քաջարի
Ահեղ դաս տվեց դաժան թշնամուն,
Մեր նենգ թշնամուն, որ որոշել էր
Արցախը դարձնել ազերական բույն:
Նա եկավ ասաց` մահ չկա հային
Սպանել չի լինի մեր ազգի ոգին,
Կռվեց մինչև մահ, հաղթեց թշնամուն,
Պատմության համար թողեց մեծ անուն:
Վկա է Աստված, ազգիս մահ չկա,
Այս կռվից էլ նա պատվով դուրս կգա,
Պատմության էջը չենք գոցի երբեք,
Նոր հաղթանակով մատյան կծաղկենք:

***
Ուզում եմ գրկել քեզ,
բայց համեստորեն հետ եմ քաշվում,
որ չնեղացնեմ ինձ,
որ հետո չքննարկվեմ ու չնմանվեմ այն տակառին, որ ի ծնե արբած է,
բայց այնքա՜ն երջանիկ…
Ուզում եմ լինել համակարգիչդ, որ մխրճվես ներսս ու չնկատես էլ,
թե ինչ ներկով է շպարված ժպիտս:
Կոստյումդ, որ մանրակրկիտ հարթուկված է,
ուզում է ճմրթվել ու դեն նետվել,
Իսկ դու պատյանի մեջ շարունակում ես ձևանալ…
ու ինձ հաճելի է…
Ես սուրճ չեմ սիրում,
բայց իմ խմած սուրճերի մեջ դա ամենալավն էր…
Ես ծիծաղում եմ,
Դու նույնպես…
Օդը պարում է զարկելով մեկ իմ քթին,
մեկ քո,
Խեղդվում ենք…,
պատուհանն ես բացում, որ օդը սիրտ մտնի,
իսկ մենք անօդ էլ կարող ենք շնչել,
Ոչ, քեզ չեմ կարոտում…,
Կարոտը դանդաղ մահ է,
Իսկ ես վաղուց եմ մահացած:

 

 

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

ՍՏՎԵՐՎԱԾ ՍԼԱՔ
Լույսը գամվում է
Ստվերված հույսիս
Եվ ժամացույցի սլաք է դառնում,
Աչքերիս առաջ դառնությամբ մի սին,
Անշարժանում է կյանքը, վերանում:

Բայց քամին նորից փորձում է լռել,
Այնքան լռել, որ հույսս ձայն հանի,
Դժգոհեմ պիտի, պետք է
ապստամբել
անտուն ու լռված այս կենսաժամին:

Ամեն ծառի պես՝ ամայի, հատված,
Լվանում եմ դառն արցունքներս ու
Նայում հեռավոր բարդուն, ուր բեկված
Լույսը թրջվում է անուրջներիս մեջ:

ԽՃԱՆԿԱՐ

Աչքերիս թախիծը
Հոգուդ խառնվել ու երգերիդ մեջ
Լռած ժպտում է:
Ամեն մի խոսքդ բուրում է կարծես,
Բայց երազների կանչով գունեղեն
Զարդարվում ես դու իմ աչքերի մեջ:
Կարծես խոսքերս շատերի համար
Պարզ ու հստակ են
Եվ սովորական,
Բայց մտածածս, թղթին գրածս
Շատ են իրական:
Գուցե մտածես, որ աչքերիդ մեջ
Ցոլող ժպիտը
Մի օր կթաքցնես,
Ճամփադ թեքվել է,
Բեկվել կամ լռել իմ ճանապարհին.
Դժվար է գրել հիմա քո մասին:
Դժվար է գրել արդեն սպիացած խոսքերի մասին:
Դժվար է խոսել մեր ջինջ երկնքում
Երկու թռչունի
Երազի մասին:
Գիտես, որ մի օր
Ծառերը բոլոր
Իրենց օրհնանքը
Կտան աշխարհին,
Ու բարին կասեն, բարին կավետեն:
Մերկացած բարդին լուռ արտասվում է
Երանի տալով մյուս ծառերին:
Եվ այդ բարդին է,
Որ շուք է գցել
իմ ճանապարհին,
Որ ես աղաչեմ
Անողոք մարդկանց
Ծառը չհատել…

Ցորենի հասկով օրերս կանգուն,
Հայեցի շունչ են տալիս իմ հոգուն:
Աղավնիներ են ամբո՜ղջ աշխարհում,
Այնքան երազած, այնքան գեղեցիկ…

 

 

Բորիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

***
Տարիքը, որ իր մեջ առել ու պահել, սքողել է ծածուկ
Անթիվ-անհամար հոգսեր ու ցավեր, վիշտ ու կարոտներ,
Սպանել իրենում վախ ու թուլություն,
Սուտ ու ծուլություն, բազում չարիքներ,
Իր մեջ ապրեցրել հույս, հավատ ու սեր,
Ուժ, համբերություն, խիղճ ու բարություն, ծնել բարիքներ,
Վանդակել իր մեջ սրտմաշուկ հուշեր,
Մոխրացրել դաժան, տանջալից օրեր,
Հաճախ և խոցվել,
Ժամանակի մեջ թեկուզ և բովվել,
Բայց մնացել է միշտ անխախտ, աներեր,
Բախվել իր ճամփին անանց պատնեշի, երաշտ ու հողմի,
Ձյան, փոթորիկի ու արհավիրքի,
Երբեմն, ի՜նչ խոսք, նա նույնպես ունի հանգստի կարիք…

Մայրս`դարձած հալվող մի մոմ
Կեսգիշեր էր. աչքերս բացի
Ու մորս տեսա մութ խավարի մեջ:
Գունատված դեմքով կանգնել էր կողքիս
Ու մի այրվող մոմ բռնել ձեռքում մեջ:

Մերթ նայում էր ինձ`արցունքն աչքերին,
Մերթ աչքերն գոցում, սլանում հեռուն.
Արցունքն էր հոսում նրբին այտերին,
Ու մոմը՝ կաթում մաշված ձեռքերին:

Լալիս էր անձայն, որ հոգնած որդին
Իր հեծկլտոցից չզարթնի հանկարծ,
Լալիս էր`դողը պապակ շուրթերին,
Ու հալվող մոմը ձեռքերում սեղմած:

Արցունքը իջնում, խառնվում էր մոմին.
Հոսում էր մոմից ոսկեծիր արցունք.
Կարծես մայրս էր մի կենդանի մոմ,
Հալվում, գնում էր:

«Եղիցի լույս»
Թիվ 05 (194) 2019

Տարածել

Պատասխանել